Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ հունվարի 26-ը առանձնահատուկ օր է։ Այն տոն է սեփական ուժերին վստահելու, ռազմական կանոններին հակառակ հաղթելու հնարավորության մասին, համախմբվածության անպարտելի ուժի մասին։ Այժմ, երբ իրավիճակն ու տրամադրությունները հիմնովին փոխվել ենք, մենք նորից կարիք ունենք սեփական ուժերի հանդեպ հավատ սերմանելու։ Մենք նույնն ենք, ինչ էինք 1992 թվականի հունվարի 26-ին։ Թշնամին էլ նույնն է, ինչ էր՝ 30 տարի առաջ։ Ստեփանակերտի զինվորական պանթեոնում քարիտակցիները հարգանքի տուրք են մատուցում գյուղի ինքնապաշտպանության համար մղված մարտում զոհվածների հիշատակին։ Քարին տակի համայնքապետի պաշտոնակատար Աշոտ Հակոբյանը երանությամբ է հիշում 1992 թվականի հունվարի 26-ը։
«Քարինտակցին ապացուցեց իր անկոտրում կամքը։ Մեծաքանակ ուժերով թշնամին փորձում էր ներխուժել գյուղ, բայց դա նրանց մոտ չստացվեց։ Ընդամենը 40 ավտոմատներով քարինտակցիները կարողացան և՛ պաշտպանվել, և՛ հետ շպրտել, և՛ նույնիսկ արմատական բեկում մտցնել ամբողջ պատերազմի մեջ, քանի որ Արցախի Հանրապետության մնացած վայրերում տեղի ունեցած մարտերի հաղթանակները սկսեցին հենց Քարին տակից։ Ցավոք սրտի մենք ունեցանք զոհեր, բայց նրանց արյան գնով պահված հողը կանգուն մնաց»։
Քարին տակի ինքնապաշտպանական մարտը ճակատագրական էր ամբողջ Արցախի համար։ Այն տապալել է ադրբեջանցիների Քարին տակը վերցնելու կայծակնային պլանը՝ համոզված է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։ Եթե գյուղն ընկներ, առաջին պատերազմն էլ 44-օրյա պատերազմի սցենարը կունենար՝ ասում է։
«Այդ օրը ջախջախվեց թշնամու ողնաշարը և սև բիծ դրվեց իրենց բանակի վրա և ադրբեջանցիներն էլ գյուղն անվանեցին «արյունոտ ձոր»։
Քարին տակի ինքնապաշտպանական մարտով հիմք դրվեց Արցախ աշխարհի ազատագրմանը»։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Քարին տակի բնակիչները ցրվել են ամբողջ Արցախով ու Հայաստանով։ Նաիրա Թովմասյանը հայրենի գյուղ վերդառնալու հույսը չի կորցնում, հավատում է, մի օր տուն կդառնա։
«Մենք չենք կորցնում Քարին տակ վերադառնալու հույսը։ Ճիշտ է, կան մարդիկ, ովքեր գնում են Արցախից, չեն հավատում Արցախի ապագային, բայց ես իմ ու իմ երեխաների ապագան Արցախում եմ պատկերացնում։ Համացանցով տեսնում եմ, թե ինչպես են տները քանդում, ճանապարհներ կառուցում, տեսնում եմ, թե ինչեր են կառուցում, դե թող կառուցեն, թող սարքեն, մենք էլ կգնանք, կվայելենք»։
Շուշիի քաղաքապետը նույնպես Շուշի և Քարին տակ վերադառնալու հավատով է ապրում։
«Տեսնում ենք, որ Շուշիում, Քարին տակում և այլ գյուղերում քանդում են ամեն ինչ՝ շենքեր, տների տանիքներ․ երևի իրենք էլ են մտածում, որ դա իրենցը չի, որ մենք մի օր պետք է վերադառնանք։ Թշնամին Քարին տակում երբեք չի ապրել»։
Քարին տակի հերոսամարտից, և ընդհանրապես Արցախյան 1- ին պատերազմից հետո, գյուղը սկսեց ծաղկում ապրել։ Պատերազմից հետո յուրաքանչյուր հունվարի 26-ի գյուղացիները հավաքվում էին, նշում իրենց հաղթանակի օրը՝ ասում է Քարին տակի համայնքապետի պաշտոնակատար Աշոտ Հակոբյանը։
«Մեր գիտակցության մեր այդ օրը մնում է՝որպես հաղթանակի օր։ Թող սխալ չթվա այդ մեծ վիշտը կարողանում էինք մի քիչ թեթև տանել, քանի որ արդյունքը կար, հաղթանակը կար։ Այդ 28 տարիների ընթացքում գյուղը վերելք էր ապրում։ Ցավոք սրտի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո մեր կամքը մի քիչ կոտրվեց»։
Քարին տակի ինքնապաշտպանական մարտը Արցախյան առաջին պատերազմի հերոսական էջերից էր։ Հենց այն է հիմք դարձել հետագայում Շուշիի ազատագրման համար։ Հիմա էլ քարինտակցիները հավատում են, որ հաղթանակնների դարաշրջանն անպայման գալու է, և այն կրկին սկիզբ է առնելու Շուշիի բերդի տակ ծվարած իրենց փոքրիկ գյուղից՝ Քարին տակից։