Նոյեմբերի 22, 2024

Արցախում «Նարինե+» բիոմթերքի արտադրություն է սկսվել

By Սրբուհի Վանյան Հունվարի 29, 2022
Արցախում «Նարինե+» բիոմթերքի արտադրություն է սկսվել AR Government

Արցախում «Նարինե+» դիետիկ կաթնաթթվային մթերք կարտադրվի: Այսօր Գիտական կենտրոնում արտադրամասի պաշտոնական բացումն էր: Կենտրոնի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արև Իսրայելյանը, ով ծրագրի գիտական ղեկավարն է, արտադրանքն է ներկայացնում:

«Արցախի էնդեմիկ կաթնաթթվային բակտերիայի կոնսորցիում է, որն ունի ավելի բարձր հակաօքսիդանտային և հակամանրէային ակտիվություն՝ ընդդեմ  լայն սպեկտրի պայմանական ախտածին բակտերիաների նկատմամբ, : Ամենօրյա օգտագործման դեպքում կանխում է դիզբակտերիոզը, պրոֆիլակտիկ ինքն արդեն հանդես է  գալիս մի շարք ախտածին բակտերիաների դեմ»: 

«Նարինե+»-ը ստացվում է կաթնաթթվային բակտերաների մաքուր շտամներով նորմավորված կաթի խմորման միջոցով, առանց կոնսերվանտների: Պահպանման ժամեկետը 5-7 օր է: Մթերքի օգտակար հատկությունների մասին խոսելիս մասնագետները առանձնացնում են այն հանգամանքը, որ այն արտադրված է տեղի կաթնամթերքից. յուրաքանչյուր տարածաշրջանի բնակիչերի համար կենսաբանորեն կարևոր է հենց տեղական բակտերիաների ընդունումը: Գիտական կենտրոնում այս օրվան երկար են սպասել. կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել նախագծի իրականացման գործում: 

«Հուսով եմ արտադրանքը Արցախի շուկայում, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս  կունենա մեծ նշանակություն և պահանջարկ»: 

Գիտական-մասնագիտական մեծ խումբ է աշխատել, մինչև որ արտադրանքը հայտնվել է շուկայում: Գիտական կենտրոնն իր առջև նպատակ է դրել իրականացված գիտահետազոտական աշխատանքները տեղում էլ կիրառության մեջ դնել: Կենտրոնի տնօրենը չցանկացավ դեռ մանրամասնել, բայց 2022 թվականին նախատեսում են ևս երկու տեսակի արտադրանք թողարկել: Ներկայում պլանավորում են օրական 100 տուփ՝ 20 կգ «Նարինե +» արտադրել, բայց սարքավորումները թույլ են տալիս արտադրական հզորությունը հասցնել մինչև 300 տուփի: Գինը Հայաստանում արտադրվող Նարինե մթերքից թանկ չի լինի: Միջոցառմանը ներկա էին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՍՄ նախարար Լուսինե Ղարախանյանը, գյուղնախարարության, գիտական ոլորտի ներկայացուցիչներ: Արտադրանքն առայժմ իրացվելու է Արցախի դեղատներում, ընդլայնվելու դեպքում նախատեսում են նաև ներկայացված լինել նաև խոշոր խանութներում և դուրս գալ արտաքին շուկա: Պետնախարարը, արտադրության ծավալների ավելացման դեպքում պատրաստակամություն հայտնեց աջակցել, որպեսզի բիոմթերքն իրացվի նաև պետական պատվերի շրջանակում: 

«Հանեք շուկա, տեսնենք ինչ վաճառք կունենա, արդյունավետությունն ինչպիսին է, հետո կքննարկենք ծավալները ինչքան կարելի է ավելացնել: Շնորհակալ ենք, և իրոք շնորհակալություն, մեծ գործ եք արել:  Կարևոր է, որ Արցախի գիտական ներուժով ենք արել այսքանը և հասնել հաջողության»:

 Լուսինե Ղարախանյանի խոսքով սա գիտահետազոտական աշխատանքի գործնական կիրառման լավ օրինակ է: 

«Աշխարհը սկսել է ղեկավարել գիտական վերջնարդյունքը: Աշխարհը և արտադրությունները  սպասում են գիտական տեխնոլոգիաների: Կիրառական արդյունքի:Սա մեր լավ սկիզբն է, նոր պատուհանն է և ես համոզված եմ հաջողության մեջ: Ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել պարոն Սաղյանին, բոլորովին նոր ուղու վրա դրվեց Գիտական կենտրոնի աշխատանքը»:

 Բիոմթերքի կիրառությունը աշխարհում վաղուց ընդունված է: Արցախում այն դեռ նոր է զարգանում. Արև Իսրայելյանը ներկայացնում է, թե օրական որքան օգտակար բակտերիա է անհրաժեշտ մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար, մինչդեռ ժամանակակից կենսակերպը թույլ է տալիս ընդամենը դրա 10 տոկոսը ստանալ բնական միջոցով: Պակասն անհրաժեշտ է լրացնել նաև բիոմթերքի միջոցով: Այս պրոդուկտի արդյունավետությունը գիտականորեն արդեն ապացուցված է: Այժմ նախաձեռնողները սպասում են սպառողի արձագանքին:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ