Նոյեմբերի 22, 2024

Սահմանադրական փոփոխություններով օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

By Սրբուհի Վանյան Փետրվարի 02, 2022
Սահմանադրական փոփոխություններով օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ NA of Artsakh
Այսօր տեղի ունեցած ԱԺ հերթական՝ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էր նաև Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Օրինագիծը խորհրդարանին ներկայացրել է ԱՀ նախագահի ներկայացուցիչ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության հարցը իշխանական մարմիններում ու փորձագիտական շրջանակներում սկսվել է քննարկվել մեկ տարի առաջ: Երկրի մայր օրենքում փոփոխությունների վերաբերյալ քաղաքական ուժերի միջև կոնսենսուս կա և փոփոխությունների նախապատրաստական փուլն սկսված կարելի է համարել: Հայկ Խանումյանը առաջարկներն է ներկայացնում: 
 
«Հոդված առաջին. ԱՀ սահմանադրության 173 -րդ հոդվածի «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով:
Հոդված 2. Սույն Սահմանդրության փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: Դեռևս մեկ տարի առաջ համապատասխան լիազոր հանձնաժողովում այս իրավիճակը քննարկվել է, այնուհետև խմբակցությունների հետ քննարկել ենք՝ վարչատարածքային բաժանման վերանայման կետը: Այս առումով քաղաքական ուժերի մոտ կոնսենսուս կա, որ մարտին վարչատարածքային բաժանման վերաբերյալ փոփոխություն չենք անի: Փոփոխությունը վերաբերում է հենց սրան»:
 
 Պատասխանելով պատգամավոր Սեյրան Հայրապետյանի հարցին, Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել նախագծի աշխատանքների ընթացքի վերաբերյալ: 
 
«Համապատասխան քաղաքական որոշման դեպքում, այդ թվում՝ քաղաքական ուժերի կարծիքը հաշվի առնելով, համապատասխան հայեցակարգ կմշակվի: Ինչպես գիտեք, մինչ պատերազմը խոշորացման էինք գնում, և համապատասխան հայեցակարգ էր մշակվում: Սակայն պատերազմի հետևանքները հաշվի առնելով՝ քաղաքական ուժերին առաջարկեցին այդ ճանապարհով չգնալ: Առաջիկայում որոշ նախաձեռնություններ կլինեն միջհամայնքային միավորումների հետ կապված, որը խոշորացում չէ, այլ տարբեր հարցերի գծով համայնքների համագործակցության մեխանիզմ, որը նախատեսված է նաև մեր ՏԻՄ մասին օրենսդրությամբ նմանապես, սակայն համապատասխան կարգավորումները բացակայում էին: Կգնանք, երևի, այս ճանապարհով, մինչև որ քաղաքական որոշում կլինի»:
 
 Սահմանադրական փոփոխությունները ԱԺ լիագումար նիստ են մտել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ: Այն միաձայն ընդունվել է ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ: Պատգամավորները միաձայն են քվեարկել նաև սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Գերագույն դատարան դիմելու որոշմանը: Ազգային ժողովի օրակարգում ներառված էր նաև Մտքի, խղճի, դավանանքի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին, ԼՂՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, Գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած՝ Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների, Տեղական տուրքերի ու վճարների և Տեղական ինքակառավարման մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորական նախաձեռնությամբ խորհրդարան մտած ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ օրինագիծը ներկայացրել է պատգամավոր Կարինե Աթայանը, այն հիմնավորելով հետևյալ կերպ: 
 
«Կորոնավիրուսի տարածման հետևանքով ԱՀ-ում ստեղծված համաճարակային վիճակը հաշվի առնելով՝ օրենսդրական դաշտի բարելավումն անհրաժեշտություն ենք համարում: Կարգավորումը նպատակ ունի բարձրացնել անաշխատունակ քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը, ինչպես նաև աջակցել հակահամաճարակային միջոցառումներին»: 
 
Օրենքի նախագիծը լրամշակված է. այնտեղ ներառվել են նաև կառավարության առաջարկությունները: Օրինագիծն ընդունվել է միաձայն: Տեղական տուրքերի և վճարների և Տեղական ինքակառավարման մասին օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը նույնպես ընդունվեց առանց դեմ ու ձեռնպահ քվեների, պատգամավոր Արթուր Հարությունյանն է ներկայացրել. Օրինագծերի մշակումը պայմանվորված է եղել մի քանի հանգամանքով. 
 
«Մշակումը պայմանավորված է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով տնտեսվարող սուբյեկտների և մեր քաղաքացիների մոտ առաջացած ֆինանսական խնդիրների թեթևացման, ինչպես նաև տեղական տուրքերի տեսակների ու սահմանված որոշ շեմերի հստակեցման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ տեղական տուրքերի ու վճարների մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծում նախատեսվում է տեղական տուրքերի նվազեցում միջինը 20 տոկոսի չափով: Կառավարության կողմից եղել են առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք ամբողջությամբ ընդունվել և ներառվել են օրինագծի մեջ»:
 
ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններով օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Օրինագծերի փաթեթի ընդունմամբ նվազեցվում է Արցախի հանրապետության քաղաքացիների և տնտեսվարողների ֆինանսական բեռը: Նիստի օրակարգում նախատեսված էր նաև հարցեր կառավարությանն ու պատգամավորական հայտարարություններ:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ