Նոյեմբերի 22, 2024

ԱԺ-ում տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխան

By Ասպրամ Ավանեսյան Փետրվարի 02, 2022

Ի՞նչն է խանգարում, որ Արցախի Հանրապետության իշխանությունները դիմեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի Արցախը միջնորդությամբ մտնի ՄԱԿ և մինչև Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցումն ու Արցախի Հարապետության տարածքային ամբողջականության վերականգնումը, այստեղ մտցվի մանդատային միջազգային կառավարում։ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ Մարսել Պետրոսյանը այս հարցերի լուծման պարագայում է հնարավոր համարում Արցախի և Ադրբեջանի Հանրապետության միջև բարիդրացիական հարաբերությունները։ Արտգործնախարար Դավիթ Բաբայանը հարցին հարցով է պատասխանում։ 

 

«Ո՞նց եք պատկերացնում, մենք դիմենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և խնդրենք, որ նրանք միջնորդեն ՄԱԿ-ում ինչ-որ մանդատային կարգավիճակի համա՞ր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնիսկ չեն կարողանում այցելել Արցախ։ Այս իրավիճակում, որբ որ կայունությունն ու խաղաղությունը համեմատական առումով պահպանվում են, նորից սկսե՞նք գործընթացներ։ Արդյոք, դա բերելու՞ է ավելի կայուն իրավիճակի, թե՞ խթանելու է առանց այն էլ շատ թեժ աշխարհաքաղաքական պայքարը տարբեր երկրների միջև»։ 

Այսօր Արցախում լռություն է, որը մենք երբեմն խաղաղություն ենք անվանում։ Դավիթ Բաբայանին շարունակելով՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը առաջարկում է, այնուամենայնիվ, նամակ գրել Մինսկի խմբին։ 

«Արցախում խաղաղությունը հնարավոր է միայն ու միայն այն դեպքում, երբ որ Արցախի հարցը քաղաքական լուծում ստանա, քաղաքական լուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որովհետրև Մինսկի խումբը այն միակ մանդատն է, որը իրավասու է իր հովանու ներքո լուծելու Արցախի հիմնախնդիրը։ ԵԱՀԿ Մինսկի խմբին պաշտոնական հավանություն են տվել պաշտոնական Բաքուն, Երևանը և Ստեփանակերտը։ Խորհրդարանական դիվանագիտությունն ազատ է և մենք 33 հոգով ներկայացնում ենք Արցախի խորհրդարանը, այսինքն մենք բոլորս՝ բոլոր խմբակցությունները, պետք է պայքարենք Արցախի անկախության համար։ Եկեք նամակ գրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և պաշտոնական հրավիրենք Արցախ»։

 44-օրյա պատերազմից հետո մենք ականատես եղանք մեր տարհանման պլանի անկատարությանը՝ ասում է «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը, նաև հարցնում՝ ունենք քաղպաշտպանության նոր ծրագիր։ Հարցին պատասխանում է ՆԳՆ ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը․ 

«Այդ աշխատանքը նոր փուլ անցավ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Բոլոր նկուղներում ընդհանուր մոնիթորինգ կանցկացվի։ Ստացված ամբողջ ինֆորմացիան ներկայացնելու ենք պետնախարարին։ 2021 թվականին սկսեցին կառուցել նոր նկուղներ, 2022 թվականի առաջին եռամսյակում այդ գործընթացը կավարտվի։ Քանակներիի և տեղերի մասին նպատակահարմար չեմ գտնում խոսել»։ 

Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն 50 000 դրամական աջակցության շահառու չեն հանդիսանում 1000+ ծրագրի շահառուները։ Այս որոշումը 1000+ ծրագրի շահառուների շրջանում բողոքներ է առաջացրել՝ ասում է «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ Սեյրան Հայրապետյանը։ 

«Կառավարության նախագծի մշակման ընթացքում փորձ է արվել ընդգրկել առավել խոցելի խմբերին, հաշվի առնելով այն հանգամանքը 1000 դրամների հիմնադրամների շահառուները ավելի մեծ գումարներ են ստանում, քան կենսաթոշակ ստացող մեր քաղաքացիներըէ նրանք ծրագրում չեն ընդգրկվել։ «Արցախյան վերջին պատերազմի վիրավորների» ՀԿ-ի կողմից բարձրացվել է այդ հարցը, այն այժմ քննարկման փուլում է»։

 Շահառուների մի մասը դեռևս չի օգտվել 50 000 դրամական աջակցությունից՝ ասում է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Էլեոնորա Ավանեսյանը նաև հետաքրքրվում՝ ե՞րբ են օգտվելու։ «Հունվարի ընթացքում Սոցապ նախարարության կողմից ներկաացված հայտին համապատասխան թոշկառուների սոցիալական խումբը ստացել է 50 000 դրամական աջակցությունը։ Խնդիրներ կային երեխաների թվաքանակը ճշտելու հետ կապված։ Ամսվա վերջին ճշտվել են այդ տվյալները, փետրվարին բոլորը կստանան աջակցությունը»։ Հարցեր են հնչել նաև գյուղատնտեսություն ոլորտին վերաբերող։ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Աշոտ Դանիելյանին հետաքրքրել է «Ջերմոցներ կառուցման ծրագիրը» ։ Մասնավորապես՝ քանի՞ գործող ջերմոցային տնտեսություն կա։ Հաշվի առնելով այն, որ ջերմոցների կառուցման ծրագիրը շարունակվելու է նաև 2022 թվականին, Աշոտ Դանիելյանը մտավախություն ունի, որ իրացման խնդիրներ կարող են առաջանալ։ Հարցերին ԷԳՆ առաջին տեղակալ ՆորայրՄուսայելյանն է պատասխանում․ 

«Մինչև 2022 թվականը Հանրապետությունում ջերմոցային տնտեսությունների մակերեսը, ընդհանուր առմամբ, կազմում է շուրջ 5 հա, այս տարի ևս նախատեսվում է շուրջ 2 հա ջերմոցային տնտեսությունների ստեղծում։ Հաշվի առելով Հանրապետության տարածքների սղությունը շատ լուրջ խնդիրներ ունենք տարբեր բուսաբուծական մթերքների ինքնաբավության մակարդակի ապահովման հետ և նույնիսկ այդ ծավալները չեն կարող լիարժեք ապահովել Հանրապետությունում ինքնաբավության մակարդակը։ Նախատեսում ենք մակերեսներն ավելացնել նաև հաջորդ տարի»։ 

Կառավարության անդամներին հարցեր ունեին Ազգային ժողովի 13 պատգամավորներ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ