Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ փետրվարի 4-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում մեկ հարց էր՝ ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ նիստում։ Այն լիազորված էր ներկայացնելու ԱՀ Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։
«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների հրապարակման վերաբերյալ դրույթը Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունները ստորագրում և հրապարակում է Հանրապետության նախագահը, մինչդեռ Սահմանադրությամբ Նախագահը նման լիազորությամբ օժտված չէ։ Սահմանադրությամբ Նախագահն ունի լիազորություն՝ ստորագրելու և հրապարակելու միայն Ազգային ժողովի կողմից ընդունած օրենքները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է վերացնել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթի հակասությունը Սահմանադրության հետ՝ Սահմանադրության փոփոխությունները հրապարակելու լիազորությունը վերապահելով ԱԺ նախագահին»։
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը ներկայացրեց է Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը։
«ԱՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և ստացել դրական եզրակացություն»։
««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է՝ 24 կողմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ։