Յուրաքանչյուր ոք ունի կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այն իր մեջ ներառում է սեփական կարծիքն ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից, տեղեկատվություն փնտրելու, գտնելու, ստանալու ազատություն: Այսպես է ձևակերպված ազատ արտահայտվեու իրավունքը ԱՀ Սահմանդրության մեջ: Դու ազատ ես ասելու և անելու ցանկացած բան, բայց պետք է նաև պատրաստ լինես պատասխանտվություն կրել սեփական արարքի համար: Սա էլ ազատության մասին լրագրող Մեսրոպ Հարությունյանի պատկերացնումն է:
«Այսինքն ազատության իմաստը պատասխանատվությունն է։ Երբ դու գիտակցված գնում ես ինչ որ քայլի, պետք է պատրաստ լինես պատասխանատվություն կրել։ Նույնը խոսքի ազատության դեպքում է»։
Ազատ արտահայտվելու իրավունքը մարդու բնական իրավունքն է: Այն պատմության տարբեր ժամանակաշրջաններում էվոլուցիայի է ենթարկվել:
«Ազատ արտահայտվելու իրավունքը սկիզբ է այն պահից, երբ մարդը տեսնելով առարկաներ՝ սկսել է հնչյուններ արձակել։ Այդ ժամանակ ոչ մեկը ոչ մեկի ազատ արտահայտվելու իրավունքը չէր սահմանափակում։ Հետո եկավ ժամանակ, երբ պետություններ ստեղծվեցին, որոնք սահմանափակում էին ցածր խավի խոսքի ազատությունը։ Այնուհետև եկավ նախնական գրաքննության ժամանակաշրջանը»։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ պետական անվտագության, հասարակական կարգի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Մինչև 2015 թվականը ՀՀ սահմանդրությունը նույն կերպ էր սահմանում ազատ արտահայտվելու իրավունքը։ 2015-ին փոփոխություններ կատարվեցին, որով անհրաժեշտության բաղադրիչը հանվեց: Մեսրոպ Հարությունյանը սա վտագավոր է համարում:
«Որքան պայքարեցինք, այնուամենայնիվ, անհրաժեշտության բաղադրիչը հանվեց։ Դա վտանգավոր է, քանի որ կարող է գալ մի այնպիսի իշխանություն, որը կարող է սահմանափակել մարդկանց ազատ արտահատվելու իրավունքը՝ առանց հիմնավորման»
։ Ի՞նչ է վիրավորանքը և ի՞նչ է զրպարտությունը։ Ինչո՞վ են տարբերվում այս երկու տերմինները։ Վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով արված հրապարակային արտահայտությունն է։ Մեսրոպ Հարությունյանն առանձնացնում է սահմանման կարևոր բաղադրիչները։
«Այստեղ կարևոր բաղադրիչներից է հրապարակային բառը, որը նշանակում է որ վիրավորանքը պետք է հնչի առնվազն երրորդ մարդու ներկայությամբ։ Մյուս կարևոր բաղադրիչը, որ դա պետք է նպատակ ունենա արատավորելու արժանապատվությունը կամ գործարար համբավը»։
Իսկ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացումն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Մեսրոպ Հարությունյանի խոսքով մեր հասարակությունում մարդիկ շատ հաճախ չեն տարբերում այս հասկացությունները։ Քաղաքացիները հաճախ դիմում են իրավապահ մարմիններին՝ զրպարտության կամ վիրավորանքի համար մեղավորին իրավական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով՝ չտեսնելով այս արարքների միջև սկզբունքային տարբերությունը։ Իսկ այդ տարբերությունը կայանում է նրանում, որ մեկը վերաբերում է արտահայտություններին, մյուսը՝ փաստերին։ Արցախում վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում, իսկ Հայաստանում մինչև 3000-ապատիկի չափով։ Իսկ զրպարտության դեպքում Արցախում նախատեսված է մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում, Հայաստանում՝ մինչև 6000-ապատիկի չափով։ Դասախոսության շրջանակներում Մեսրոպ Հարությունյանը անդրադարձել է նաև լրատվամիջոցների էթիկական կարգավորումներին, ներկայացրել ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնի աշխատաքները։