Նոյեմբերի 22, 2024

ԱԺ-ը Վերածննդի օրվա կապակցությամբ հայտարարություն է ընդունել

By Սրբուհի Վանյան Փետրվարի 18, 2022

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր ընդունվեց մինչ այդ առաջին ընթերցմամբ ընդունված «ԱՀ բռնազավթված տարածքների մասին» օրենքն ու «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինափաթեթը։ Օրինագծերի փաթեթն ընդունվել է միաձայն․ նիստին ներկա 30 պատգամավորները կողմ են քվեարկել։

ԱԺ խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ օրվա նիստի օրակարգ է մտցվել հայտարարություն՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ։ ԱԺ Հայտարարության տեքստն ընթերցել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։
«1988 թվականի փետրվարյան օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները հիմնովին փոխեցին ոչ միայն այստեղ ապրող բնիկ հայ ժողովրդի, այլև նախկին խորհրդային միության այլ ժողովուրդների տարեգրությունը»,-ասված է հայտարարության մեջ։ Խաղաղ հանրահավաքների միջոցով տասնյակ հազարավոր մարդիկ, օգտագործելով ԽՍՀՄ-ում հռչակված ազատական գաղափարները, փորձում էին վերականգնել պատմական արդարությունը՝ հայկական մարզը Հայաստանին միավորելու պահանջով, որը մի քանի սերունդների չիրականացված երազանք էր։


«Համաժողովրդական օրեցօր թափ առնող շարժումը ի սկզբանե որդեգրեց խաղաղ ճանապարհով՝ իրավական ու քաղաքական եղանակներով բարձրացված խնդիրը լուծելու վարքագիծ, ինչն աներկբա հաստատում ստացավ փետրվարի 20-ին՝ նախկին մարզի բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ արտահերթ նստաշրջանում. ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու մասին ընդունված պատմական որոշումն ազդարարեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի նոր փուլը՝ ղարաբաղյան շարժումը քաղաքակիրթ՝ իրավական ճանապարհով առաջ Արցախի ժողովրդի վճռականությունը»։


Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարությունն ունակ չեղավ ընկալելու խնդիրը ճիշտ հանգուցալուծելու բացառիկ շանսը․ արդյունքում տարածաշրջանը հայտնվեց տևական անկայունության մեջ։ Խնդիրը փորձ արվեց լուծել ռազմական ճանապարհով։ Արցախը դարձավ համայն հայության հպարտության և զարթոնքի խորհրդանիշ։ Ամբողջ աշխարհի հայության պայքարի արդյունքում անցյալ դարի 90-ական թվականների սկզբին կազմավորվեցին հայկական երկու Հանրապետությունները։


«1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքի ու ներպետական օրենսդրության պահանջներին համապատասխան ձևավորված Արցախի Հանրապետությունը գիտակցված հանգրվան էր դեպի միասնական հայկական պետություն տանող ճանապարհին:
Անչափելի թանկ գին է վճարել մեր ժողովուրդը Արցախի ազատության ու անկախության համար մղված պայքարում. հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել 1991-94թթ., 2016թ. քառօրյա և 2020թ. 44-օրյա պատերազմների ընթացքում: Արցախի Հանրապետությունն այսօր կա և շարունակում է միջազգային ճանաչման հասնելու իր պայքարը հենց այդ քաջազունների անձնազոհության շնորհիվ: Մեր խոնարհումը նրանց անմար հիշատակի առջև»։

Անցած 34 տարիներին Արցախն անցել է դժվարին՝ զարգացման ու կայացման, հաղթանակների ու անհաջողությունների երկար ճանապարհ։ Այս ընթացքում ամրապնդվել է գաղափարը, որ հայկական Արցախի գաղափարը երաշխավորված է միայն այստեղ ազատ ու անկախ ապրելու մեջ։


«Արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքն ու կարծիքը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է իր հավատարմությունը 1988թ. փետրվարի 20-ի պա տմական որոշմանը, և վճռականությունը՝ պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը, միջազգային շահագրգիռ կառույցների և, առաջին հերթին, Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարանների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախի հայ ժողովուրդը դարեր իր վեր պայքարել է իր ինքնությունը պահպանելու համար, ստեղծել է նյութական ու մշակութային արժեքներ, որոնք այսօր վտանգված են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության որոշ տարածքների բռնազավթման արդյունքում »։


Ազգային ժողովը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին քայլեր ձեռնարկել՝ ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ՝ բանակցային գործընթացը վերսկսելու համար։

«Տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության երաշխիքը Արցախի ժողովրդի իրավունքներն ու հիմնարար սկզբունքներն ու ազատությունները հարգելու մեջ է։ Հենց դրա համար է 88-ին արցախահայությունը դուրս եկել պայքարի և պատրաստ է շարունակելու այն՝ վերջնական նպատակին հասնելու համար» ,-ասված է հայտարարությունում։

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 18 Փետրվարի 2022 15:28
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ