Նոյեմբերի 23, 2024

Իրադրությունը Խրամորթում

By Սրբուհի Վանյան Փետրվարի 26, 2022

Արդեն երրորդ  օրն է, սոցիալական մեդիայում շրջանառվում է տեղեկատվությունն այն մասին, որ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի վարչական սահմանների մոտ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները բարձրախոսով գրական հայերենով ձայնագրություն են միացրել, որում հայտարարվել է, թե բնակիչները պետք է լքեն բնակավայրը, որևէ աշխատանք չանեն Խրամորթում, որ այն իբրեւ թե ադրբեջանական տարածք է եւ այնտեղ ադրբեջանական օրենքներ են գործում։ Նրանք սպառնացել են նաև ուժ կիրառել, եթե հայերն ինքնակամ չլքեն տարածքը: Թեմային արձագանքել է Արցախի Արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Ներքին գործերի նախարարությունը։ Այսօր Խրամորթ է այցելել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ 

«Ահազանգը ստացել ենք 2 օր առաջ, անմիջապես կապ ենք հաստատել համայնքի ղեկավարության հետ։  Այս հարցը գտնվել է մեր մշտական ուշադրության կենտրոնում։ Այսօրվա մեր այցի նպատակն էր փաստեր հավաքագրել, դրանք համակարգված ներկայացնել պետական մարմիններին, ռուսական զորակազմին ու միջազգային կառույցներին»։ 

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը հատուկ պլանավորված, համակարգված է իրականացնում այդ գործողությունները։ «Սրանք կամայական գործողություններ չեն, որ իրականցվում են կոնկրետ դիրքապահների կողմից,-մեզ հետ զրույցում ասել է Գեղամ Ստեփանյանը։- Այլ Կենտրոնի՝ ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղորդվող գործողություններ են, որոնք միտված են ահաբեկելու համայնքի բնակիչներին և վախի ու հուսալքության մթնոլորտ ձևավորելու բնակիչների մոտ։ 

«Որոշակի խուճապ արձանագրել ենք։ Նման գործողությունները չեն կարող որոշակի վախ ու ահաբեկման մթնոլորտ չառաջացնել։ Գյուղի բնակիչները իհարկե, շարունակում են իրենց կյանքը, բայց արձանագրվող դեպքերը մտահոգություններ ու մտավախություններ են առաջացնում»։ 

Համայնքի բնակիչների տրամաբանական, օբյեկտիվ պահանջն այն է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտությամբ ադրբեջանական կողմը դադարեցնի նման գործողությունները։ 

«Մեր այցի պահին այնտեղ էին նաև ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները, որոնց մանրամասն ներկայացվել է այս 3 օրվա մեջ Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունները։   Ակնկալում ենք, որ ռուսական կողմը հստակ և առարկայական քայլեր կձեռնարկի նման գործողությունները կանխելու համար»։

 «Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ստացված լուրերն, իհարկե, անհանգստացնող են։ Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն ըստ էության խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն»,- ասել է ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Ըստ նրա՝ ամեն ինչ սկսել է այս տարվա փետրվարի 16-ին, երբ ադրբեջանական կողմը կրակ է բացել Խրամորթի վարչական տարածքում աշխատող գյուղացիների ուղղությամբ, որոնք խաղողի այգիներում էտման և դաշտավայրում հերկման աշխատանքներ էին կատարում։ Այդ օրը բարեբախտաբար տուժածներ չեն եղել, վնասվել է միայն գյուղացիներից մեկին պատկանող գյուղտեխնիկան, բայց դրանից հետո այդ հատվածում պարբերաբար հրադադարի ռեժիմը խախտվել է։ 

«Ադրբեջանական կողմը այս ընթացքում մոտեցել է գյուղացիներին, հորդորել ինքնակամ լքել գյուղը, բայց տեսնելով, որ Խրամորթի բնակիչները շարունակում են իրենց ամենօրյա կյանքը, որոշել է այս ձևով խուճապ տարածել»։

 Դրանից հետո հայկական կողմը դիմել է ԱՀ ոստիկանությանը, որոնք անմիջապես այցելել են այնտեղ։ Այս պահին էլ Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։ «Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք,- ասել է Հունան Թադևոսյանը, հավելելով, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկան, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում են նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք»։  

«Թե ինչ է լինելու հետո՝ դեռ պարզ չէ։  Ադրբեջանական կողմի հետ բանակցություններում դրական տեղաշարժ դեռ չկա։ Հակառակը՝ այսօր ևս խախտվել է պայմանավորվածությունը, և նույնիսկ մուղամ են միացրել բարձրախոսներով»։

 «Ադրբեջանն Արցախում չի դիմի լայնածավալ ռազմական գործողությունների, դրա հավանականությունը շատ քիչ է, եթե գնա այդ քայլին, ապա դա նրա համար կլինի ինքնասպանություն։ Քանի դեռ Արցախում կան ռուս խաղաղապահները և կա Արցախի ոգին, արցախցիների հաստատակամությունն անկոտրում է»,-ֆեյսբուքյան գրառմամբ ասել է արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը մեզ հետ զրույցում ասել է, որ այցի արդյունքների և փաստագրված իրողությունների վերաբերյալ առաջիկայում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես է գալու հայտարարությամբ, ձեռք բերված բոլոր ապացույցները կցվելու են հայտարարությանը և ներկայացվելու են ինչպես Արցախի Հանրապետության իրավասու պետական մարմիններին, այնպես էլ ուղարկվելու են ռուսական խաղաղապահների կենտրոնակայան ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ