Նեղ ու ոլորապտույտ ճանապարհները մեզ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղ տարան։ Արևոտ օրը պատշգամբ ու բակ էր հանել գյուղի երեխաներին ու տարեցներին։ Վովա պապիկն էլ արևի տակ նստել, սպասում էր, թե երբ է կինը՝ Գրետա տատին, հաց ուտելու կանչելու։ 1988-ին Սումգայիթից են եկել Ստեփանակերտ։ Այստեղ մեծացրել երեխաներին, ամուսնացրել, հետո տեղափոխվել Դահրավ։ Արդեն 7 տարի է Դահրավում են ապրում։
«Շենը ինձետե դրախտ ա, բայց կնեգս փուշմանում ա վեր եկալ ընք ստըղ»։ «Դե գազ չկա, ճուր չկա, փադը կրել պիտիս։ Փիչին ծոխը, պողը։ Մարդիկ շենան քինամ ըն քաղաք, մուք քաղաքան ընք եկալ շենը»։
Գրետային Դաշտում աշխատելիս են տեսել, հավանել, Աստղաշենից Դահրավ հարս բերել։ 58 տարի է միասին են ապրում։ Այսօրվա պես են հիշում իրենց առաջին կինո գնալը։
«Առաջին, երկրորդ օրը տարալ ըմ Սումգայիթ, վեր կինո եշինք։ Մհենգ նստած կինո ընք եշում, վըննը տիրալա վըննես, ես էլ կասիմ քաշի»։ «էէէէ, ենմ իլալ շոլկվի շոր կեցած, վըննս սըլկըհալ ա ուրան նիեկալ, ասալա ինձ նիմել կյալ, վըննս յուխտուտցնում ըս։ Տա դարդան օզալ ըմ ետ տըռնամ նըստա»։
Երեք երեխա ունեն, տասը թոռ, վեց ծոռ։ Վովա պապին հաշիվը մեկ-մեկ խառնում է։ Ասում է՝ առաջ թոռների համար մինչև 20 000 դրամն էր նվեր առնում։ Թոռները շատանալուն զուգընթաց նվերի չափը փոքրանում էր։ Հիմա չեն աշխատում, թոշակով են ապրում։ Պատերազմի ժամանակ Դահրավի եզակի բնակիչներից էին։
«Կըռվեն վախտը շինացեք շենան տուս ըն եկալ, մնացալ ըն 2 կնեգ՝ մինը Գրետան ա իլալ, մինը գյուղապետին կնեգը։ Խոխեքս, թոռներս Երևան, Ռուսաստան լավ տներ օնին, ասալ ըն եկեք մեր կողքը, քեցալ չընք։ Քինամ հի՞նչ անիմ․ եթե բիդի մըռնիմ, լավ ա իմ տանս մըռնիմ»։
Տարեց ամուսինները լույսի հետ արթնանում, հողի հետ են աշխատում՝ սեղանին թարմ կանաչեղեն, ձեղնահարկում իրենց ձեռքով աճեցրած կարտոֆիլ ունենալու համար։ Հովակիմյանների ընտանիքում սերն այնքան շատ է, որ ընտանի կենդանիներին էլ է բաժին հասնում․ հանրահաշվից թույլ կատու ունեն, «շատախոս» հավեր՝ ասում է Վովա պապին։ Տան բերք ու բարիքը շատ էր, հյուրասեր սեղանը՝ առատ, բայց ամենամեծ հարստությունը Վովա պապիկի ու Գրետա տատիկի ընտանքիում ջերմությունն ու արևն էր, որ կիսում են բոլոր անցող-դարձողի հետ։