Նոյեմբերի 22, 2024

Արցախի ապագան գիտության զարգացման մեջ է

By Սրբուհի Վանյան Մարտի 03, 2022

Զարգացած գիտությունը զարգացած պետության հիմքն է։ Այս խոսքերը հաճախ կարելի է լսել և՛ գիտական շրջանակներում, և՛ պետական պաշտոնյաներից։ Գիտնականներն ակնկալում են պատասխան պետական հատվածից ՝ գիտության զարգացման մեջ ներդրումներ անելու իրենց կողմից հնչեցրած ազդակներին։ Պետական պաշտոնյաններն էլ շահագրգռված են այնպիսի գիտական արդյունքով, որը պրակտիկ կիրառություն կունենա տնտեսության մեջ՝ իսկապես նպաստելով պետության հզորացմանը։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, արդյոք, միայն պետության ներգրավվածությունը բավարա՞ր է գիտության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները լուծելու համար և, արդյոք, գիտությունը արդարացնու՞մ է պետության սպասելիքները։ Այս հարցերի շուրջ Արցախի Հանրապետության Գիտական կենտրոնում շատ են մտածել։ Տնօրեն Անյուտա Սարգսյանն է մեր զրուցակիցը։ 

«Ցանկացած պետության դեմքը նրա կրթված հասարակությունն է։    Գիտնականին խրախուսելուց և գիտությունը գնահատելուց է սկսվում  գիտելիքահեն  տնտեսությունը։ ՀՀ-ում վերջերս գիտության զարգացման ուղղությամբ քայլեր արվել են, աշխատավարձերի բարձրացում է կատարվել, ինչը խթան է՝ մոտիվացիա, գիտնականի համար։ Մեզ մոտ ինչ-ինչ պատճառներով չեն կատարվել նման փոփոխություններ։ Իսկ գիտական հիմնարկի զարգացումն, ընդհանուր առմամբ, միայն աշխատավարձերի բարձրացումից չէ, որ կախված է։ Գիտական կառույցներում կան խնդիրներ, որոնք պետական մոտեցում են պահանջում։ Մեծ ծրագրերի համար ներդրումներ են պետք»։

 Ներդրումներ ասելով հասկացվում է գիտական արդյունքի առևտրայնացում․ այսինքն գիտնականն ակնկալում է, որ իր ստեղծած պրոդուկտը՝ գիտական հետազոտությունը կամ տեխնոլոգիան պահանջարկ կունենա և կգնվի ինչ որ մեկի կողմից՝ պրակտիկ կիրառութան մեջ օգտագործելու համար։ Իսկ դա միայն պետական միջոցներով հնարավոր չէ անել․ այստեղ թերևս պիտի ներգրավվի խոշոր բիզնեսը։ Բայց Հայաստանում ընդհանրապես, և Արցախում մասնավորապես, այս գիտակցումը, կարծես թե, դեռ չկա։ Պետությունն այստեղ, բազմաթիվ գիտնականների կարծիքով, իհարկե, ունի իր դերակատարությունը։ Պետք է պայմաններ ստեղծվեն տնտեսվարողների համար, որպեսզի տեղում տեխնոլոգիա կամ այլ գիտական արդյունք գնելն ավելի շահավետ լինի գործարարի համար։ Այսօր, Գիտական կենտրոնի ղեկավարի խոսքով, գիտությունը ֆինասավորվում է դրամաշնորհների միջոցով, մինչդեռ եթե ուզում ենք այնպիսի գիտություն, որը պետական ռազմավարական ծրագրերի ապահովողը կլինի, պետք է պետական հոգածություն։ 

«Մեր առջև ծառացած մարտահրավերներին մենք պետք է դիմակայենք,  և դրանց դիմակայելու համար առաջնային դերը հենց գիտությանն է վերապահված։ Գիտությունն ընդհանրապես խրախուսվում է դրամաշնորհների միջոցով: Սա աջակցություն է, որը հնարավորություն է տալիս կատարել որակյալ գիտական աշխատանք։ Մինչդեռ պետք է նաև պետական բավարար հոգածություն, քանզի միայն դրամաշնորհները չեն կարող լուծել տնտեսության զարգացման խնդիրները՝ գիտության միջոցով։ Հատկապես պատերազմից հետո պետք է ավելի ուշադրութուն դարձնենք այս ոլորտի զարգացմանը, քանի որ մեր տարածաշրջանում գոյատևելու համար պարզապես այլընտրանք չունենք»։

 Արցախի Գիտական կենտրոնն ունի զարգացման ծրագիր, որի շրջանակներում համագործակցության և պետական աջակցության սուղ միջոցներն օգտագործելով, փորձում են նախագծեր իրականցնել։ Այդ թվում և գիտական արդյունքի առևտրայնացման ուղղությամբ։ Վերջերս, օրինակ, հանրությանը ներկայացվեց «Նարինե պլյուս» կաթնաթթվային դիետիկ սննդամթերքը, որի տեխնոլոգիան մշակվել է Արցախի Գիտական կենտրոնում։ Արտադրությունը ևս տեղում է կազմակերպվել։ Գիտական կենտրոնի ծրագրերին թե՛ մասնագիտական, թե՛ նյութական ու խորհրդատվական մեծ աջակցություն է տրամադրում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան և Գիտության կոմիտեն։ Եվ ընդհանրապես, վերջին շրջանում համագործակցությունը հայաստանյան գործընկերների հետ սերտացել է, շփումներն ու փոխադարձ այցերը՝ հաճախակի դարձել։ Օրերս էլ, այդ համագործակցության շրջանակներում աշխատանքային այցով Երևան էր մեկնել Արցախի Գիտական կենտրոնի տնօրենը, հանդիպումներ ունեցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր ստորաբաժանումների և ինստիտուտների ղեկավարների հետ։ Հանդիպմանը ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի հետ քննարկվել են նախորդ հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ համատեղ ներդրվող գիտական և արտադրական ծրագրերի,ինովացիոն գործառույթների,Արցախի Գիտական կենտրոնի երիտասարդ մասնագետների մասնագիտական կարողությունների բարելավման,կադրերի պատրաստման վերաբերյալ հարցեր։ 

«Այս հանդիպումները կարևորվել են նաև Ակադեմիայի Նախագահ Ա․ Սաղյանի կողմից։ Համագործակցությունը միտված է Արցախի Գիտական կենտրոնի զարգացմանը և շարունակական բնույթ է կրելու։ Այցի ժամանակ հանդիպել եմ նաև Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրինության հետ, քննարկել ենք հետագա համագործակցությունը։ Ակնկալում ենք, որ նախանշված ծրագրերը կյանքի կկոչենք»։

 Երեկ էլ Արցախի գիտական կենտրոն էր այցելել ԱՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանը, ծանոթացել Կենտրոնի շենքային պայմաններին, նորաբաց լաբորատորիաների գործունեությանը, առկա հնարավորություններին և տեխնիկական զինվածությանը։ «Ես ԱՀ ԿԳՄՍ նախարարին ևս ներկայացրել եմ Կենտրոնի վերջին ձեռքբերումները, խոսել ՀՀ գիտական կառույցների հետ համագործակցությունից ու օրեցօր ընդլայնվող կապերից»,-ասում է Կենտրոնի ղեկավարը հույս հայտնելով, որ չնայած Արցախում առկա դժվարություններին, պայմանավորված այդ թվում և նրա ներկայիս կարգավիճակով, այնուամենայնիվ, Արցախի գիտական կառույցը հնարավորություն կունենա հետ չմնալ գիտության զարգացման և առաջընթացի՝միջազգային տեմպերից։

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 03 Մարտի 2022 14:55
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ