Հայ կրթական հիմնարկությունը Արցախում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել։ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում ներդրված սոցիալական աշխատողի մագիստրատուրայի ծրագիրը դրանցից է։ Նախագիծն իրականացվում է Կրթական հիմնարկության և ԱՀ Կառավարության համատեղ ֆինանսավորմամբ։ Հայ կրթական հիմնարկության խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանը գոհ է ծրագրի ընթացքից։
«Կարող եմ ասել, որ այս ծրագիրը իրականացվում է ամենայն պատասխանատվությամբ, որովհետև կա գիտակցում, որ այն մեծ նշանակություն ունի հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախում ապրող յուրաքանչյուր քաղաքացու համար»:
Միրա Անտոնյանի խոսքով՝ Մեսրոպ Մաշտոց համալսարանի սոցիալական աշխատողի մագիստրատուրայի առաջին ուսանողները շուտով աշխատանք կունենան։ Ասոցիացիայի ներկայացուցիչները խոստանում են ամեն հարցով օգնել նրանց։
«Մենք կշարունակենք իրենց աջակցել, մինչև որ նրանք որպես մասնագետներ ամուր կկանգնեն ոտքի վրա և կկարողանան օգտակար լինել այսքան շատ խնդիրներ և բաց վերքեր ունեցող Արցախին։ Մեր նպատակը դիմակայուն Արցախ ունենալն է»։
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ծրագրի բոլոր աջակիցներին հավաքել է մի տեղում, մեկ գաղափարի շուրջ՝ ասում է ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։
« «Հանուն դիմակայուն Արցախի» ծրագիրը շատ սիմվոլիկ ու նշանակալից անուն ունի։ Ծրագրի բոլոր աջակիցները փորձում են նպաստել, որ Արցախի բոլոր շրջաններում լինեն սոցիալական աշխատողներ, բոլոր շրջկենտրոններում լինեն սոցիալական աջակցության ծառայություններ»:
Մարտունում արդեն բացվել է սոցիալ-հոգեբանական կենտրոնը, այժմ աշխատանքներ են տարվում Մարտակերտի շրջանում կենտրոն բացելու ուղղությամբ։