Ստեփանակերտում այսօր արտասովոր աշխուժություն է. գարնանային արևոտ եղանակ, ժպտացող մարդիկ, ծաղիկներ գրկած կանայք, տղամարդիկ, երեխաներ, տատիկներ ու պապիկներ: Դե իսկ ծաղկի խանութներ մտնել չի լինում՝ հերթ է։ Այսօրվա համար ծաղիկներ պետք էր նախապես պատվիրել։ Ծաղկամաններում գրեթե ծաղիկներ չկան, իսկ ցուցափեղկերին դրված ծաղկեփնջերն արդեն վաճառված են: Որպես Մարտի 8-ի նվեր կանայք ու աղջիկները հենց ծաղիկներն են նախընտրում: Գոհարի համար ամենամեծ նվերը որդու նվիրած ծաղիկն է:
«Միշտ էլ հաճելի է տարբեր տեսակի նվերներ ստանալ: Այսօր ստացել եմ այս ծաղկեփունջը, որդիս է նվիրել, փոքր տղաս էլ իր ձեռքով պատրաստված բացիկ է նվիրել. Շատ հաճելի էր»:
Ծաղիկներն ու մյուս բոլոր նվերներն, իհարկե, հաճելի են, բայց Մարտի 8-ի համար էլ մեր կանայք ու աղջիկները խաղաղություն են ուզում: Այսպես է մտածում նաև Գոհարը:
«Ամենալավ նվերս այն կլիներ, որ բոլորս խաղաղ երկնքի տակ ապրեինք: Ասում են, որ չպետք է միայն Մարտի 8-ը կամ Ապրիլի 7-ը տոն լինի, բոլոր օրերը պետք է տոն լինեն։ Բայց, երևի սա մի օր է, երբ մենք մեզ պետք է ավելի գնահատված զգանք»:
Օրը հաճելի է կանանց համար, պատասխանատու՝ տղամարդկանց համար: Նրանք պետք է ծաղիկներ գնեն մայրերի, կանանց, քուրերի ու տատիկների համար: Մեր գործընկեր Ավետ Բադալյանը օրը ծաղկավաճառի խանութից է սկսել։ Ասում է՝ տնեցիները տարբեր ծաղիկներ են նախընտրում:
«Ես գիտեմ, որ մեր տնեցիները՝ մայրս, կինս, քույրս, տատիկս ծաղիկների սիրահար են: Բայց բոլորը նույն ծաղիկը, ասենք՝ վարդը չեն սիրում։ Տատիկս, օրինակ, շատ է սիրում «կալլա», մայրս տարբեր տեսակի ծաղիկներ է սիրում, նույնն էլ՝ կինս»:
Նվերի արժեքը Ավետը գինի մեջ չի տեսնում, ասում է՝ աննշան ուշադրությունն էլ կարող ավելի մեծ նվեր լինել: Բայց ահա Մարտի 8-ի շեմին ծաղիկների գները կտրուկ բարձրացել են: Ստեփանակերտի ծաղկի խանութներից մեկի աշխատողի խոսքով՝ դրանք նախկինի համեմատ ավելի բարձր գներով են ներկրվում:
«Գներն, իհարկե, բարձրացել են։ Բայց ոչ միայն Ստեփանակերտում։ Այդ ծաղիկները բարձր գներով են բերվում: Ծաղկի խանութ ունեցողների և աշխատողների համար այսօր տոն չէ, որովհետև շատ ենք չարչարվում ու հոգնում: Մենք մի ամբողջ օր չենք գնացել տուն»:
Ծաղիկ գնողների մեծ մասն այսօր տղաներն են, գնում են հիմնականում կակաչ ու վարդ: Գնորդները շատ են, ծաղիկների բարձր գներն էլ չեն խանգարել, որ տղամարդիկ իրենց սիրելիների օրը տոն դարձնեն: