Այսօր՝ կեսօրից հետո, ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ՝ հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մասին «Արցախ» լրատվականին մանրամասներ է հայտնել Խնուշինակի համայնքապետ Կամո Մուրսալյանը՝ նշելով, որ իրավիճակը ժամը 16:00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է:
«Ժամը 14:10-ից մինչ 15:10-ի սահմաններում հակառակորդը 82 մմ տրամաչափի ականանետից 2 արկ է արձակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց ուղղությամբ, ինչի պատճառով գյուղացիները լքել են տարածքը, որից հետո 2 արկ էլ կրակել են խաղողայգում աշխատող գյուղացիների ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է, ժողովորդի մոտ խուճապ չկա»:
Այսօր թշնամին կրակել է նաև Թաղավարդի ուղղությամբ։ Դա տեղի է ունեցել ժամը 11:10-ի սահմանում: Տուժածներ չկան՝ փոխանցում է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը.
«Թաղավարդ գյուղի հարակից դաշտում աշխատող գյուղտեխնիկայի աշխատանքը խափանելու նպատակով հակառակորդը հրաձգային զենքից արձակել է 7 կրակոց: Տուժածներ չկան»:
Երեկ` կեսգիշերն անց հակառակորդը թիրախավորել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը՝ կրկին կիրառելով ականանետ՝ փաստում է Խրամորթի համայնքապետ Զորիկ Աբրահամյանը.
«Երեկոյան 12:15-ին Ադրբեջանի կողմից կրակել են 60մմ տրամաչափի ականանետով: 2 արկ անցել է գյուղի գլխավերևով: Ականի պայթյունների հետևանքով վնասներ չեն եղել: Տուժողներ չկան»:
Այս պահին իրավիճակն հանգիստ է նաև Խրամորթում: Գյուղում տիրող տրամադրությունների մասին է պատմում համայնքապետը:
«Ամեն ինչ նորմալ է: Աշակերտները դասի են գնում: Մարդիկ իրենց գործերով են զբաղված: Ոչ մի խուճապ չի եղել ու չի լինի»:
Հրադադարի խախտման բոլոր այս դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ հայտնում են ԱՀ ՊԲ-ից։ Ավելի վաղ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ հայկական կողմին մեղադելով հրադադարի ռեժիմի խախատման մեջ: ԱՀ ՊԲ-ից հայտնել են, որ այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ: Արցախի ՊԲ կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։