Փայտը, վառարանի ճրճտյունն ու թեյնիկի թշշոցը համար 3 մանկապարտեզի բակում 90-ական թվականների կոլորիտն են ստեղծում: Այսօրվա ճաշի պատրաստությունը խոհարարները երեկվանից են սկսել: Երեկ միսն են եփել, այսօր՝ ապուրը: Խոհարար Անյա Հակոբյանը վստահ է, որ այսօրվա ճաշն ավելի համեղ է լինելու նախօրդներից:
«Երեկ տնօրենի խնդրանքով եկել ենք միսը եփել, պատրաստել, որ այսօր հասցնենք: Ինչպես ասում են, վառարանի վրա եփած կերակուրն ավելի համեղ է լինում՝ ծխի հոտով համեմված»:
Խմբասենյակներում մեկական ջեռուցիչ են միացնում, բայց, միևնույնն է, ցուրտ է: Մանկապարտեզում տաք ջուր էլ չկա: Տնօրեն Լարիսա Ասրյանն ասում է, որ նախաճաշից առաջ երեխաներին լվացարան տանել չէին ուզում․ ջուրը սառն է:
«Ըստ իս, այս պայմաններում երեխա պահելը մեղք է, որովհետև ինչքան էլ փորձում ենք տաքացնել սենյակները, միևնույն է ջերմաստիճանը նորմալ չէ: Ճաշ պատրաստելու խնդիր էլ ունենք: Այսօր երեխաներին սովորականի պես ապահովվելու ենք տաք ճաշով, որ ցուրտը շատ չզգան»:
Սովորաբար մանկապարտեզ հաճախում են 120-130 երեխա, իսկ այսօր ներկա են 64-ը: Դաստիարակները երեխաներին տաքացնելու այլընտրանքային միջոցներ էլ ունեն. ավելի շատ են մարմնավարժություն անում, երգում, պարում. այնքան, որ թշիկներն էլ են կարմրում: Մանկապարտեզի տնօրենն այլընտրանքների մասին է մտածում, բայց հուսով է, որ կարիքը չի լինի: Համար 3 մանկապարտեզի բակում այգեպանը բակի ծառերի չորացած ճյուղերից 3-4 օրվա վառելափայտ է կուտակել: Չնայած գազամատակարարման խափանման հետևանքով մայրաքաղաքում հացի արտադրամասերից մի քանիսը չեն գործում, մանկապարտեզները բավարար քանակությամբ հաց է մատակարարվում: Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանն ասում է՝ կթօջախները փակելու խնդիր առայժմ չի քննարկվում։