Վերջին երկու օրերին Հանրապետության խանութներում խուճապային առևտուր է սկսվել։ Ալյուրը, ձեթն ու շաքարավազը սպառվում են լույսի արագությամբ։ Խուճապային առևտրի պատճառները տարբեր են՝ օր օրի թանկացումներից մինչև սահմանային լարվածություն ու աշխարհաքաղաքական զարգացումներ։
«Ապրանքները շատ թանկ են։ Թոշակս մի քանի դրամով ավելացրել են, պարենը դրանից էլ շատ։ Հիմա շաքարավազ եմ ուզում գնել, չկա։ Գազ էլ չկա»։«Կաթնամթերքից սկսած բոլոր ապրանքները թանկացել են։ Շաքարավազը արդեն 750 դրամ է»։
Խանութներում շաքարավազի պակասի պատճառը պահանջարկի հանկարծակի ավելացումն է՝ վստահեցնում է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անդրեյ Գասպարյանը։ Օրեր առաջ խանութներում մեկ պարկ շաքարավազը վաճառվում էր մի քանի օրում, այսօր՝ մի քանի ժամում։ Իրականում խուճապն անտեղի է՝ ասում է փոխնախարարը․ պարենային ապրանքները կբավարարեն բոլորին։
«Այս օրերին առաջին անհրաժեշտության ապրանքներից նկատվել է շաքարավազի պակաս, որը մեծապես կախված է բնակչության կողմից սովորականից շատ գնումներ կատարելու հետ։ Այժմ անհրաժեշտ պաշարը կրկին լրացվում է։ Ուզում եմ հավաստիացնել, որ սննդամթերքի ներկրման հետ կապված խնդիր չկա։ Կան բավարար պաշարներ»:
Գազամատակարարման խափանման պատճառով մայրաքաղաքում նկատվում էր նաև հացի պակաս։ Այս խնդիրն արդեն լուծված է՝ ասում է Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Հրաչ Ավթանդիլյանը։ Վերջին ուսումնասիրության համաձայն շաքարավազի գինը աճել է 14 տոկոսով։
«Կան խանութներ, որտեղ շաքարավազ չկա։ Ըստ մեր ուսումնասիրությունների՝ պատճառն այն է, որ շաքարավազ մատակարարող ավտոմեքենաները ճանապարհին են, կամ շաքարավազը պահեստներում է և պետք է խանութներին մատակարարվի։ Մյուս պատճառն այն է, որ իրավիճակով պայմանավորված, օրինակ, այն բնակիչը, որը սովորաբար գնում էր 1 կգ շաքարավազ, հիմա 5 կգ է գնում»։
Անդրեյ Գասպարյանն ասում է, որ դոլարի և ռուբլու փոխարժեքի տատանումների հետ կապված թանկացումներ են սպասվում ներկրվող հումքով արտադրվող արտադրատեսակների համար, իսկ տեղում արտադրվող ու սպառվող ապրանքների դեպքում՝ ոչ։
«Շահագրգիռ գերատեսչությունների հետ կայացրել ենք որոշում, շուկայում նոր ուսումնասիրություն ենք կատարելու: Այն տնտեսվարող սուբեկտների նկատմամբ, որոնք չարաշահել են ստեղծված իրավիճակը՝ գերշահույթ ստանալու նպատակով, համապատասխան միջոցներ կկիրառվեն»:
Փոխնախարարի խոսքով՝ արձանագրված գնաճը կապված է նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ։ Բայց, նրա խոսքով, Ռուսաստանից որոշ ապրանքների արտահանման արգելքը չի վերաբերվում ԵԱՏՄ անդամ երկրների ներքին պահանջարկի բավարարմանը, բացի այդ, ՀՀ պահեստներում կան բավարար քանակով ապրանքներ: