Մեսրոպ Մաշտոց համալսարանում միջազգային գիտաժողովների կազմակերպումը ավանդույթ է դարձել։ Սա թվով 8-րդն է։ Նման գիտաժողովները հնարավորություն են ընձեռում ի մի բերել ձեռքբերումներն ու թերացումները, ուսումնասիրել ներկայիս մարտահրավերները գիտագործնական հարթության վրա և համապատասխան գնահատականներ տալ իրադարձություններին։ Համալսարանի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանի խոսքով՝ գիտաժողովին առկա և հեռակա ձևաչափերով մասնակցում են 50-ից ավել գիտնականներ և մասնագետներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հարավային Օսիայից և այլ երկրներից։
«Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող գիտաժողովը հնարավորություն կտա տարբեր գիտական կառույցների ներկայացուցիչներին մասնակցել այս քննարկումներին, ներկայացնել իրենց տեսլականը և հիմնավորումները մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին»։
Գիտաժողովի համակազմակերպիչներն են Հարավային Օսիայի «Փորձագիտական աջակցության կենտրոն»-ը և Ռուսաստանի «Կովկասի աշխարհ» միջազգային հետազոտությունների կենտրոնը։ Միջազգային այս կենտրոնները իրենց աջակցությամբ նպաստել են նաև Արցախը տարբեր միջազգային հարթակներում ներկայացնելուն,- ասում է Ալիսա Բաղդասարյանը։
«Դրսի մեր ներկայացուցիչները, գիտնականները իրենց գործունեությամբ արժևորում և կարևորում են մեր կյանքը։ Եվ դա լավագույն կոչն է, որ հղվում է միջազգային հանրությանը՝ ներկայացնելով մեր դեմքը, կերպարը, մեր կենսակերպը և մեր խնդիրները»։
Աշխարհում տեղի ունեցող հակամարտությունները կրում են հիբրիդային բնույթ՝ ասում է գիտաժողովի մասնակից, «Կաճառ գիտական կենտրոն»-ի ղեկավար Մհեր Հարությունյանը։ Հիբրիդային պատերազմների կարևորագույն ուղղություններից մեկը տեղեկատվականն է, և այս գիտաժողովը ուղղված է հակառակորդի համապատասխան կառույցների քարոզչական մեքենաների ոտնձգություններին հակադարձելուն։
«Գիտական հանրությունն իր ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելով՝ փորձում է օբեկտիվ ճշմարտությունը հասցնել, ձևավորել օբեկտիվ հասարակական կարծիք, որը թույլ կտա հասկանալ մեր հակառակորդների կեղծարարությունը և պատմության, անցյալի իրադարձությունների նենգափոխումների բուն էությունը: Այս տեսակետից, կարծում եմ, որ այսօրվա գիտաժողովը ծառայեց իր նպատակին»։
Ողջույնի խոսքով հանդես է եկել համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը։ Նա շնորհակալություն է հայտնել ներկաներին, գիտաժողովին մասնակցության համար։ Մանսակիցներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ավետիք Հարությունյանը, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը, Արցախի պետական համալսարանի և Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոսներ և այլոք: