Արդեն երեք օր է, իրադրությունը Խնապատում ավելի հանգիստ է, ասում է համայնքապետ Սամվել Շահրամանյանը: Ո՛չ հրետակոծության պահին, ո՛չ դրանից հետո ժողովուրդը խուճապի չի մատնվել.
«Խուճապ չի եղել, պարզապես ծնողները իրենց երեխաների համար են անհանգստացել, բայց ոչ ոք գյուղից չի հեռացել: Մարդիկ իրենց բնականոն կյանքով են ապրում, երկու օր է ծառեր ենք բաժանում գյուղացիներին, որպեսզի նոր այգիներ գցեն»:
Ադրբեջանական կողմի այսօրինակ քայլերը միտված են խաթարելու գյուղատնտեսական աշխատանքները: Սամվել Շահրամանյանի խոսքով՝ պատերազմից հետո գյուղի վարելահողերի և այգիների մեծ մասը չի մշակվում: Ասում է՝ չնայած մեր վերահսկողության տակ է, բայց անվտանգային առումով այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելն անհնար է.
«Հարթավայրային մասում 170 հա հողատարածքն ու մոտ 40 հա այգին սահմանային լինելու պատճառով չի մշակվում․ թույլ չեն տալիս: Շատ ենք դիմել համապատասխան մարմիններին խնդրին լուծում տալու համար, բայց՝ ապարդյուն: Հույս ունենք կլուծվեն անվտանգային խնդիրները և գյուղացիների՝ իրենց սեփական հողում գյուղատնտեսությամբ զբաղվելու ցանկությունը շուտով իրականություն կդառնա»:
Խնապատում այս օրերին չի գործում միայն մանկապարտեզը, պատճառը Հանրապետությունում գազի բացակայությունն է: Համայնքը նաև վերաբնակիչներ ունի՝ 28 ընտանիք: Բոլորն ապահովված են բնակելի տներով, ապրելու համար պայմանները լավ են՝ փաստում է նաև Սումգայիթից Գորիս, Գորիսից Շուշի,իսկ Արցախյան երրորդ պատերազմից հետո Շուշիից Խնապատ տեղափոխված Վալենտինա Խալափյանը: Այստեղ ապրում է աղջկա՝ Արմինե Գազարյանի 8 հոգանոց ընտանիքի հետ: Այն օրը, երբ գյուղի ուղղությամբ ականանետ էր կիրառվել, տիկին Վալենտինան գյուղում չէր։ Լուր հեռախոսով է լսել։ Ասում է՝ զգացողությունները նույն էին ինչ պատերազմների ժամանակ. վախենում էր նորից տուն կորցնել.
«Մտածում էի՝ երբ կլուսանա, որ գնամ Խնապատ՝ տեսնեմ ինչպես է դրությունը։ Ես միայն իմ հարազատների մասին չէի մտածում: Այս գյուղն ինձ համար երկրորդ Շուշին է: Ես այստեղ արդեն լավ հարևաններ, բարեկամներ ունեմ: Ինձ համար չեմ վախենում, միայն երեխաների համար եմ մտահոգվում»:
Խնապատում գյուղատնտեսությամբ են զբաղվում, հավի ու հնդկահավի ճտեր են գնել, բազմացրել: Հիմա արդեն իրենց տան ապրուստը նաև հավաբուծությամբ են վաստակում: Արմինեն գոհ է համայնքից,ասում է՝ սրտաբաց ընդունել են, ոչնչի կարիք չունեն.
«Լավ ենք զգում մեզ այստեղ, միայն թե խաղաղություն լինի: Թեկուզ արտասահմանից հրավերներ շատ ունենք, միևնույն է, ուզում ենք Արցախում մնալ, այստեղ կարոտ կա»:
Այստեղ տնամերձներում բարեգործական ծրագրերի միջոցներով նոր ջերմատներ են կառուցվում։ Դրանք տրամադրվելու են զոհված, վիարվորում ստացած և անհայտ կորած համարվողների ընտանիքներին: Այդպես լրացվում է վարելահողերի պակասը։ Այնպես որ, ինչպես իրենք են ասում, Խնապատում ապրելու համար ամեն ինչ կա։