Նոյեմբերի 23, 2024

Նորշեն․ կյանքը սահմանին

By Սրբուհի Վանյան Մարտի 17, 2022
Նորշեն․ կյանքը սահմանին Artsakhpress

Սուսաննա Ավանեսյանը Նորշեն հարս է եկել Արցախի Մարտունի քաղաքից։ Նրա ծնողները Արցախ են վերադարձել 1988-ին Բաքվի հայկական ջարդերից հետո։ Վերադարձել են հույսով, որ հայրենիքում խաղաղ հանգրվան կգտնեն իրենք ու իրենց զավակները, հայրենիքում կծնվեն իրենց թոռները։ Բաքվից մազապուրծ Մարտունի հասած այդ ընտանիքի թոռները ծնվեցին հայրենիքում․ նրանց դուստր Սուսաննան երկու արու զավակ է մեծացնում Նորշենում։ Դպրոցը, որտեղ սովորում են տղաները և ևս 50 աշակերտ, թշնամու ուղիղ նշանառության տակ է՝ Ակնան թշնամուն հանձնելուց հետո ադրբեջանական դիրքը տեղադրվեց գյուղի ուղիղ գլխավերևում։ Դպրոցից հետո տղաները մայրիկին օգնում են խանութում, կենցաղում, և «թորքին պոստին մոտիկ ինելը» իրենց ամենևին չի վախեցնում։ Մայրիկի տագնապը նրանց համար մի քիչ անհասկանալի է։ Ի պատասխան որդիների խոսքերի, Սուսաննան անհանգիստ մի շարժում է անում ընդամենը ու փախցնում աչքերը։ 

«Նշանառության տակ ապրումենք էլի։ Դպրոց են հաճախում երեխաները՝ վտանգված, խաղում են՝ վտանգված։ Ոչ մի լավ բան չկա։ Բայց չեմ ուզում այստեղից դուրս գալ։ Որտե՞ղ գնաս։ Խուճա՞պ։ Սովորել ենք արդեն կրակոցներին։ Ճիշտ է, գյուղի վրա չեն կրակում, այլ օդում։ Բայց ինչ իմանաս՝ մի օր էլ գյուղին են կրակելու»։ 

44 օրյայից հետո, բացառությամբ մեկ ընտանիքի, որը պատերազմի ժամանակ կորցրել է ընտանիքի հորը, բոլորը վերադարձել են գյուղ, շարունակում են արարել, անկախ նրանից, թե թշնամու դիրքը որքան է մոտ կամ հեռու իրենցից։ Ճիշտ է՝ նոր իրողություններում ստիպված են նոր լուծումներ փնտրել։ Անվտանգությունը, բնականաբար առաջնայինն է։ Նոր շենի համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանը իրավիճակն է ներկայացնում․ 

«Նորշենը նորմալ է ապրում։ Յոլա ենք գնում։ Խնդիրների մեջ՝ գազ չկա, լույսը անջատում են, բայց դե խնդիրները չէ, որ մարդկանց անհանգստացնում են։ Անվտանգությունն է առաջնային խնդիրը»։ 

Տղամարդիկ հերթապահություն են սահմանել․ գյուղը վերահսկվում է թշնամու կողմից։ Բնակիչներն անվտանգության լրացուցիչ երաշխիքներ են պահանջում։ «Նման ձևով շարունակել հնարավոր չէ ու ճիշտ չէ, գյուղում ապրելը վտանգավոր է »,-համոզված է համայնքի ղեկավարը։ Ճիշտ է, Խրամորթի նախադեպը չեն ունեցել, որ ստիպված լինեն տարհանել կանանց ու երեխաներին, բայց թշնամին անկանխատեսելի է և պետք է պատրաստ լինել ցանկացած սադրանքի։ 

«Եթե ասենք հույսներս լրիվ դրել ենք ռուս խաղաղապահների վրա, ճիշտ չի լինի։ Բայց իրենք էլ կարևոր առաքելություն ունեն։ Մենք էլ պետք է պատրաստվենք։ Այս պահին առաջարկել ենք ռուսական հենակետ դնել գյուղում՝ անվտանգության լրացուցիչ երաշխիքների համար»։ 

Նորշենում հիմա գյուղատնտեսական աշխատանքները գրեթե դադարեցված են․ չեն ցանկանում վտանգել համագյուղացիների կյանքը։ Մշակվում են միայն տնամերձերը, քչացել է անասնապահությամբ զբաղվողների թիվը։ Բայց գյուղում գյուղատնտեսական աշխատանքներով չզբաղվելն աբսուրդ է և այլ խնդիրներ է առաջ բերելու։ Չնայած անվտանգության լիարժեք մեխանիզմների բացակայությանը, Նորշենում փորձում են պահպանել կյանքի բնականոն ռիթմը։ Ներքին ջրատար ցանց են անցկացնում, կրթություն տալիս զավակներին։ Նորշենի դպրոցն ի դեպ, Արցախի լավագույն դպրոցների ցանկում է։ Վերանորոգվել է մի քանի տարի առաջ։ Ապահովված են բարձրակարգ մասնագետներով, դասասենյակները կահավորված են ըստ առարկաների։ Այստեղ գործում է «Արմաթ» լաբորատորիան։ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Նորշեն ուղեգրված ֆիզիկայի ուսուցիչ Արա Հարությունյանը դպրոցի երեխաների կյանքում ճակատագրական դեր է ունեցել․ նրա գնալուց հետո էլ երեխաները կիրառել են այդ տարիներին ստացած փորձառությունը։ Հենց Նորշենում են ծնվելև կյանքի կոչվել «Ավտոմատ զանգ», եռաչափ տպիչ նախագծերը։ Մեր այցի ժամանակ էլ «Արմաթ» լաբորատորիայի սաները՝ Մանանան և Նարեն մրցույթի էին պատրաստվում։ Աղջիկներն իրար ընդհատելով Արմաթի նախագծերն են ներկայացնում։ Իրենց ապագան էլ հայրենի գյուղի հետ են կապում։ 

«Մինչև «Արմաթ»-ը մենք ՏՏ ոլորտի մասին չգիտեինք։ Հետո արդեն սկսեցինք հետաքրքրվել ոլորտով և տարբեր գաղափարներ առաջարկել։ Ստեղծել ենք ավտոմատ զանգ, եռաչափ տպիչ, չհրկիզվող պահարան, ավտոմատ աղբաման, օնլայն գրադարան։ Մրցույթի էինք մասնակցել, որտեղ ռոբոտ էինք ներկայցրել։ Մենք ուզում ենք հեշտացնել մեր գյուղի կյանքը, դպրոցի կյանքը հետաքրքիր դարձնել»։ 

Դպրոցի տնօրեն, մասնագիտությամբ պատմաբան Սամվել Ավանեսյանը լուռ հպարտությամբ հետևում է սաների զրույցին․ ռազմահայրենասիրական դաստիարակությունն ու կրթությունը, որ ստանում են այստեղ, տալիս է իր պտուղները։ Հանդիսությունների սրահի պատին Մոնթեի մեծադիր նկարն է․ գյուղամիջում հավաքվածներն ամեն անգամ գյուղ եկող գնացողների հարցին ի պատասխան, թե՝ չե՞ն վախենում այստեղ ապրել, հերոսի նկարն են մատնացույց անում․ Նորշենում ծանր սրտով, բայց Մոնթեի պատգամներով են ապրում։ Իսկ ուրիշ տեղ ավելի լավ չէ։ Մարդն իր հայրենիքում է մարդ․ և ուրեմն ամեն գնով պիտի պահես քո ունեցածը և ժառանգես որդիներիդ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ