Նոյեմբերի 23, 2024

Ավանդապաշտ Հացին ու գյուղի նոր մարտահրավերները

By Սրբուհի Վանյան Մարտի 19, 2022

Հացին ավանդույթներով հարուստ  գյուղ է․  իրենք, հացեցիներն էլ  ավանդույթները պահպանող,  իրենց ավանդույթներով հպարտացող  մարդիկ են։  Մի Ղարաբաղ է, մի Հացի՝ ասում են հպարտությամբ․ միայն Անահիտի աղբյուրն ինչ արժե։

Ավանդությունն ասում է, թե Աղվանքի Վաչագան թագավորը այս աղբյուրի մոտ հանդիպելով Հացիկ գյուղի գեղեցիկ և իմաստուն Անահիտին, սիրահարվել է նրան և այդ օրվանից աղբյուրը կոչվել է Անահիտի աղբյուր:

Հացի գյուղի աղջիկները հիմա էլ նույն իմաստունն են, ասում են, և այդ իմաստությամբ էլ դաստիարակում են իրենց որդիներին։

Տեր և տիկին Հարությունյաններին, Աշոտին և Ինգային հանդիպեցինք գյուղամիջում։  Ինգան փոքրիկ գյուղական խանութի սեփականատերն է․  ներս հրավիրեց՝ տաքանալու  փայտի վառարանի  մոտ։    Վառարանի տաքը տրամադրող էր, զրույցն՝ անմիջական։  Ինգան արդեն 27 տարի է, ապրում է Հացիում։ Ստեփանակերտից է հարս եկել։  4 զավակ ունի, 4 թոռ։ Բոլորն ապրում են Հացիում։ Ամուսինը չէր էլ ուզում լսել գյուղից քաղաք տեղափոխվելու մասին։  Հիմա էլ որդիները չեն ուզում։ «Հըցուցուց  խելքը ուրանց շենին հետի ուրանցը չի»,-ծիծաղելով ասում է Ինգան։

«Բոլորն այստեղ են, ոչ ոք չի ուզում դուրս գալ։ Մենակ թե խաղաղություն լինի։ Նույնիսկ երբ ջահելներին ենք ասում դուրս եկեք, մերժում են։  Տղաս 14 տարեկան է։  Վախենում եմ, երբ Հացիից Նորշեն դպրոց է գնում։ Բայց ինքը ինձ հուսադրում է։  Չի ուզում գյուղից դուրս գալ։ «Հայրս մնացել է, ես էլ եմ մնում»,-ասում է։ Ժողովուրդը մեկ ցանկություն ունի․ խաղաղություն, ու ամեն մարդ իր տանը ապրի»։

Մինչ զրուցում էինք, մեզ մոտեցավ նաև Ինգայի ամուսինը․ համառ հացեցին, ով իր ու իր երեխաների ապագան տեսնում է միայն Հացիում։  «Գնալու ոչ տեղ ունենք, ոչ նպատակ,-ասում է։ Էս սիրունությունները, մեր պապերի հողը, մեր տուն ու տեղը թողնենք, գնանք ուրիշի հողում ոնց ապրե՞նք, մերը պիտի պահենք»։

Իսկ Հացին իրոք սիրուն գյուղ է․  փողոցները նեղլիկ են, ու, ճիշտ է,  անբարեկարգ։  Բայց  սպիտակ, միայն այս տարածքում հանդիպող սպիտակ, տափակ կրաքարով  կառուցված հին տներն այնքան ներդաշնակ են  իրար ու փողոցներին, որ այն չնկատելու ես տալիս։

 Անբարեկարգ փողոցները գյուղի միակ  խնդիրը չէ։ Սահմանամերձ դարձած  Հացին  հիմա առաջնահերթ այլ հիմնահարցեր ունի։ Համայնքի երիտասարդ ղեկավար  Սանթուր Սարգսյանը  գյուղի առօրյան է նկարագրում․ 

«Պատերազմից հետո բոլորն իրենց առօրյա կյանքով ապրում են, չնայած գյուղատնտեսական աշխատանքերով  զբաղվելը դժվարացել է․ սահմանին ենք գտնվում։ Իսկ մշակվող վարելահողերն անմիջապես կպած են սահմանին։ Անվտանգության  լիարժեք երաշխիքներ չկան»։

Պատերազմից հետո բոլոր բնակիչները գյուղ են  վերադարձել, բայց  ստիպված են այլ ձևով կազմակերպել իրենց կյանքը։ Դժվարացել է գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելը։

«Անասնապահությունն էլ, գյուղատնտեսությունն էլ տուժել են։ Եթե պատերազմից առաջ 344 գլուխ խոշոր անասուն կար գյուղում, ապա հիմա 100 գլուխ էլ չկա։ Վտանգ կա, որ ցանկացած պահի  կարող է  անցնեն սահմանը։ Պատերազմի ժամանակ էլ անասունների կորուստ ենք ունեցել։ Արոտավայրերի ու վարելահողերի դասավորվածությունն այնպիսին է, որ չենք կարողանում էլեկտրահովիվ ծրագրից օգտվել։ Ամենալավ ծրագիրն այն կլինի, որ սահմանների հարցը լուծեն, ադրբեջանցիների դիրքերը հեռու լինեն գյուղից»։

Գյուղն ապահովված է  խմելու ջրով, բայց ոռոգման ջուր չունեն, ինչը խոչընդոտում է այգեգործության  զարգացումը։  Ճանապարհները, ոչ բարենպաստ եղանակներին դժվարանցանելի են դառնում, հատկապես դեպի  կողքի՝  Ավդուռ, Մյուրիշեն  համայնքները տանող ճանապարհահատվածը։

Դժվարություններով հանդերձ,   Հացին բնակիչների համար աշխարհի ամենալավ գյուղն է․ և իշխանություններից մի պահանջ ունեն ընդամենը՝ «օդը թող փակին, մունք մեր շենը պըհըլանընք»։ 

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 19 Մարտի 2022 07:51
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ