Նոյեմբերի 23, 2024

Առատ ձյան դեմ պայքարին միացել են շինարարական կազմակերպություններն ու պետական մարմինները

By Վիկտորյա Սարգսյան Մարտի 21, 2022

Օրացույցի վրա գարուն է, բայց հանրապետությունում հեքիաթային ձմեռ է սկսել: Բայց այս հեքիաթը երևի դրական կհիշվի միայն փոքրիկների մոտ: Արդեն 3-րդ օրն անդադար տեղացող առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Խաթարվել է միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներով երթևեկությունը։ Ձնամաքրման աշխատանքներին ներգրավված են գրեթե բոլորը՝ փոքրիկներից մինչև պետական մարմինների աշխատողներ։ Այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել քաղաքաշինության նախարարությունում՝ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նախարար Սարգսյանի հանձնարարականով` կատարվող աշխատանքներին օժանդակելու նպատակով հնարավորինս մեծ ռեսուրսներ են ներգրավել իրականացվող ձնամաքրման աշխատանքներին։ Մայրաքաղաքի Աբովյան փողոցում հանդիպեցինք «Պանտ» շինարակական ընկերության թիմին աշղեկ Մխիթար Կարապետյանի խոսքով՝ վաղ առավոտյան սկսել են իրենց վստահված հատվածի ձնամաքրման աշխատանքները։ 

«Մինչև երկրորդ դպրոցի հատվածը պետք է մաքրենք։ Աշխատանքներին ներգրավված են 10 մարդ և տեխնիկա: Վերջին տարիներին նման աշխատանքներ չենք իրականացրել»:

 Ընկերության աշխատակից Արամ Ջալալյանի խոսքով` շինարարները հասկանում են այս պայմաններում իրենց աշխատանքի կարևորությունն ու անում են այն մեծ պատասխանատվությամբ : 

«Մարքում ենք, որ ճանապարհը բացվի և ժողովրդի համար, և երեխաների։ Աշխատանքը այդքան էլ դժվար չի։ Մեծ սիրով և պատասխանատվությամբ ենք աշխատում՝ հասկանալով, որ, երբ դասերը վերսկսվեն, երեխաները հանգիստ կարող են այստեղով գնալ գալ»:

 Այսօրվանից վերականգնվել է նաև երթուղային ավտոբուսների աշխատանքը։ Քաղաքապետարանի աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների բաժնի պետ Էդգար Ավանեսյանն է մանրամասնում. 

«Առավոտից ներքաղաքային ենրթուղիները բոլոր ուղղություններով, բացառությամբ համար 13 երթուղուց, սկսել են աշխատել: Համար 13 երթուղին մերկասառույցի պատճառով չի կարողացել սպասարկել: Հիմնականում խնդիրներ են առաջանում կանգառներում. մարդիկ չեն կարողանում մոտենալ ավտոբուսներին: Այստեղ նույնպես ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում»:

 Մարտի 18-ից ԱԻ պետական ծառայությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, ներկայացել բոլոր ահազանգերին և ձեռնարկել համապատասխան փրկարարական աշխատանքներ, մասնավորապես արձագանքելով քաղաքացիների համար վտանգ ներկայացնող փլուզումների, արգելափակման մեջ հայտնված ավտոմեքենաների ուղևորների տարհանման, երթևեկության և մարդկանց բնականոն տեղաշարժի համար վտանգ և խոչընդոտ հանդիսացող ծառերի հատման և այլ անցանկալի պատահարների վերաբերյալ կանչերին: Առատ ձյան հարուցած վնասները ներկայացնում է ծառայության տեղեկատվության և հանրության հետ կապերի բաժնի ավագ սպա Հարություն Մկրտչյանը:

 «Մարտի 21-ին ժամը 02:07-ին, ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում ձյան մեջ են մնացել «Նիվա», «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է կանչի վայր, նշված մեքենաների ուղևորներին տեղափոխել քաղաք Ստեփանակերտ։ Մարտունու շրջանի Եմիշճան համայնքում առատ ձյան տեղումների հետևանքով մասնակի փյուզվել է բնակելի տան տանիքը: Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքում ձյան տեղումներով պայմանավորված, մասնակի մեկ տան տանիք է փլուզվել»:

 Առաջիկա օրերին եղնակային պայմանների փոփոխություն չի սպասվում: Արցախի հիդրոօդերևութաբանության ծառայությունից հաղորդում են, որ ձյան և թաց ձյան տեսքով տեղումները կշարունակվեն դեռ մինչև մարտի 25-ը։ 

«Մարտի 23-24–ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ` ձյան տեսքով և ցերեկը՝ 26–ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 23-ի 24–25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով»:

 Համապատասխան կառույցները խնդրում և հորդորում են ստեղծված իրավիճակին մոտենալ պատասխանատվությամբ: Աննախադեպ եղանակային պայմանների ստեղծած դժվարությունները հաղթահարելու համար ամեն մեկս կարող ենք օգնել մեր բաժին աշխատանքով:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ