Անգազ Արցախում ձմեռը նահանջել չի ուզում․ ըստ հիդրոօդերևութաբանների կանխատեսումների մինչև մարտի վերջ տեղ-տեղ ձյան տեսքով տեղումները շարունակվելու են։ Եվ չնայած Արցախում երկար են սպասել ձյունառատ ձմռան, ուշացած ձյունը շատ չի ուրախացրել։ Այն իր հետ բազմաթիվ խնդիրներ է բերել հոգսաշատ Արցախին։ Խաթարվել է հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքը, կրթական գործընթացը, գերծանրաբեռնվել է էներգետիկների, կոմունալ ծառայություն մատուցողների աշխատանքը, տնտեսության բոլոր ոլորտներն արտակարգ ռեժիմով են աշխատում։ Միջհամայնքային ճանապարհներին դեռ առկա է մերկասառույց, տանիքները ձնածածկ են, դաշտերում ավելի քան մեկ մետր հաստությամբ ձնաշերտ կա։ Անցած օրերին մայրաքաղաք Ստեփանակերտում իրավիճակը խիստ լարված էր․ քաղաքը ձյունից մաքրելու գործընթացին կցվել էր ինչպես պետական, այնպես էլ հասարակական հատվածը․ կոմունալ ծառայության աշխատակիցներին մենակ թողնել այդ աննախադեպ իրավիճակում ճիշտ չէր լինի․ Ստեփանակերտն այդքան ձյուն, այն էլ՝ մարտին, չէր տեսել տասնյակ տարիներ։ Քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կոչին արձագանքել է ամբողջ քաղաքը․ փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի խոսքով, հենց այդ համատեղ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կարճ ժամանակում վերագործարկել ենթակառուցվածքները։
«Առաջին օրը շատ դժվար էր։ Բայց Ստեփանակերտի քաղաքապետի կոչին արձագանքել են բոլորը, մեզ միացել են ԱՀ քաղաքաշինության նախարարությունը իր ենթակայության տակ գործող կազմակերպություններով, հասարակական կազմակերպությունները, և համատեղ ուժերով դիմացել ենք առաջին հարվածին։ Քաղաքը հիմա համարյա կյանքի բնականոն հուն է վերադարձել»։
Մայրաքաղաքի փողոցներից, այդ թվում և ծայրամասային, հիմնականում ձյունը մաքրված է․ առաջնահերթը տրանսպորտի համար ճանապարհ բացելն է, ջարդված ծառերից բակերն ու փողոցները մաքրելը։ Հիմա արդեն անխափան աշխատում է ներքաղաքային հանրային տրանսպորտը, քաղաքապետարանն արդեն սեփական ռեսուրսներով է կազմակերպում մաքրման գործընթացը։ Ստեփանակերտում ձյունն այնքան առատ էր, որ բեռատարներով այն քաղաքից դուրս էր հանվում։
«Եթե ձյունը մնար քաղաքում, հետագայում կարող է մեծ վնաս տար ենթակառուցվածքներին, ջրահեռացման համակարգին։ Այսօրվա դրությամբ նման խնդիր չի արձանագրվել։ Մոտ օրերս սպասում ենք, որ եղանակը կտաքանա և մնացած ձյունը հալոցքի հետ կանցնի»։
Ձնառատ օրերին դժվարացել էր աղբահանության գործընթացը․ տեխնիկան չէր հերիքում։ Սուրեն Թամրազյանն ասում է, որ խնդիրն արդեն կարգավորված է․ երեկվանից «Սանմաքրում-կանաչապատում» ընկերությունն անցել է աղբահանության առօրյա գրաֆիկին։ Առատ ձյունից առավելապես տուժել են քաղաքի պուրակներն ու մյուս կանաչապատ գոտիները․ ծառերի մեծ մասը ձյան առատությանը չդիմանալով կոտրվել է, նույնիսկ եղևնիներ են արմատից պոկվել։ Վնասները վերացնելու համար քաղաքապետարանը նախատեսում է շաբաթօրյակ կազմակերպել և ծառատունկ կատարել։ Այլ էական վնասներ չեն գրանցվել՝ համակարգված աշխատանքի շնորհիվ։
«Մասնավոր հատվածից դիմումներ կան, ոչ շատ։ Բազմաբնակարան շենքերի մասով՝ ԲՇՏ-ն համակարգված աշխատանք է տարել տանիքների մաքրման մասով։ Աշխատանքները շարունակվում են։ Բողոքներ չկան։ Բայց լինելու դեպքում էլ քաղաքապետարանի համապատասխան կառույցները պատրաստ են արագ արձագանքել և լուծել խնդիրը»։
Հիմա քաղաքապետարանը բնականոն ռիիթմով է աշխատում․ և չնայած Ստեփանակերտն ամբողջությամբ դեռ մաքրված չէ ձյունից, ամենադժվարը հաղթահարված է։ Միասնական ուժերով։