Նոյեմբերի 23, 2024

Հաղթել՝ ապրելով. Սահմանային գյուղերի որոշումը

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 24, 2022

Ասկերանի շրջանի խրամորթ, Խնապատ և Փառուխ համայքները վերջին շրջանում հայտնվել են թշնամու թիրախում: Սկզբում այն հոգեբանական գրոհ էր՝ սպառնալից ձայնագրությամբ, հետո արդեն  կրկոցներ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից:  Անվտանգային խնդիրն այնքան լրջացավ, որ Խրամորթից  կանանց ու երեխաներին տարհանելու որոշում կայացվեց: Լուրը  մարտի 15-ին   ֆեյսբուքյան էջում հայտնեց  Ասկերանի շրջվարչակազմը.

«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները»: 

 Դա, ինչպես նշեցինք, մարտի 15-ին էր: Վերդարձե՞լ են,  արդյոք, այս գյուղի բնակիչները  իրենց բնակավայրերը, թե  ոչ՝  չի հայտարարվել: «Արցախ» լրատվականը հարցին  պատասխանում  է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:
 

«Այս պահին և անցած շաբաթվա ընթացքում նշված համայնքներում իրավիճակը հանգիստ էր, լարվածություն չկա։ Մարդիկ վերադարձել են իրենց առօրյա կյանքին ու աշխատանքին։ Ես երեկ եմ եղել Փառուխ, Խրամորթ ու Խնապատ համայնքներում, հանդիպել բնակիչների հետ նաև մասնակցել ձնամաքրման աշխատանքներին»։ 


Ճիշտ է, խուճապ համայնքներում  կար, բայց վարչակազմի ղեկավարի խոսքով, այդ օրերին խուճապային տրամադրություններն ավելի շատ  սոցիալական ցանցերում  էին։
 

«Ես տվյալ պահին գտնվել եմ Խրամորթ համայնքում և այդ մարդկանց մոտ խուճապ չկար։ Ընտանիքների անվտանգությունից ելնելով մարդիկ իրենց մանկահասակ երեխաներին ու կանանց տեղափոխել են այլ բնակավայրեր»։ 


Հիմա  էլ, ժամանակ առ ժամանակ թշնամին   միացնում է հայտնի ձայնագրությունը։ Բայց համայնքների բնակիչների համար այն սովորական   է դարձել։  Ավելին,  ի պատասխան Ադրբեջանի գործադրած հոգեբանական  այս բացահայտ ճնշմանը, գյուղում հայրենասիրական երաժշտություն են միացնում՝ այնքան բարձր, որ խլացնի  ադրբեջանական մուղամն ու սպառնալիքները։ Համլետ Ապրեսյանի խոսքով այսօր այդ համայնքներում անվտանգային երեշխիքներ կան։
 «Անվտանգության առումով կարող եմ ասել, որ մեր բոլոր ծառայությունները իրենց տեղում են և պատշաճ ու բարեխղճորեն կատարում են իրենց ծառայողական պարտականությունները։ Փառուխ և Խրամորթ համայնքներում մենք ունենք խաղաղապահ զորքերի մշտական տեղակայում»։ 

Ադրբեջանական սադրանքների աշխարհագրությունը տարբեր էր, բայց ամենաինտենսիվը   հենց Խրամորթի ուղղությամբ էր, ինչի՞ հետ է սա կապված և ի՞նչ է ուզում հակառակորդը․ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը դժվարանում է պատասխանել։ 

«Չեմ կարող ասել ինչի համար են հենց Խրամորթի ուղղությամբ ակտիվություն ցուցաբերում։ Կրակոցներ կային նաև Փարուխ գյուղի ուղությամբ։ Հաշվի առնելով, որ Խրամորթի կողքին գտնվում է Ակնան (Աղդամ),  գուցե նրանք փորձում են մեծ ճնշումը այդ ուղղությամբ գործադրել»։ 


Ինչպես Արցախի մնացած համայնքերում, այստեղ ևս խնդիրները շատ են:  Բայց անվտանգային խնդիրն այնքան սուր է դրված, որ թույլ չի տալիս մտածել կենցաղային դժվարությունների  մասին։ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի կարծիքով թշնամու միակ նպատակը Արցախը հայաթափելն է։ 

«Մենք չենք պատրաստվում ենթարկվել  ճնշումներին։ Ասկերանի շրջանի բնակիչների հետ շատ ենք շփվում և նրանք հաստատակամորեն չեն պատրաստվում լքել Արցախը։ Նրանք բոլորը միակարծիք են, որ մենք գնալու տեղ չունենք և հարկ եղած դեպքում բոլորս միասին պաշտպանելու ենք մեր երկիրը»։ 


Այս համայնքներում մարդկանց ամենաշատը հուզում է իրենց անվտանգության և երկրի կարգավիճակի հարցը, մնացած կենցաղային և առօրյա հարցերը լուծելի են՝ ասում է Համլետ Ապրեսյանը։

Artsakh PUblic Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ