Ռազմական դրության պայմաններում մտցված նոր սահմանափակումները մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ է ստեղծել։ Շատերին թվում էր, թե ռազմական դրություն նոր է հայտարարվում։ Բայց Արցախում, փաստացի, ռազմական դրությունը սահմանված է 1992 թվականից, իսկ 2005 թվականից այն անժամկետ է դարձել։ «Կոդեքս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն իրավաբան Էլադա Ղահրամանյանը «Արցախ» լրատվականին մանրամասներ է ներկայացնում ռազմական դրության օրենքի մասին։
«Ռազմական դրություն իրավական ռեժիմի մասին օրենքով հստակ սահմանված է, թե ինչ է իրենից ներկայացնում ռազմական դրությունը։ Նույն օրենքի 8-րդ հոդվածով արդեն իսկ առանձին-առանձին նշված են ռազմական դրություն հայտարարելու դեպքում իրականացվող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները։ Այսինքն ռազմական դրությունը հայտարարված է, բայց սահմանափակումները նախագահի հրամանագրով կարող են մտցվել կամ հանվել»։
Վերջին շրջանում սահմանային լարվածության հետ կապված Ստեփանակերտում տեղի են ունեցել մի շարք հավաքներ ու ցույցեր, որոնք էլ, ըստ էության, սահմանափակումների պատճառ են դարձել։ Էլադա Ղահրամանյանը ներկայացնում է այն սահմանափակումները, որոնք հնարավոր են ռազմական դրության ռեժիմում։
«Կարող են այլ սահմանափակումներ լինել։ Դա կարող է վերաբերել տարածքում տեղաշարժման ազատության սահմանափակմանը, տարածք մուտք գործելու, տարածքից դուրս գալու որոշակի սահմանափակումներ կարող են լինել։ Կարող է լինել սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռք բերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում, կարող է լինել ընդհանուր և մասնակի զորահավաքի կազմակերպում։ Այսպիսով Արցախի Հանրապետության նախագահը իրավունք ունի հրամանագրի միջոցով մտցնել այս և մի շարք այլ սահմանափակումներ»։
Ռազմական դրություն հայտարարվում է Ազգային Ժողովի հատուկ նիստի որոշմամբ, իսկ սահմանափակումները կարող է մտցնել նախագահը՝ հատուկ հրամանագրերի միջոցով։