Նոյեմբերի 23, 2024

Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է 6 տարի

By Վիկտորյա Սարգսյան Ապրիլի 02, 2022

2016 թվականի ապրիլի 2-ն էլ այսօրվա պես արևոտ էր։ Ուղիղ վեց տարի առաջ այս օրը Հայաստանն ու Արցախի կրկին  մարտի ելան՝ հանուն  հայրեիքի խաղաղ ու արևոր լուսաբացների։ Մի քանի օրվա ընթացքում զոհվեցին հարյուրից ավելի երիտասարդներ։    Ապրիլյան պատերազմը 44-օրյա պատերազմի նախերգանքն էր։ Այսօր շատերն են այս կարծիքին։ Բայց ի՞նչ դասեր ենք մենք քաղել քառօրյա պետերազմից՝ թուլ չտալու համար նոր՝ ավելի մասշտաբային  պատերազմ։   Պետնախարար Արտակ Բեգլարյանը ցավով է նշում, որ մենք ավելի շատ դասեր ենք քաղել 44-օրյա պատերազմից։ Պատճառը՝ մասշտաբներն ու կրած կորուստներն են։ Բայց այսօր էլ մենք կանգնած ենք նոր սպառնալիքների առջև և սա ևս մեկ անգամ հուշում է, որ անընդհատ պետք է զգոն լինել և բարելավել սեփական անվտանգային, պաշտպանական համակարգը։  

«Մենք պետք է միշտ բարձր գնահատենք  մեր զինծառայողների՝ այդ թվում զոհերի սխրանքները։ Սահմանին կանգնած զինվորների թիկնուքում պետք է լինենք, նրանց արժևորենք։ Վիրավոր և զոհված տղաների ընտանիքների կողքին պետք լինենք։ Մենք պետք է հասկանանք, որ մեզ համար ամենաթանկը մեր պաշտպանությունն ու անվտանգությունն է։ Եվ մեր զոհված տղաները իրենց ունեցած ամենաթանկը տվել են՝ հանուն մեր ամենաթանկի»։ 

Ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում յուրաքանչյուր ուշացում հղի է նոր կորուստներով։ Ապրիլյան պատերազմի արդյունքները չստիպեցին մեզ լրջությամբ ընկալել այն հասունացող սպառնալիքները, որոնք հնարավոր դարձրեցին 44-օրյա պատերազմը,- ասում է ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։ Նրա խոսքով՝ վերջին օրերի իրադարձությունները ևս մեկ   տագնապի ազդանշան են առ այն, որ  մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև։  

«Կարծում եմ հասունացել է լրջացման պահը, երբ մենք պետք է օր առաջ ունենանք հետագա քայլերի հստակ ծրագիր և յուրաքանչյուրս պետք է իր պատասխանատվությունը զգա։ Ավելորդ խոսակցություններից զերծ մնալով պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարողանանք դիմակայել այս բոլոր սպառնալիքներին»։

 Ապրիլյան պատերազմի օրերին հայ ժողովուրդը որպես հավաքականություն, դրսևորվեց իր լավագույն որակներով,-ասում է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Բայց ապրիլյանից հետո մենք չհասկացանք, որ մեզ սպասում է ավելի լայնամասշտաբ պատերազմ։ Կամ էլ հասկացանք, պարզապես չէինք ուզում ընդունել դա։  

«Կուզեմ մի քանի տարբերություն նշել։ Քառօրյա պատերազմի օրերին մեր ժողովուրդը համախմբված էր։ Այնքան մարդ կար Արցախում, որ մենք արդեն կոչ էինք անում, որ տեղ չկա ոչ դիրքերում, ոչ քաղաքներում և գյուղերում։ 4 տարի անց պարզվեց, որ մենք այդքան էլ պայքարող չենք, ինչի արդյունքում   կորցրեցինք այդքան տարծքներ և հազարավոր տղաներ»։ 

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորածների հարազատների միության»   նախագահ Արմեն Ասրյանի խոսքով՝ ապրիլյան քառօրյայից հետո մեզ ժամանակ և հնարավորություն էր ընձեռվել  մեր սխալներն ու  բացթողումները հասկանալու  և շտկելու համար։ Բայց արդյունավետ քայլեր այդպես էլ չձեռնարկվեցին։ 

«Ցավոք ունեցանք այն, ինչ ունեցանք։ Եվ ներկա դրությամբ ևս իրավիճակը լարված է և վտանգ կա։ Պետք է գերլարել ուժերը, համախմբվել, չկրծել իրար կոկորդ և մտածել երկրի ապագայի մասին»։ 

2016թ.-ի ապրիլին նահատակված հերոսների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև աշակերտներ և ուսանողներ։  

«Ապրիլի 2-ը, կարծում եմ, այն օրերից է, որը մենք պարտավոր ենք հիշել։ Մեր տղաներին հիշելը մեր կողմից ամենափոքր քայլն է, որ կարող ենք անել»։

 Ապրիլյան պատերազմը հայ ժողովրդին տվեց նոր հերոսներ, ցավոք, նաև նրանց կյանքերի գնով։ Անցել է վեց տարի, հերոսացած տղաների թիվը բազմապատկվել է, բայց  խաղաղությունը, հանուն որի նրանք մարտի ելան, Արցախում այդպես էլ չի հաստատվել։ Դեռևս չի հաստատվել։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ