Այսօր ժամը 17-ին Արցախում միասնական աղոթքի ժամ էր։ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում և հանրապետության մյուս բոլոր գործող եկեղեցիներում հավատացյալ ժողովուրդը միասնական աղոթքի ելավ: Համախմբվելու, ստեղծված իրավիճակից միասին ելքեր գտնելու նպատակ ուներ միասնական աղոթքը: «Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում»՝ «Արցախ» լրատվականին ասում է Արցախի թեմի քարտուղար Դավիթ ուրարակիր Փաշայանը: Եկեղեցին ապաշխարության կոչ է անում։
«Արցախի թեմը ժողովրդին հրավիրում է ապաշխարության: Կոչ ենք անում ոչ միայն լարված իրավիճակում դառնալ առ Աստված, այլ ամեն օր: Ուշադրություն դարձնել հոգևոր իրականությանը, սեփական մտածելակերպին, հոգեվիճակին, բարոյականությանը»:
Այսօր Արցախում ապրող յուրաքանչյուր ոք իր խրամատն է պահում, իսկ խրամատում, ինչպես ասում են, աթեիստներ չեն լինում։ Հետևաբար նման միջոցառումները նպատակ ունեն ամրացնելու հավատը։ Մեր մեղքերն են, որ հեռացնում են մեզ Աստծուց։ Մեր մեղքերի պատճառով է, որ մեր աղոթքներն անպատասխան են մնում։
«Այսօր մենք խնդիր ունենք Աստծո և եկեղեցու խորհուրդները լավ ճանաչելու: Պահի հաճույքի ետևից գնալով մենք կորցնում ենք երանական երկարատև երջանկությունը: Ով ճանաչում է Աստծո ճշմարտությունն ու կյանքի հոգևոր բանաձևերը դառնում է այն այգեպանը, որը լավ ճանաչելով իր այգին այնպես է անում, որ բոլոր ծառերը պտղաբեր լինեն: Եվ այսօր մենք պետք է պտուղ տանք, որ հետո այդ պտուղը վայելենք: Սա մեզ պետք է թե անհատապես և թե հոգեպես»:
Միասնական աղոթքի մասնակից Լանա Համբարձումյանը կարծում է, որ աղոթելու համար բոլոր ժամերն էլ հարմար են, բայց այսօրվա աղոթքը միասնության, խաղաղության խորհրդանիշ է:
«Շատ կարևոր է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմի կազմակերպած այս միջոցառումը, որը համախմբելու է բոլորիս մեկ նպատակի ու մեկ գաղափարի շուրջ»:
Հայ Առաքելական եկեղեցին հավատում է աղոթքի, և հատկապես, միասնական աղոթքի ուժին։ Այդ պատճառով էլ կոչ է անում մշտապես մնալ աղոթքի և ամուր հավատքի մեջ։