Նոյեմբերի 23, 2024

Միասնության կոչ Ասկերանից

By Վիկտորյա Սարգսյան Ապրիլի 04, 2022
Համամախմբվածությամբ ու միասնական ուժերով պետք է պայքարել արտաքին ու ներքին թշնամիների դեմ։ Ասկերանի շրջկենտրոնում կազմակերպված խաղաղ ակցիան հենց նման ենթատեքստ ու նպատակ ունի։ Հավաքի նախաձեռնող, Արցախյան շարժման առաջամարտիկ, ԱԺ  քանի գումարումների  պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի խոսքով՝ խաղաղ ակցիայի կազմակերպմանը փորձել են խանգարել՝ չհասկանալով դրա իմաստն ու կազմակերպիչների իրական մտադրությունները։
 
 «Մեր նպատակը շատ շիտակ ու պարզ է․ կանգնել իշխանությունների կողքին և «ոչ» ասել բոլոր նրանց, ովքեր որ ցանկանում են, որ Ղարաբաղը կորցնի իր սուբյեկտայնությունը»։ 
 
Մեր հայրենիքի այս փոքրիկ հատվածի պահպանության և պաշտպանության համար յուրաքանչյուր հայ պետք է ունենա իր բաժին պատասխանատվությունը։ Միայն համերաշխությամբ, սիրով ու հանդուրժողականությամբ կարող ենք հասնել հայրենիքի փրկության՝ համոզված է Ասկերանի մշակույթի տան տնօրեն Ռոմելա Գրիգորյանը։ 
 
«Բոլոր ժամանակներում մենք կարողացել ենք ապացուցել մեր կամքի ոգեղենությունը, աշխարհին պարզել մեր ապրելու քվեն։ Այդպես է եղել Ազգային զարթոնքից մինչև անկախության ճանապարհ։ Այսօր վտանգն ավելի օրհասական է»։ 
 
Երկրի ապագայով մտահոգված են նաև ասկերանցի երիտասարդները։ Ժամանակի թելադրանքով նրանց խոսքն  ավելի հասուն է դարձել։ Խաղաղ ակցիային մասնակցել է նաև Լանա Համբարձումյանը։ 
 
«Այսօրվա հանրահավաքը նպատակ է հետապնդում ոչ միայն բացահայտելու Արցախում ստեղծված կացությունը, այլ որ ամենակարևորն է, քայլեր ձեռնարկելու ազգը վերամիավորելու, համախմբելու, խուճապը կանգնեցնելու համար»։ 
 
Հավաքի մասնակիցները կոչ են անում անկախ բոլոր հանգամանքներից լինել միասնական, համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ երկրի առջև ծառացած խնդիրները համատեղ ուժերով հաղթահարելու համար։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 04 Ապրիլի 2022 17:40
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ