Նոյեմբերի 23, 2024

Գյուղը՝ զենքով, այգին ջրով կպահվի

By Մարգարիտա Ղուշունց Ապրիլի 04, 2022

Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր, Սառնաղբյուր գյուղերում ինչպես Արցախի յուրաքանչյուր սահմանապահ գյուղում, խնդիրների խնդիրը անվտանգության ապահովումն է: Երբ թշնամին մոտ է ավելի, քան կարող ես պատկերացնել, սոցիալ-տնտեսական հարցերը երկրորդ պլան են մղվում, այս համոզմանն են այն նախիջևանիկցիները, որոնք հավաքվել էին գյուղի կենտրոնում հանդիպելու պետնախարար Արտակ Բեգլարյանին:  Հանդիպումն անցել է անմիջական մթնոլորտում, հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում բարձրացվել են    հանրապետության անվտանգային, ներքին և արտաքին քաղաքական  օրակարգերին վերաբերող մի շարք հարցեր: Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ կառավարությունը, ռուս խաղաղապահ զորակազմի օժանդակությամբ, անում և անելու է հնարավորը՝ բնակիչների խաղաղ ու անվտանգ կյանքի ապահովման համար: 

«Պետության կողմից բոլոր ջանքերը կատարվում են,որպեսզի անվտանգային սեփական երաշխիքները կտրուկ բարձրանան և ավելի երկարաժամկետ լինեն: Մենք բավականին շատ ծրագրեր ունենք, որ ավելի շատ հակվենք սեփական ամրություններ կառուցելու, մեր բնակչությանը ավելի շատ պատրաստելու պաշտպանության: Աստված տա ընդհանրապես պետերազմ չլինի, բայց պատերազմի ռիսկը մենք կնվազեցնենք այն ժամանակ, երբ մենք պատրաստ լինենք պատերազմի: Այդ պատճառով մենք առավելագույնը անելու ենք, որ պաշտպանական համակարգերը ամուր լինեն, հետո նաև մարդկանց պատրաստվածությունը պաշտպանությանը ավելի բարձր լինի. այդ թվում զենքին տիրապետել, քաղաքացիական պաշտպանություն, տարբեր հմտություններ: Եվ այս ուղղությամբ բավականին խոշոր ծրագրեր արդեն մեկնարկել են:  

Նախիջևանիկի  դպրոցական շենքը,  որտեղ  այժմ կրթություն են ստանում նաև հարակից գյուղերի երեխաները, վթարային  է: Համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանը ուզում է հավատալ, որ վերակառուցման աշխատանքները շուտ կսկսվեն:  Կենսական այլ  խնդիրներն էլ  շատ են:    

«Պատերազմից հետո ոռոգման ջրի խնդիրն առաջ եկավ: Այս պահին աշխատանքներ են տարվում պոմպերի միջոցով ջուրն ավելի հասանելի դարձնելու համար: Կա նաև ճանապարհների բարեկարգման խնդիր: Այս տարի նախատեսվում է դպրոցական    նոր շենքի կառուցումը: Խոստացել են նաև մանկապարտեզ կառուցել, դրա կարիքն ավելի ենք զգում: Սպասում ենք»: 

Պետնախարարի հաջորդ կանգառը Վարդաձորն էր: Այստեղ նույնպես պետանախարարի հանդիպումը ոչ թե համայնքապետի այլ  գյուղացիների հետ էր:  Առաջին պլանում  կրկին անվտանգային խնդիրն  է, հաջորդիվ արդեն՝ կենցաղային:   Համայնքապետ Սամվել Սառաջյանն է    ներկայացնում:  

«Պետության կողմից տարբեր տեսակի տնկիներ են տրամադրվել, բայց ջրի բացակայության պատճառով չգիտենք սկսենք աշխատանքները, թե ոչ: Հիմնական խնդիրը դա է: Եթե ջուրը լինի, կարողանանք աշխատել դաշտում, լավ կլինի»։

  Սահամանապահների  բարձրացրած բոլոր խնդիրներն էլ իշխանությունների օրակարգում են, վստահեցրել է Արտակ Բեգլարյանը: Դրանք կլուծվեն ըստ առաջնահերթության՝ ասում է:    Նախատեսվում են դպրոցաշինության և ճանապարհաշինության պետական ծրագրեր,  որոշ հատվածներում նաև ջրամատակարարման խնդիրների լուծման ծրագրեր:   Բոլոր այս ծրագրերն ուղղված են սահմանին մոտ կանգնած բնակիչների  կյանքի որակը   բարձրացնելուն: Իսկ դրան հասնելու համար, պետնախարարն անհրաժեշտ է համարում   համազգային համախմբումն ու  բոլորիս  մասնակցությունը հայրենիքի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ