Նոյեմբերի 23, 2024

Վարդաձորում ազատ տներ` իրական ապրողների համար

By Մարգարիտա Ղուշունց Ապրիլի 05, 2022

Անվտագություն, ապահովություն, սահման, սահմանամերձ, սահմանապահ, տեղահանվածներ ու  ազատ բնակֆոնդ,  վերաբնակիչներ, կորսված վարելահողեր.  պատերազմից հետո մեր բառամթերքի մեծ մասըն այս բառերն են կազմում։ Այս բառերն իրենց ամբողջ ուժով ու  խորությամբ զգում ես  հատկապես գյուղերում, որտեղից  թշնամու դիրքերը  անասելի մոտիկ են։   Պատերազմից հետո Վարդձորի ազատ բնակֆոնդի տասնչորս առանձնատնից տասներկուսն արդեն վերանորոգվել է, դրանցից ինն արդեն հանձնվել է վերաբնակիչներին։ Բայց   նրանցից  քչերն են   այժմ  գյուղում ապրում: Պատճառները տարբեր են՝ ասում է գյուղապետ Սամվել Սառաջյանը։ Այս փաստը անհանգստացնում է ոչ միայն   իրեն, այլ նաև գյուղացիներին։ Խնդրի մասին բարձրաձայնել են նաև պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հանդիպմանը, որոշել՝ նամակ գրել համապատասխան կառույցներին․

 «Ինը տան կարծեմ ապրում են, ինչու եմ ասում իննում,որովհետև միշտ չեն լինում գյուղում, երբեմն գալիս-գնում են։ Ես չեմ կարող թերագնահատել այդ մարդկանց, եկել են, ցանկացել են ապրել այստեղ, բայց քանի որ մշտապես  այստեղ չեն ապրում,  գյուղացիներն առաջարկում են համապատասխան ընթացակարգերից հետո ազատ տները տրամադրել նորաստեղծ ընտանիքներին, որոնք ուզում են ապրել Վարդաձորում։ Պետությունը քիչ ծախս չի արել այդ տները վերանորոգելու համար»։

 Սեփական վարելահողերի մեծ մասը կորցրած, եղածը մշակող վարդաձորցիներն ամեն օր այգի ու դաշտ են մտնում թշնամու անմիջական դիտարկման պայմաններում։ Վարելահողերի 1400-ից  մոտ 430 քմ պատերազմի հետևանքով անցել է թշնամու վերահսկողության տակ՝ պատմում է համայնքապետը, իսկ տնամերձ այգիները մշակելու համար   ոռոգման   ջուր է պետք: Իսկ այստեղ  խմելու ջուրն էլ  խնդիր է:  Եթե ջուր լիներ՝  Վարդաձորի թուզը, թութն ու խաղողը կարտահանվեր  նույնիսկ։  

 «Խմելու ջրի ներքին ցանցը բավականին լավ է կառուցված:  Այն կառուցվել է ֆրանսիական կազմակերպության կողմից։ Մինչ պատերազմը խմելու ջուրը Վազգենաշենից էր գալիս, հիմա Ասկերանից պոմպով ջուրը մղում, հասցնում են գյուղ: Օրը մեկ կամ երկու ժամ ենք խմելու ջուր ունենում»։ 

Ջրի պակասը  խնդիրներ է ստեղծում ոչ միայն կենցաղում և հողագործութամբ զբաղվելիս, այլ   նաև անասնապահությամբ:  

 «Արոտավայրերը քիչ են, շատ քիչ։ Մինչ այս անասուները պահում էինք անտառում, որտեղ բարենպաստ պայմաններ կային, իսկ հիմա այնտեղ ջուր չկա։ Գյուղնախարարությունը ունի համապատասխան ծրագիր, որի գործարկումը հնարավորություն կտա   ավելի   շատ  զբաղվել անասնապահությամբ»։ 

Խնդիրներով հանդերձ, գյուղում նոր ընտանիքներ են ստեղծվում՝ պատրաստակամ ապրելու Վարդաձորում։ Գյուղում  պատմամշակութային վայրեր կան, հատկապես գյուղի հին թաղամասում՝ ասում է գյուղապետը: Այն կարող էր զբոսաշրջային լավ վայր լինել,  եթե ճանապարհն  անբարեկարգ, դիրքն էլ   թշնամուն այդքան մոտ չլիներ:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ