Նոյեմբերի 23, 2024

Գեղեցիկ, բայց ոչ երբեք թույլ

By Անի Աբաղյան Ապրիլի 07, 2022
Զրուցակիցս հոսպիտալի բուժքույր Արև Անդրյանն է: 20 տարեկանում արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ Բաքվից մարդիկ արտերկիր էին գնում, նա Արցախ   եկավ: 1988 թվականի ցույցերին Արևը հրապարակում  իր տեղը լավ գիտեր, գիտեր ինչի համար են հավաքվել: Ելույթներից ոգևորված՝  հայրենիքին օգնելու միջոց էր փնտրում: 
 
«Արցախյան շարժման օրերին եկել եմ Արցախ, եկա ու մտածում էի. ի՞նչ անեմ, որ հայրենիքիս համար օգտակար  գործ անեմ: Այդ ժամանակ ես հիվանդանոցում բուժքույր էի աշխատում: Մեր բուժքույրերից մեկին զինվորական հոսպիտալում ծառայելու ծանուցում է գալիս: Երբ տեսնում եմ ծանուցումը, ես էլ եմ գնում զինկոմիսարիատ և ասում, որ ուզում եմ միանալ իրենց՝ որպես կամավոր:    -Երտասարդ աղջիկներ եք, դուք գիտե՞ք ձեզ ինչեր են սպասվում,- թերահավատորեն  նայելով սառը պատասխանեցին մեզ:    Ասացի՝ այո,  գիտեմ:  Գնում եմ»: 
 
Արցախյան առաջին պատերազմի օրերին 4 տարի շարունակ իրենց բժշկական խմբով «ճամփորդել են» Արցախի գրեթե ողջ տարածքով, ամիսներ շարունակ ապրել  վրաններում: Աշխույժ բնավորությամբ զրուցակիցս թիմի ոգին էր: Հիշում է՝ մի օր այնքան շատ է խոսել, որ ընկերներից մեկը լռելու պայման է կապել: 3 ժամ պիտի չխոսեր: Երբ երկու ժամը լրանում է, ընկերները խախտում են պայմանը՝ հօգուտ Արևի: 
 
«Այն ժամանակ տրանսպորտը խնդիր էր, ուղղաթիռով էինք գնում: Վրանները դնում էինք, հետո ամենքս մեր «բաժինը» դասավորում: Առաջին բուժօգնություն էինք ցուցաբերում այնտեղ, հետո ուղարկում քաղաք: Հիշում եմ մի անգամ գյուղ ենք գնում, ճիշտն ասած, չգիտեմ անգամ որ գյուղ: Հիշում եմ միայն, թե ինչպիսի  ակնածանքով էին գյուղացիները նայում մեզ: Մեր վարորդ Համոն էլ ոգևորված ու կարևոր դեմքով  «Ալինկոն» վերցրել՝ խոսում էր: Խոսում էր լուրջ-լուրջ, ծանր-ծանր քայլելով:  Չգիտեմ էլ, այդ ժամանակ կապը գործում էր, թե ոչ: Բայց ինքը շարունակ  խոսում էր: Գյուղացիներն էլ տպավորված հայացքով  հետևում էին: Կարծում էին՝  հրամատարն է: Մենք էլ ծիծաղից թուլացել էինք»: 
 
Առաջին պատերազմի հուշերը երկու անգամ թարմացվել են, ցավոք: 44-օրյա պատերազմի ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը բաժանմունքում էին, հետո, երբ սկսեցին քաղաքն էլ ռմբակոծել, իջել են  նկուղ: Այդ  պահին հիվանդանոցում լույս չկար. Բոլորին տարհանել էին, պատմում է, միայն մի զինվոր մնացել էր անկողնում պառկած:    
 
«Բոլորս նկուղ էինք իջնում մեկ էլ նկատեցի՝ ինչ-որ մեկը կանչում է: Ես էլ միջանցքից արձագանքում եմ, ասում եմ՝ մի վախեցիր հիմա գալիս ենք: Չեմ վախենում՝ ասում է, բայց ինձ մենակ չթողեք: Հազարավոր վիրավորներ են եղել, բոլորին չեմ կարող հիշել, նրան էլ չեմ հիշում, բայց այդ խոսքերը չեմ մոռանում»: 
 
Զինվորական  հոսպիտալում, թեյի բաժակի շուրջ ենք զրուցում: Այստեղ շատերն են անցել նույն ոդիսականով: Բուժքույր Լուսինե Փահլևանյանի ամուսինը պատերազմի օրերին առաջնագծում էր, ինքը՝ հոսպիտալում, 4 երեխաներն էլ՝ Երևանում: Հակառակ Արևի՝ Լուսինեն արցունքներով է հիշում պատերազմի օրերը: Ամեն օր իրենց բաժանմունքը մոտ 100 հիվանդ էր ճանապարհում Երևան: Տարբեր վիրավորների հետ է շփվել, բայց Լուսինեն էլ իր մեջ պահում է մեկի պատմությունը: Այն միշտ հիշում  արցունքներով: 
 
«Վիրահատությունից հետո այն զինվորները, որոնք ի վիճակի էին խոսելու, կազմակերպում էինք, խոսում էին ծնողների հետ: Մի անգամ զինվորներից մեկը՝ անունը Հակոբ, զանգում է, որ հոր հետ խոսի, բայց հայրը չի կարողանում  խոսել: Հուզվում է:  Միայն ասաց՝ որդու  ընկերն էր զանգել: Այդ խոսակցությունից հասկացա, որ ծնողներն իրենց տղայի զոհվելու մասին էին լսել: Այդ տեսարանը մինչ օրս չեմ մոռանում»:
 
 Զրուցակիցներս երկուսն էլ պատերազմների միջով են անցել,   ինչու չէ, մի քիչ էլ սառնասիրտ դարձել: Զինվորներին դեղորայքից բացի հույս ու հավատ ներարկել, նույնը նաև իրենք ստացել:    Հիշողությունների տետրը Արևն ու Լուսինեն գործընկերների հետ հաճախ են թերթում, միմյանց պատմում, փակում ու թողնում աշխատասենյակում: Թարմացնում շրթներկը,  դեմքին ժպիտ նկարում ու անցնում գործի: Համաձայն եմ. նրանք գեղեցիկ են, բայց ոչ  երբեք թույլ:
 
 
Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 08 Ապրիլի 2022 07:48
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ