Նոյեմբերի 27, 2024

Մխիթար Ավշարյանը ընկերների հուշերում

By Մարգարիտա Ղուշունց Ապրիլի 09, 2022

Արցախի հերոս Մխիթար Ավշարյանի մարտական կենսագրությունը սկսվել 1991-ին, երբ ընդգրկվել է Ստեփանակերտի իրենց փողոցի ինքնապաշտպանական ջոկատում: Մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու ինքնապաշտպանական մարտերին և Օմարի լեռնանցքից մինչև Հորադիզ ընթացող բոլոր մարտական գործողություններին: Հարցազրույցներում Մխիթար Ավշարյանը առանձնակի ոգևորությամբ էր պատմում Շուշիի ազատագրման օպերացիայի մասին, նշում, որ դժվարությամբ, բայց կարողացել է ընդգրկվել այդ գործողություներին.  «Ամեն մեկն էլ ուզել է գնալ ու մասնակցել Շուշիի կռվին: Դա էտալոնի նման բան է եղել»: Ցանկացած մարտական գործողություն կատարելիս, նույնիսկ պատերազմի թեժ պահին տանկում երգում էր հայրենասիրական երգեր, սիրելի երգը «Հայ Ֆեդայիններ»-ն էր,ասում է նրա  մարտական ընկեր Արթուր Վանյանը: Երրորդ պատերազմից հետո, չընկճվեց, Երկրի փրկությունը, համախմբվածության, միասնության մեջ էր տեսնում. Արթուր Վանյան 

«Լավատես էր, երբեք չի ընկճվել։ Վերջին շրջանում հանդիպեցինք, նոր նախաձեռնությամբ հանդես եկավ, առաջարկեց՝ հին կազմով նոր թիմ ստեղծենք, մի կետ վերցնենք և երկրի պաշտպանության գործին լծվենք։ Ասաց՝ չես ուզի՞ նորից «զամպատեխություն» անել։ Ես էլ ասեցի, որ իրա հետ ամեն տեղ էլ կգնամ ու ամենինչ էլ կանեմ»։ 

Առաջիններից էր, որ հիմնեց զրահատանկային ստորաբաժանում Արցախում: Նրա մասին շատ բան կա պատմելու,ասում է Արթուր Վանյանը, ցավն ու ժամանակը խեղդում են. 

«Ակնայի մոտ երկու գյուղերից մեկում թուրքերը շատ էին։ Ինքը մենակ մտավ, ազատագրեց գյուղը»։ 

Բարձրակարգ մասնագետ էր, ունեցած գիտելիքները, փորձն ու հմտությունները փոխանցում էր բոլորին: Նոր մեթոդների կիրառմամբ կատարելագործում էր զրահատեխնիկայի օգտագործումը: Ծանոթացել ենք 1993-ին, երբ Մխիթար Ավշարյանը զրահատանկային գումարտակի հրամանատարն էր՝ պատմում է մարտական ընկեր Գրիգորի Գասպարյանը: Օրինակելի էր ամեն ինչում՝ ասում է. 

«Մխիթարն օժտված էր բարձր հրամանատարական ունակություններով և բոլոր մարտական խնդիրները կատարում էր փայլուն, բարձր վարպետությամբ ու քիչ կորուստներով։ Գերազանց ղեկավարում էր իրեն վստահված ստորաբաժանումը։ Լինելով հրամանատար նաև լավ ընկեր էր, լավ հայր։ Ծանր էր տանում մարտական ընկերների կորուստը»։ 

Մխիթար Ավշարյանի ավանդը մեծ է բանակաշինության գործում՝ ասում է մարտական ընկեր Վարդան Բալայանը: Արցախյան առաջին պատերազմում երկու հարևան պաշտպանական շրջանների տանկային գումարտակի հրամանատարներն են եղել, հավասար կռվել թշնամու դեմ, կողք կողքի:  

 «Պատերազմից հետո նա շարունակեց իր գործունեությունը  բանակաշինության գործում։Եվ միշտ էլ, որպես անձ դրսևորել է իրեն որպես հայրենասեր, նվիրյալ հայր, նվիրյալ արցախցի»։

 Ավշարյաններն Արցախի այն հատուկ ընտանիքներից են, որ ամբողջ տոհմով ծառայել ու շարունակում են ծառայել հայրենիքին: Դա անժխտելի փաստ է՝ ասում է ընտանիքի ընկեր Նորեկ Գասպարյանը:   Անասելի ցավն ու սրտում կուտակվածը, դժվարանում է բառերով փոխանցել:

«Ես կորցրեցի լավագույն ընկերներիցս ևս մեկին»:

Պաշտպանության բանակի գնդապետ Մխիթար Ավշարյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար», «Անդրանիկ Օզանյան», «Ծովակալ Իսակով» մեդալներով նաև «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ