Նոյեմբերի 23, 2024

Նոր գիտելիքներ, նոր աշխատատեղեր․ Մարտունիում կարի արտադրամաս է բացվել

By Վիկտորյա Սարգսյան Ապրիլի 11, 2022
Մարտունու Վլադիկ Խաչատրյանի անվան ուսումնարանում Genesis Armenia-ի և Amcor Armenia-ի աջակցությամբ նոր կարի աշխատարան է բացվել։ Այսուհետ ցանկացողները հնարավորություն կունենան նոր հմտություններ ձեռք բերել կամ ավելի ամրապնդել դրանք։ Դերձակների և ձևարարների վերապատրաստման եռամսյա դասընթացներից հետո լավագույն մասնագետները կանցնեն աշխատանքի ավելի ընդարձակ ու հարմարավետ ատադրամասում։ Դասընթացի մասնակից Առլետա Մանասյանը վաղուց է զբաղվում կարուձևով։ Նոր գիտելիքները կօգնեն ավելի հմտանալ այս գործում։  
 
«Շնորհակալություն ենք հայտնում բերերարներին։ Սա մեզ կօգնի բարելավել նաև մեր ընտանիքների ֆինանսական վիճակը։ Մենք էլ լավ կաշխատենք, որպեսզի լավ արդյունքի հասնենք»։
 
 Կարի արտադարամասը համալրված է կարուձևի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Արտադրամասի վարպետ Իրա Քոչարյանն է մանրամասնում։  
 
«Խմբում 15 կին և 1 մեխանիկ ունենք։ Մեծամասնությունն արդեն կարել գիտեն։ Ովքեր գիտեն՝  ամրապնդում են իրենց գիտելիքները, իսկ ովքեր  ոչ՝  զրոյից սովորում են»։ 
 
Genesis Armenia-ի հիմնադիր-տնօրեն Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ հատկապես վերջին ամիսներին Արցախի կառավարության հետ ինտենսիվ աշխատանքներ են տարվել, ինչի արդյունքներից մեկը հենց նորաբաց կարի ֆաբրիկան է։ Բացման օրն առաջին լավ լուրն ունեն։ Ֆրանսիայից և ԱՄՆ-ից պայուսակների պատվեր են ստացել։  
 
«Անցած մի քանի ամսիների ընթացքում այցելել ենք այստեղ, տարածքն ենք ուսումնասիրել։ Մեկ կարևոր խնդիր ենք դրել մեր առջև՝ յուրաքանչյուր արցախցի պետք է ունենա հաջողության պատմություն»։
 
 Մարտունու Վլադիկ Խաչատրյանի անվան ուսումնարանի տնօրեն Արտակ Սարգսյանի խոսքով՝ սա Ջենեսիս Արմնեիայի հետ համագործակցության դեռ առաջին քայլ  է։ Առաջիկա ամիսներին նախատեսում են ավելի մեծ ու ժամանակակից ստանդարտներին համապատասխան կարի արտադրամաս բացել։ 
 
«Երեք ամսից հետո իրենք կարող ենք որպես վարպետ պատվեր վերցնել և աշխատել։ Իմ կարծիքով նման ծրագրերը հնարավորություն են ստեղծում, որ մեր սաները կարողանան կատարելագործել իրենց գիտելիքները՝ աշխատելով ավելի ժամանակակից սարքավորումներով»։
 
  Աշխատարանի բացմանը ներկա են եղել նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Արտակ Բեգլարյանը վստահություն է հայտնել, որ սա   համագործակցության սկիզբն է միայն: 
 
«Իմ կարծիքով շատ ճիշտ տեղին են խփել, այն առումով, որ և կրթություն են տալիս և աշխատանք։ Արցախցուն օգնում են, որպեսզի իր հողում կարողանա արարել, եկամուտ վաստակել։ Եվ շատ ուրախ եմ, որ դա մեկնարկել է հենց Մարտունուց, որովհետև Մարտունին մեզ համար շատ կարևոր ռազմավարական նշանաություն ունի»։
 
 Ծրագրի նախաձեռնողների և իրականացնողների սպասելիքը մեկն է՝ պատրաստել որակյալ մասնագետներ։  Միայն այդպես  այս և ապագայում գործադրելիք ջանքերը արդյունք կունենան և Արցախը կարողանա սեփական արտադրանքով հանդես գալ աշխարհի շատ երկրներում։   
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ