Նոյեմբերի 23, 2024

Ի՞նչ ծրագրեր ունի Բերդաշենի նոր համայնքապետը

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 11, 2022

Բերդաշենում անցկացված ընտրությունը արտահերթ էր: Համայնքի նախկին ղեկավարի վաղաժամ մահը ընտրության անհրաժեշտություն առաջացրեց: Երեկ կայացած ընտրությանը առաջադրվել են  Կարո Հարությունյանը, Նվեր Զարգարյանը և Գեորգի Պողոսյանը: Վերջինիս, ինչպես ինքն է ասում, առաջադրվել  համոզել են ընկերներն ու բարեկամները:    Մեր զրուցակիցը լավատեղյակ  է գյուղի խնդիրներին.  ջրամատակարարում, ճանապարհներ:  Այս խնդիրներց բացի Գեորգին  հրատապ է համարում նաև զարգացման ծրագրերի իրականացումը   երեխաների ու երիտասարդների համար, որոնք  միանգամից մի քանի հարց    կլուծեն: 

«Ես ունեմ փոքր բալիկ, որի զարգացման համար մտածում եմ:  Գյուղում ո՛չ սպորտկոմպլեքս ունենք, ո՛չ արվեստի ու մշակույթի կենտրոն, որը կբացահայտի երեխային և այս երեխաները գյուղի անունը բարձր կպահեն: Նման ծրագրեր իրականում շատ կան»:

 Մեծ նահատակ, Փոքր նահատակ, Սուրբ, Աղջկաբերդ. Բերդաշենում սրբավայրեր ու պատմական հուշաձանները բազմաթիվ են: Գեորգին կարևորում է նաև պատմական ժառանգության պահպանության հարցը: Ասում է՝  նաև մշակույթով   պետք է պայքարել թշնամու դեմ: 

«Բազմաթիվ կոթողներ ունենք, որոնք տարիների ընթացքում երևի թե մոռացության էին մատնվել: Աշխատաքներ կատարվել ու կատարվում են պատմական ժառանգությունը վերականգնելու համար: Ասում են չէ՞ պայքարենք թշնամու դեմ, թշնում դեպ ինչի՞ համար ենք պայքարում: Որպեսզի հայ մնանք, իսկ հայ մնալու համար ի՞նչ է պետք: Որ բերդաշենցին իմանա գյուղի պատմական ժառանգության  մասին: Մենք մեզանից փոքր սերնդին պետք է անընդհատ բացատրենք, հասկացնենք, որ մենք այ այսպիսի նախորդներ ենք ունեցել, որոնք մեզ այսպիսի ժառանգություն են թողել և փորձենք շարունակել նրանց գործը»: 

Ինչպես Արցախի գրեթե բոլոր գյուղերում Բերդաշենում ևս հողի հետ աշխատող մարդիկ շատ են: Պատերազմից հետո մեծ ցանքատարածություններ են մնացել թշնամու վերահսկողության տակ: Չնայած՝   այգիները գտնվում են թշնամու դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա, բերդաշենցիները շարունակում են աշխատել այնտեղ: Գյուղացիներից շատերը հողի հետ կռիվ տալով են ապրում: Վերջին ամռանը ջրի պակասը մեծ խնդիրներ էր առաջացրել գյուղատնտեսությամբ զբաղվողների համար: Գերոգի Պողոսյանի խոսքով՝ այդ խնդրին հնարավորինս շուտ լուծում պիտի տրվի: 

«Այսօր մենք կանգնած ենք ջրի հիմնախնդրի առաջ: Բերդաշենում տնտեսության հիմական ճյուղը գյուղատնտեսությունն է, իսկ գյուղատնտեսության մեջ առանց ջրի բացառված է որևէ առաջընթացի մասին խոսել»: 

Եթե պետական բյուջի հաշվին չստացվի լուծել խնդիրները, Գեորգի Պողոսյանը խոստանում է սրանց լուծում տալ մասնավոր անձանց ներդրումների հաշվին: Բերդաշեն համայնքի նոր ղեկավարի ծրագրերը բազմաթիվ են ու տարաբնույթ, բայց   բոլորը մի նպատակի են   ուղղված՝  գյուղի զարգացմանը: Շուրջ 40 տոկոս ձայն հավաքած համայնքապետի ծրագրերը բերդաշենցիները  ողջունում են, բայց և սպասում դրանց իրագործմանը: Նրանք խոստանում են պահանջատեր լինել:     

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ