Նոյեմբերի 25, 2024

Տնից մոտ, տան կարոտով

By Անի Աբաղյան Ապրիլի 16, 2022

Սլավան ու Սյուզին դպրոցից տուն են գնում: Նաև մեզ ուղեկցում իրենց տուն: Ճանապարհին հասցրել ենք խոսել և՛ իրենց ծննդավայրից՝ Ավետարանոցից, և՛ Դահրավից, և՛ Սլավայի, ինչպես Սյուզին է ասում, չափից շատ չարաճճի բնավորությունից։ Հասանք դարպասների մոտ թե չէ՝ Սլավան հորաքրոջը կանչում ու խոշոր աչքերով զգաստացնող նայում է տան անդամներին. տունը մարդ է գալիս։ Մեր այցելության ժամանակ Իննան թոնրատանն էր։ Սովորաբար կեսօրին իրենց հանգստանալու ժամն է, բայց, քանի որ եղբոր կինը հաց էր հունցել, հիմա էլ իրենց է օգնում։ Ընտանեկան փոքր բիզնեսը, որ նպաստներից հետո միակ ապրուստի միջոցն է, Հովսեփյանների տան գիշերն ու ցերեկը իրար է խառնել։ Մեծից փոքր օգնում են՝ ասում է Իննան։ Գիշերվա ժամը երկուսը ծանր թեմա է նրանց համար։

 «Ժամը երկուսին արթնանում եմ, ալյուրը մաղում ու սկսում խմորը հունցել։ Թոնիրը վառելու ժամանակ ամուսինս է արթնանում։ Մինչև խմորը հասունանում է, այդ ընթացքում երեխաներին թողնում եմ մի քիչ քնեն։ Ժամը հինգն էլ իրենց արթնանալու հերթն է»։

 Տան սենյակները քիչ են, բայց սենյակներից մեկն առանձնացրել, հարմարեցրել են հացի պատրաստման համար: Թոնիրն էլ Իննայի հայրն է պատրաստել։ Ձեռքի աշխատանքը թեթևացնում է խառնիչը, բայց կոշտանալուց ու այրվելուց խուսափել չի հաջողվում։ Արդեն կոշտուկներ ունի: Չի կարող մեծ քանակությամբ հաց թխել: Հաճախորդները քիչ են, բայց մշտական:

 «Դահրավում և Այգեստանում մեկական խանութում են հացը մատակարարում, հիմնականում Ասկերանի խանութներն ենք տանում, 80-90 հատ։ Շատերն են հավանում, բայց ձեռքերիս նայեք, չկա մի տեղ,որ ճաքած, կոշտացած չլինի: Բայց դե էլի մի կերպ անում ենք»։ 

Հովսեփյանները հիմա ավելի շատ են աշխատում, չարչարվում, բայց ստացված եկամուտը հակառակ համեմատական է Ավետարանոցում ունեցած չարչարանքի ու վաստակի հետ։

«Գյուղում խոզ ենք պահել, այգին, արտը մշակել։ Միայն խոճկորի համար էինք վճարում, մնացածը տանը կար։ Հիմա այստեղ ճտեր ենք գնել, բայց ցորենի գինը որ 200 և ավելի դարձավ, էլ չկարողացանք պահել: Որոշեցինք՝ ավելի լավ է ձուն գնել։ Ինչ անում ենք, որ մի քիչ ոտքի կանգնենք, չի ստացվում»։

 Պատերազմի օրերին քրոջ հետ միասին Ավետարանոցում հաց են թխել, ուղարկել դիրքեր։ Պատերազմի ավարտի բոլոր հավանական սցենարները քննարկել էին, բայց իրական ելքը չէին կանխատեսել։ Տնից Աշտարակ էին տարել դպրոցական պայուսակներն ու իրենց գյուղի խանութից գնած մթերքը։ 

«Երեխաներին ասել եմ դպրոցական պայուսակներից գրքերը հանեք, ձեր շորերից ինչքան տեղավորվի լցրեք, ես էլ ուտելիք եմ վերցրել։ Գյուղի խանութից առևտուր եմ արել, վերցրել, գնացել ենք Հայաստան»։

 Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 26-ը՝ Ավետարանոց գյուղի օկուպացումը, նրանք չէին էլ պատկերացնում, որ մի օր տնից հեռու կապրեն՝ հայրենի տան նմանությամբ տուն փնտրելով։ Իննայի բախտակիցները մի օր հաց թխելով, մի օր այգի մշակելով կամ այլ գործով զբաղվելով շարունակելու են ապրել ու ստեղծել, բայց միշտ հողը, ջուրը, արահետը, անգամ ծառն ու ծաղիկը, որ նույն բերքն են տալու, համեմատվում են հայրենի գյուղում ունեցածի հետ ու, միշտ տարբերվում։ Զրուցակիցներիս Արցախում պահողը նորից հարազատ տան դռնով մտնելու անսասան հավատն է։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ