Նոյեմբերի 22, 2024

«Դասավանդի՛ր, Հայաստան» -ը դիմումներ է ընդունում

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 20, 2022

Արցախում և Հայաստանում այս պահին 695 ուսուցչի կարիք կա: Շատ շուտով թիվը կարող է կրկնապատկվել, քանի որ սեպտեմբերից ուսուցիչների մոտ 50%-ը դառնալու են թոշակառու: Մտահոգիչ վիճակագրությունը ներկայացնում է կրթական հիմնադրամի համալսարանական հավաքագրման ղեկավար Անժելա Գալստյանը:  Ուսուցչի մասնագիտությունը մեր օրերում այնքան էլ երանելի մասնագիտություն չէ՝ ցավում է Անժելա Գալստյանը, բայց միաժամանակ հույս հայտնում, որ  «Դասավանդի՛ր, Հայաստանը» լուծելու է խնդիրը:

««Դասավանդի՛ր, Հայաստանը» գործում է Հայաստանի բոլոր մարզերում, 100-ից ավելի դպրոցներում, ունենք 35000 շահառու աշակերտներ, 200-ից ավեի մասնակիցներ: «Դասավանդի՛ր, Հայաստանը»-ը ձգտում է ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ բոլոր երեխաները կունենան հավասար հնարավորություններ կրթություն ստանալու համար: Մեր առաքելությունն է ստեղծել մի շարժում, որտեղ երիտասարդները կմիանան, և այդ համազգային շարժման միջոցով կփորձենք խթանել կրթական հավասարությունների խնդրի լուծումը»:

Փորձը ցույց է տալիս՝ ծրագրի մասնակից են դառնում այն մարդիկ, որոնք փորձում են ինչ-որ խնդիր լուծել՝ ասում է Անժելա Գալստյանը և կիսվում սեփական օրինակով:

«Անընդհատ ինձ ինչ-որ բան դուր չի եկել: Եվ երբ սկսում ես խորը ուսումնասիրել յուրաքանչյուր հարց՝ հասկանում ես, որ եթե դպրոցում այդ ամենը սովորեցնեին, ամեն ինչ այլ կլիներ: Եթե Ադրբեջանում հայերի հանդեպ ատելություն չդասավանդեին կամ եթե մեր դպրոցներում ավելի շատ ուշադրություն դարձնեին հայրենասիրությանը, պետականամետ կրթությանը, ապա ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել»:

«Դասավանդի՛ր, Հայաստանը» առաքելություն ունի ձևավորել ու դաստիարակել առաջնորդների, որոնք երեխաներին գիտելիքներ փոխանցելու հետ մեկտեղ նաև իրենց հետևից գնալու ցանկություն կտան: Ծրագրի ուսուցիչ - առաջնորդները համայնքներում իրականացնում են նաև զարգացման ծրագրեր:

«Ծրագրի մասնակիցներն ուղղակի ուսուցիչներ չեն դառնում, որ գնան դպրոցում դաս տան, ժամը 2-ին ավարտեն իրենց դասերը, գան տուն ու զբաղվեն իրենց առօրյա հոգսերով: Ծրագիրն ունի 3 հիմնական բաղադրիչ՝ դասավանդում, արտադասարանական խմբակներ և համայնքի զարգացման ծրագիր»:

Կրթական ծրագրին մասնակցելու համար աշխատանքային փորձը պարտադիր չէ, բավական է միայն բակալավրի դիպլոմը: Նախորդ տարի ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը 1800 էր, որոնցից ծրագրի շահառու են դարձել ընդամենը 125 ուսուցիչ: Անժելա Գալստյանը ներկայացնում է ընթացակարգը.

«Առաջին հերթին պետք է լրացնել մեր կայքում տեղադրված հայտադիմումը, հետո հրավիրում ենք օնլայն հարցազրույցի: Հարցազրույցի փուլը հաջող անցնելուց հետո անցկացնում ենք խմբային աշխատանքներ, տեսնելու համար, թե շահառուն ինչպես է  դրսևորում իրեն թիմում: Հաջորդիվ նախատապատրաստական դասընթացի փուլն է: Հետո մասնակիցներն անցում են առարկայական թեստավորում, որը հաջող անցնելուց հետո կնքում ենք պայմանագիր և մտնում ամառային ակադեմիայի փուլ: Այն տևում է 8 շաբաթ, որից հետո 4 շաբաթ մասնակիցն օնլայն դաս պետք է անցկացնի համագործակցող դպրոցի երեխաների հետ»:

«Դասավանդի՛ր, Հայաստանը»-ի առարկայական ծրագիրը  հանրակրթական դպրոցներում ընդունվածներից չի տարբերվում: Միակ տարբերությունը մեթոդաբանությունն է: Կրթական ծրագրի ուսուցիչ - առաջնորդները ստանում են ուսուցչին տրվող աշխատավարձը, նաև 170-ից 200000 հոնորար:Շահառու դառնալու համար շատ բան պետք չէ, բայց կա պարտադիր պայման. մասնակիցները պետք է  համայնքներում, շատ հաճախ՝ սահմանամերձ գյուղերում ապրելու պատրաստակամություն ունենան:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ