«Արցախ», «Վարարակն», «Վարանդա», «Գանձասար», «Պայքար», «Ապառաժ»․ մրցույթին մասնակից բոլոր թիմերի անունները այս կամ այն կերպ կապված են Արցախ աշխարհի հետ։ Ասում են՝ աշխարհում ամենակարևոր ու ամենաթանկարժեք բանը գիտելիքն է, մրցույթի մասնակիցներն ավելացնում են՝ հատկապես հայրենագիտությունը։ Որքան լավ ես ճանաչում հայրենիքդ, այնքան ամուր ես կանգնած հողին։ Մրցույթին մասնակցելու համար երեխաներն ամբողջությամբ ուսումնասիրել են Վահրամ Բալայանի «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր» աշխատությունը։ Մշակույթի և երիտասարդության պալատի տնօրեն Զինա Գասյանը խաղ-մրցույթի նպատակի մասին է խոսում։
«Խաղը կազմակերպել է հայրենաճանաչողական նպատակներով։ Այսպիսի խաղ-մրցույթ ենք կազմակերպել, որպեզի մեր երեխաները ժամանակից շուտ ծանոթանան մեր հայրենիքի բոլոր տեղավայրերին։ Մրցույթի հարցաշարը վերաբերում է Արցախի բոլոր շրջանների բնակավայրերին»։
Այսպիսի միջոցառումները Մշակույթի և երիտասարդության պալատում ավանդույթ են դարձել։ Նմանօրինակ խաղ-մրցույթ էր կազմակերպվել նաև անցած տարվա այս օրը։ Մրցույթի հանձնաժողովի անդամ, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը կարևորում է հայրենաճանաչությունը խթանող ցանկացած միջոցառում։
«Մեր երիտասարդներն ու երեխաներն աշխարհաճանաչողությունը հենց հայրենաճանաչությունից պետք է սկսեն։ Եվ մեր հայրենիքն, անցյալին, պատմությանը, կենսագրությանը նվիրված յուրաքանչյուր նմանատիպ միջոցառում միտված է երիտասարդության շրջանում արմատավորել մեր ազգային կերպարը»։
Անկախ նրանից, թե ովքեր են անցնելու հաջորդ փուլ կամ հաղթելու մրցույթում, հստակ է մեկ բան․ մասնակիցներից ոչ մեկն այստեղից ձեռնունայն չի հեռանալու։ Նրանք իրենց հետ կտանեն գիտելիքներ։ Ստեփանակերտի համար 3 դպրոցը ներկայացնում է «Փյունիկ» թիմը։ Թիմի մասնակիցներից Մարիաննան հստակ նպատակներով ու գիտակցումով է մասնակցում մրցույթին։
«Մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալ Արցախի տարածքին, նաև այն վայրերին, որոնք հիմա մեր թշնամու վերահսկողության տակ են։ Խաղ-մրցույթին պատրաստվել եմ մեծ սիրով, փորձել եմ ուշադրություն դարձնել ցանկացած դետալի վրա։ Միջոցառումից մեծ սպասելիքներ ունեմ»։
2-րդ դպրոցի թիմից մեզ հետ Էլեն Ներսեսյանն է խոսել, ասում է՝ ընթերցելով Վահրամ Բալայանի «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր» աշխատությունը՝ շատ բան է սովորել, ավելի շատ բան իմացել հայրենի բնօրրանի, նրա պատմական հուշարձանների ու կոթողների մասին:
«Այս մրցույթի նպատակը մեր պատմական գյուղերն ավելի լավ ճանաչելն է։ Մրցույթին պատրաստվելիս մենք շատ բան իմացանք։ Որպես արցախցի ինձ համար շատ կարևոր է հայրենիքի լավ ճանաչումը։ Ինչպես ասում են՝ կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը, բայց, իհարկե, մեծ ակնկալիքներ ունենք այս մրցույթից»։
Խաղն անցել է բավականին ակտիվ մրցապայքարում՝ ասում է Մշակույթի և երիտասարդության պալատի տնօրեն Զինա Գասյանը։ Հաջորդ փուլ են անցել համար 5 դպրոցի «Գանձասար», Ֆիզմաթ դպրոցի «Վարարակն», համար 12 դպրոցի «Պատանի արցախցիներ», համար 3 դպրոցի «Փյունիկ» և համար 6 դպրոցի «Արցախ» թիմերը։ Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսին։ Վերջին փուլի հարցաշարը ևս կազմվելու է Վահրամ Բալայանի «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր» աշխատությունից։ Հաշվի առնելով այն, որ այս տարի լրանում է Շուշիի ազտագրման 30 ամյակը՝ հաջորդ փուլ անցածներին առաջադրանք է տրվել ուսումնասիրել Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը։ Եզրափակչում հարցեր են լինելու նաև այս թեմայից։