«Իմ հերոսը» խորագրով Էսսեների մրցույթի առաջին տեղը զբաղեցրել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Սցենարադրամատուրգիական արվեստի» բաժնի ուսանող Վովա Արզումանյանը: Երկրորդ տեղում բուհի ուսանողուհի Սառա Մարգարյան է, երրորդում՝ Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցի Արինա Գրիգորյանը։ Գրելով հերոս ընկերոջ մասին՝ Սառա Մարգարյանը փորձել է հերոսին ներկայացնել հանրությանը: Ասում է՝ նման միջոցառումները կարևոր են բոլոր հերոսների մասին խոսելու համար․
«Ոմանց մասին խոսում են հեռուստացույցով, ոմանց մասին՝ լռում են։ Իմ ցանկությունն էր խոսել Իմ հերոսի մասին»։
Էսսեների մրցույթին մասնակցել է տասնհինգ հոգի։ Սպասելիքներն ավելի մեծ էին՝ ասում է բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը․
«Մենք ավելի մեծ սպասելիքներ ունեինք, նախապես ասել էինք համապատասխան նյութերը: Եթե իրոք հետաքրքիր ստեղծագործական մոտեցումներով հանդես գան մասնակիցները, անշուշտ, նրանց ստեղծագորություններն ընդհանուր ժողովածուով լույս կտեսնեն։ Սակայն որակն այդքան էլ խրախուսիչ չէր: Ցանկալի կլիներ ավելի ստեղծագործաբար մոտենային մեր աշակերտներն ու ուսանողները»։
Չարենցի ստեղծագործությունները բոլոր ժամանակների համար են: Յուրաքանչյուր սերունդ բանաստեղծին ու նրա ստեղծագործությունները բացահայտում է նորովի, նոր լույսի ներքո, ասում է ասմունքի մրցույթի ժյուրիի անդամ, բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանը։
«Այսօր այս ծանր ժամանակներում շատ կարևոր են նման միջոցառումների կազմակերպումը։ Եվ Չարենցի, Սահյանի գործերին հղում անելը ևս ապրեցնող է։ Հետաքրքիր է նաև, որ մրցույթին մասնակցել են Արցախի տարբեր շրջաններից, այստեղ մասնակից ունենք նաև հեռավոր Չլդրանից։ Հետաքրքիր է նաև, որ գրողի ստեղծագործությունները ներկայացվել են տարբեր լեզուներով»։
Ասմունքի մրցույթի տասնինը մասնակցից առաջին տեղը զբաղեցրել է մայրաքաղաքի 7-րդ դպրոցի աշակերտ Արսեն Պետրոսյանը, երկրորդ տեղը՝ 8-րդ դպրոցից Մարիամ Տոնյանը, երրորդ տեղում է նույն դպրոցի աշակերտուհի Սոֆի Հովսեփյանը։ Մասնակիցներից հինգ հոգի արժանացել են ռեկտորի հատուկ մրցանակին։