Անցած տարվա համեմատ, այս տարի անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների աճ է գրանցվել՝ ասում է Ստեփանակերտի քաղաքային ոստիկանության վարչության անչափահասների գծով պետ Հարություն Սահակյանը։ Հանցագործությունների աճը փաստում է, որ անհրաժեշտ է տեսավերահսկել նախևառաջ հանրակրթական դպրոցները։ Վերջին դեպքը արձանագրվել է հենց մայրաքաղաքի դպրոցներից մեկում․
«Վերջին վիճաբանության արդյունքում պարզվել է, որ ծնողը կամ հարազատը երեխային նվիրում է առաջին հայացքից անմեղ թվացող նվեր, սակայն երեխան, ելնելով իր տարիքին համապատասխան գոռոզամտությունից, այն ի ցույց է դրել դպրոցում, ինչի արդյունքում անզգուշությամբ վնասվել է մեկ այլ երեխա»:
Դպրոցը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, չի տեսահսկվում՝ ասում է Հարություն Սահակյանը։ Ինչպե՞ս բարձրացնել անվտանգության ու կարգապահության նշաձողը հանրակրթական հաստատություններում։ Այն, որ տեսախցիկների առկայությունը նպաստում է դպրոցում և դպրոցից դուրս կարգուկանոնի պահպանմանը, միանշանակ է՝ ասում է ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը։ Բայց, առայժմ, անվտանգության միակ մեխանիզմը, որ կա բոլոր դպրոցներում՝ դպրոցին կցված ոստիկանության տեսուչն է: Տեսուչ Էռնա Ավագյանը վեց ամիս է, ինչ կցված է Ստեփանակերտի համար 3 դպրոցին։ Այս ընթացքում որևէ իրավախախտում չի արձանագրվել։ Այստեղ տեսախցիկներ կան։ Տեսախցիկները համար 3 դպրոցին նվիրաբերել են վերկառուցող բարերարները 2012-ին՝ ասում է տնօրեն Նարինե Սարգսյանը, այն օգնում է տեսուչի աշխատանքին։
«Դպրոցի բոլոր անկյուններում կան տեսախցիկներ։ Գիտակցումը, որ աշակերտները նկարահանվում են, լրացուցիչ զգոնություն է հաղորդում նրանց»։
Համար 7 դպրոցը մայրաքաղաքի ամենամեծ կրթօջախներից է։ Այն չի տեսահսկվում։ Տնօրեն Անահիտ Պողոսյանը կարծում է, որ դրա անհրաժեշտությունը կա։ Եվ դա բխում է ոչ միայն դպրոցի ներքին կարգուկանոնի պահպանման տեսանկյունից։ Դպրոցի ներսում կարգուկանոն պահելն առանց տեսահսկման սարքերի հնարավոր է, իսկ ահա հարակից տարածքում՝ ոչ․
«Ցանկալի և անհրաժեշտ է, որ դպրոցն ունենա տեսախցիկներ։ Կուզենայի, որ դպրոցի յուրաքանչյուր մասնաշենքի ներսում, սպորտդահլիճի, նկուղի ելքերի և մուտքերի մոտ լինեին։ Դրանց անհրաժեշտությունը կա ոչ թե դպրոցի աշակերտներին վերահսկելու համար, այլ ելնելով սեպտեմբերյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակից։ Ես գտնում եմ, որ բոլոր ուսումնական հաստատություններում պետք է լինեն տեսախցիկներ»։
Համապատասխան դիմում-խնդրանքով արդեն դիմել են ԿԳՄՍ նախարարություը՝ ասում է Անահիտ Պողոսյանը։ Հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է։ Բայց միայն մայրաքաղաքի դպրոցներին չէ անհրաժեշտ տեսահսկման սարքեր, այլ նաև գյուղերի՝ ասում է ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը։
«Գյուղական դպրոցներում՝ հատկապես սահմանամերձ գյուղերում, դրանց առկայությունը խիստ անհրաժեշտ է՝ կանխելու հավանական տերորիստական գործողություններ»։
ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է հարցի լուծմանը․ միջոցներն են սուղ։ Միքայել Համբարձումյանի խոսքով՝ անցյալ տարի այս ուղղությամբ որոշ աշխատանքներ տարվել են․
«Բավականին ծախսատար գործընթաց է։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ անցյալ տարի մեկ համապատասխան կազմակերպություն ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցելով հանրապետության մոտ 20-22 դպրոցների համար կազմել է նախահաշվային գումար, որը, սակայն, նախատեսված չէ բյուջեով։ Խոսքը մոտ երկու հարյուր հազար դոլարի մասին է»։
Փոխնախարարի խոսքով՝ այս պահին օգտագործվում են բոլոր հնարավոր խողովակները՝ բարերարներ ու աջակիցներ գտնելու համար, որպեսզի կարողանան լուծել նմանօրինակ անվտանգային խնդիրները։