Նոյեմբերի 22, 2024

Ի՞նչ անելիք ունեն հոգեբանները կրթական ոլորտում

By Սրբուհի Վանյան Ապրիլի 27, 2022
Ի՞նչ անելիք ունեն հոգեբանները կրթական ոլորտում Artsakhpress.am

 Կրթության ոլորտում հիմնախնդիրները պատերազմից և համավարակից հետո սրացել են։ Ինչպես երկրում առկա այլ խնդիրներով, այնպես էլ հասարակության սոցիալ-հոգեբանական վիճակով պայմանավորված` կրթության ոլորտը նոր մարտահրավերների առաջ է հայտնվել։ Նման գիտաժողովներն այդ մարտահրավերները քննարկելու, լուծման ուղիներ փնտրելու նպատակ ունեն։ Կոնֆերանսին հրավիրվել էին կրթության ոլորտի պատասխանատուներ, այդ թվում և՝ գործող և նախկին նախարարներ, հոգեբան-մասնագետներ, դասախոսներ, ուսանողներ։ Ելույթ են ունեցել ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն ու ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը։ Նրանք կարևորել են պատերազմից և կորուստներից հետո ազգային ոգին ամրապնդելու, համախմբվելու և ազգային գաղափարախոսությունը վերակերտելու անհրաժեշտությունը նաև նման նախաձեռնությունների միջոցով, անդրադարձել կրթական խնդիրների հաղթահարման գործում հոգեբանների արդյունավետ աշխատանքին։ ԱրՊՀ պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանը գիտաժողովի նպատակներն է ներկայացրել, ապա հանդես եկել դպրոցական հոգեբանության պարադոքսների վերաբերյալ զեկույցով։

«Կոնֆերանսն այն նպատակն ունի, որ վերհանենք խնդիրները, խորհենք, գուցե նաև գտնենք լուծումներ։ Կիրառական հոգեբանության խոչընդոտները ևս ուզում եմ թվարկել․ գիտեք, այն, ինչ նոր է ներդրվում, հանդիպում է որոշակի դիմադրության։ Օրինակ՝ աշխատանքի չհամաձայնվածությունը տարբեր կառույցների միջև։ Եկեք խոստովանենք, որ մեզ մոտ նույնպես կա որոշակի տարանջատվածություն նպատակների կամ դրանց  եղանակների ու ձևերի միջև։ Մեծ խնդիր է դիլետանտությունը․ մարդիկ մտածում են, որ եթե երկար աշխատել են մանկավարժության մեջ՝ դարձել են հոգեբան։ Ցավոք այդպես չէ․ հոգեբանությունը դարձել է ծավալ ունեցող գիտություն, ճշգրիտ տվյալներ, որոնց պետք է գիտությամբ տիրապետել»։

Ոլորտի խնդիրներից նա առանձնացրել է գնահատման համակարգը, սովորողների ցածր մոտիվացիան,   դպրոց-ծնող  թույլ կապը և առաջադրել լուծման իր տարբերակները։ Այն է՝ ծնողների հետ դպրոցների հոգեբանների աշխատանքների ակտիվացում, դպրոցների հոգեբանների ազդեցության մեխանիզմների ընդլայնում։ Արդի պայմաններում կրթությանն առնչվող խնդիրներն արծարծելիս անհնար է հաշվի չառնել արտակրթական և կրթական գործոնները։ Մասնագետներն առաջարկում են հարատև կրթության մոդելը՝ գտնելով, որ զարգացումը կրթության շարունակականության մեջ է։Դպրոցների ներկայացուցիչները, որոնք ամեն օր են առնչվում համակարգի խնդիրներին, հորդորում են քննարկումներով չբավարարվել, այլ բարձրացված հարցերին գործնական լուծում տալ՝հաշվի առնելով նաև հենց դպրոցներից ստացած առաջարկները։ Ստեփանակերտի թիվ 6 դպրոցի տնօրեն  Արթուր Մինասյանն իր դիտարկումներն է  ներկայացնում․ 

«Սովորաբար նման կոնֆերանսների ընթացքում հնչում են գեղեցիկ զեկույցներ, մտքեր, բայց հետագայում դրանք գործնական կիրառություն չեն ստանում։ Ուստի իմ ցանկությունն է, որ այստեղ ասվածները գործ դառնան։ Ընդհանուր առմամբ, աշխարհում կրթության ճգնաժամ կա։ Դրան տրվում են տարբեր հիմնավորումներ։ Մեր կարծիքով՝ կրթության ճգնաժամն ունի ավելի խոր արմատներ․ պետք է ընդունենք, որ այն հաճախ կախված է եղել տվյալ հասարակարգի արժեհամակարգից»։

Գործնական լուծումը նախակրթարան-դպրոց-բուհ օղակներում կրթության որակի ապահովումն ու վերահսկումն է։ Իսկ թե ի՞նչ մեխանիզմներով՝ դեռ պետք է մշակել։ Գիտաժողովին հնչեցված տեսակետների վերաբերյալ կարծիքները միանշանակ չէին։ Կրթության արդյունավետության վրա տարբեր գործոններ են ազդում, որոնք իրավագիտակցության մակարդակի և վարքագծի վրա խոր հետք են թողնում։ Այդ գործոններից մեկը պատերազմն է․ Արցախում ապրող 35-ամյա երիտասարդը իր կյանքում հասցրել է 3 պատերազմ տեսնել, և նրանցից առնվազը մեկի պատերազմական գործողությունների  մասնակիցը լինել։ Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի  դեկան Շ․ Այդինյանն իր վերլուծությունն է ներկայացրել։ 

«Այս ամենն իր բացասական ազդեցությունն է թողել կրթական ողջ համակարգի վրա։ Դիտարկելով պատերազմից հետո ուսանողների վարքագիծը՝ արձանագրում ենք, որ տղաները քչախոս են դարձել, ինքնամփոփ, չկա սովորելու մոտիվացիա, առավելապես մտահոգված են ընտանիքով։ Աղջիկները պասիվ են, դրական հուզականությունը ցածր մակարդակի վրա է»։

Նման խնդիրներ հանդիպում են  պատերազմներ անցած բոլոր հասարակություններում, և տվյալ իրավիճակներում հոգեբանների աշխատանքն անփոխարինելի և անհրաժեշտ է։ Արցախում համակարգը դեռ անկատար է, և հասարակության անդամները լուրջ չեն վերաբերվում ինչպես հոգեբանի ինստիտուտին, այնպես էլ սեփական հոգեբանական խնդիրներին։ Դա ևս կրթության ոլորտի բացերից է։  Գիտաժողովն էլ  բացը լրացնելուն միտված հերթական քայլ է։

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2022 18:43
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ