Նոյեմբերի 22, 2024

Մեկնարկել է Շուշի տեխնոլոգիական համալսարանի գիտաժողովը

By Մարգարիտա Ղուշունց Ապրիլի 27, 2022

Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Շուշիի տեխնոլոգիական համալսարանը 54 ուսանող է կորցրել։  Ուսանողական 5-րդ գիտաժողովը նվիրված էր նրանց։ Համալսարանը գործունեության յոթ տարիների  ընթացքում հասցրել է հաջողություներ գրանցել   գիտական ոլորտում՝ ասում է համալսարանի ուսխորհրդի ղեկավար Սասուն Աթալյանը։  Այս  գիտաժողովն էլ  կծառայի  հետպատերազմյան Արցախում   կրթության և տնտեսության առջև ծառացած խնդիրների   լուծման ուղիներ  գտնելուն։

«Գիտաժողովները ուսանողական ներուժը բացահայտելու   արդյունավետ միջոց են, լայն  քննարկումների հարթակ»։ 

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Նորայր Միքայելյանը նկատում է, որ այսօրվա ուսանողի համար չկա անկարելի ոչինչ։ Եթե կա  ցանկություն  օգտագործելու հմտություններն ու ընձեռված հնարավորությունը, ապա հնարավոր է նվաճել ցանկացած  բարձունք։ 

«Նման գիտաժողովները նպատակ ունեն  մի կողմից վեր հանելու մեր ուսանողների հետաքրքրություններն ու  մտահոգությունները,  բացահայտելու  նրանց կրթագիտական ներուժը, մյուս կողմից՝ տրամադրել նրանց ինքնաբացահայտման, ինքնակրթման հարթակ»։

Տեխնոլոգիական ուղղության զարգացումը առաջնահերթություն է՝ ասում է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Ոտքի կանգնելու համար Արցախը  մեծ ակնկալիքներ ունի նաև համալսարանի ուսանողներից։

«Մեր լավագույն ապագան պայմանավորված է նաև տեխնոլոգիական ուղղությամբ՝ լայն առումով։ Դա միայն տեղեկատվական տեխնոլոգիաները չեն, նաև շինարարությունն է, գյուղատնտեսությունը և մնացած բոլոր ուղղությունները։ Խոշոր առումով բոլոր ուղղություններով էլ պետությունը մեծ կարիքներ ունի։ Պետությունը մեծ ականկալիքներ  ունի ձեզնից»։ 

 ԱՀ կառավարության հատուկ հրավերով Արցախում գտնվող քաղաքական գործիչ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը նույնպես մասնակցել է գիտաժողովին։ Նա համոզված է, որ մենք նաև խելքի կռիվ ենք տալիս։ Պետք է օգտագործվեն բոլոր լծակներն ու հնարավորությունները՝ համալսարանի գործունեությունը ավելի արդյունավետ դարձնելու համար՝ ասում է ՇՏՀ  հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը։  Համակարգված է պետք աշխատել։

«Ինչ  հնարավորություններ ունենք պետք է օգտագործենք և  առաջ շարժվենք։ Չի կարող համալսարանը ամիսներ շարունակ շրջանառու միջոցներ չստանալ՝ ինչքան էլ գումար չլինի։ Չեն կարող չվերականգնվել լաբորատորիաները։ Փորձարարական աշխատանքներ են պետք»։

Տեխնոլոգիական համալսարանի խնդիրները ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում են։ Նախարար Անահիտ Հակոբյանը  լիահույս է, որ միասին կհաղթահարեն բոլոր դժվարությունները․

«Այժմ մեզ մնում է կրկին համախմբվել և միասին լուծել խնդիրները։  Հաջողություն եմ մաղթում ուսանողական 5-րդ գիտաժողովի բոլոր մասնակիցներին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին»։

Գիտաժողովի լիագումար նիստում նաև զեկույցներ եղան։  Վաղը նախատեսված են  մասնաճյուղային նիստերը։ 

Արցախի հանրային ռադիո
Last modified on Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2022 19:10
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ