Նոյեմբերի 22, 2024

Ինտենսիվ գյուղատնտեսությունը այլընտրանք չունի

By Սրբուհի Վանյան Մայիսի 16, 2022

Արցախի Հանրապետության կառավարության ագրոքաղաքականության առանցքը և գլխավոր նպատակը պարենային անվտանգության, գյուղմթերքի ներքին սպառման ծավալների ապահովումն է։ Դեռ մինչև պատերազմը, այս նպատակին հասնելու քայլերն ու ծրագրերը նախանշված էին․ էքստենսիվից ինտենսիվ գյուղատնտեսութան անցնելու որոշում էր կայացվել և նույնիսկ գյուղատնտեսության նոր հայեցակարգ մշակվել։ Այսօր, պատերազմից հետո, երբ երկրի գյուղատնտեսական նշանակության տարածքների շուրջ 75 տոկոսն արդեն մեր վերահսկողության տակ չէ, գյուղատնտեսության ինտենսիվացումն այլընտրանք չունի։ Գյուղոլորտը համակարգող գերատեսչությունն իր առջև մեկ միավոր տարածքից առավելագույն արդյունք ստանալու խնդիր է դրել։ Ինչպե՞ս է կատարվելու դա՝ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանն է ներկայացնում․ 

«Գյուղնախարարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը միտված են պարենային անվտանգության հարցերի լուծմանը։ Մինչև  2020 թվականի պատերազմը բավականին աշխատանք է կատարվել, և արդյունքներն էլ շոշափելի էին․ մի շարք մշակաբույսերի մասով հասել էինք պարենային անվտանգության անհրաժեշտ շեմին, որոշների դեպքում ավելի քան 50 տոկոսով ապահովված էինք, սակայն պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց։ Այսօր մեր խնդիրը չի փոխվել, առաջին հերթին բնակչությանը պիտի ապահովենք բավարար գյուղմթերքով, ապա ճիշտ և գրագետ քայլերով հնարավորություն կունենանք մի շարք մշակաբույսեր արտահանել։ Հիմնական խնդիրը, որ դրված է մեր առջև՝ գյուղատնտեսության ինտենսիվացումն է»։

Բուսաբուծության ոլորտում 4 ծրագիր է գործում, որը հիմնական խնդրին զուգահեռ նաև զբաղվածության հարց է լուծում։ Ջերմոցային և այգեգործության աջակցման ծրագրերը շահառուներին առավել հետաքրքրող ուղղություններից են։ 

«Բուսաբուծության ոլորտում այս պահի դրությամբ գործում է 4 ծրագիր՝ Ջերմոցների, Այգեգերծության, Ենթակառուցվածքների զարգացման, Ցանքաշրջանառության խթանման։ Ջերմոցների ծրագիրն առաջիններից է, որ գործարկեցինք պատերազմից հետո, բավականին շահառուներ արդեն ունենք։ Այգեգործությամբ հետաքրքրվածներն էլ շատ են»։ 

Եվ աշնանացան, և գարնանացան աշխատանքեր Արցախում իրականացվել են, և բարձր բերքատվություն են ակնկալում։ Դրան նպաստել են ժամանակին իրականցված պայքարի միջոցառումները, ինչպես նաև մարտին տեղացած առատ ձյունը։

«Գարնանացանի աշխատանքներն ավարտվում են։ Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում այգիներում։ Աշնանացանի դաշտերում էլ սնուցման, վնասատուների դեմ պայքարի աշխատանքներն ավարտվել են։ Հարթավայրերում աշնանացանը հասկակալվել է։ Եղանակային պայմաններից է կախված լինելու ընթացքը։ Ցանքատարածքներում մշտադիտարկումներ ենք իրականացնում։ Գարնան սկզբին տեղացած առատ ձյունը բարելավել է աշնանացանի վիճակը։ Սպասում ենք նորմալ բերք։ Կան լավ դաշտեր, միջին, ցավոք նաեւ այնպիսիք, որտեղ հունձք չի կատարվի։ Վերջինները հարթավայրային դաշտերն են, որոնք տուժել են քիչ տեղումների պատճառով»։ 

Հետպատերազմյա Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելը դժվարացել է, հատկապես շփման գծին մոտ տարածքներում։ Այստեղ խնդիրների առաջացման դեպքում, Վիլեն Ավետիսյանի խոսքով, հարցը լուծվում է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների միջնորդությամբ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ