Նոյեմբերի 22, 2024

Վերջին զանգ՝ հարազատ դպրոցից հեռու

By Ասպրամ Ավանեսյան Մայիսի 30, 2022
Վերջին զանգ՝ հարազատ դպրոցից հեռու Artsakhpress

Ստեփանակերտի համար 3 հիմնական դպրոցում այսօր  «Վերջին զանգի» ղողանջները ցածր էին, ուրախությունն ու ժպիտը՝  վերապահումով: Դպրոցին հրաժեշտ էին տալիս  Հադրութի շրջանի 28 համայնքից տեղահանված 28 աշակերտ: Շրջանավարտների աչքերում հարազատ կրթօջախների  կարոտն է: Հաճախ պատկերացումներն ու իրականությունը չեն համընկնում՝ շրջանավարտներն են փաստում: Էլլա Սահակյանը Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջն. դպրոցում էր սովորում: Օրվա հետ կապված երկակի զգացուղություններ ունի: Մի կողմից տխուր է, որ հայրենի օջախից ու դպրոցից հեռու է, մյուս կողմից էլ ուրախ՝ գոնե Հադրութի դպրոցն է ավարտում:  Հուզված էր, աչքերն արցունքոտվում են անկախ իր կամքից: 

«Այնտեղ շատ լավ էր, ցանկացած միջոցառում ու առիթ տոնում էինք: Մեր պատկերացումներն ունեինք, բայց դեռ չէինք հասցրել պլանավորել Վերջին զանգի միջոցառումը: 11-րդ դասարանում էինք, երբ դուրս եկանք Հադրութից»:

Շրջանավարտներն արդեն 2 տարի է՝ սովորում են հարազատ կրթօջախից ու դասընկերներից հեռու: Լոլիտա Աբաղյանը Մեծ Թաղեր գյուղից է, իրենց դասարանից նոր դասարանում 3 աշակերտ է սովորում: Ասում է՝ շատերի հետ տևական ժամանակ է չի շփվում:  Ընկերներով հաճախ էին մտածել,   պլանավորել   վերջին զանգի միջոցառումը: 

«Ուրիշ կերպ էինք պատկերացնում մեր Վերջին զանգը. ավելի մեծ, ավելի ճոխ ու ամենակարևորը՝ իրար հետ, Հադրութում՝ մեր ծննդավայրում»:

 Այսօր ստիպված են բավարարվել փոքրիկ դաս-միջոցառմամբ: Ոչ միայն վերջին զանգի, այլ նաև դպրոցական բոլոր միջոցառումները կազմակերպելիս պահպանում ենք միջոցառման ընդհանուր բնույթը, բայց արդեն մի քիչ զուսպ, փոքր ինչ համեստ ենք նշում՝ ասում է Հադրութի միջակարգ դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը:   

«Հադրութ քաղաքի դպրոցական շենքն ուներ շատ մեծ ու հարմարավետ բակ: Եվ արդեն 2-րդ տարին է՝ ես հիշում եմ ու պատկերացնում, թե Վերջին զանգի միջոցառումներն ինչպես կանցկացնեինք այնտեղ, բակն ինչպիսի տեսք կունենար, ինչպիսի մթնոլորտ կլիներ այնտեղ»:

 Կազմակերպչական առումով այս միջոցառումը ոչնչով չեր տարբերվում Հադրութում կազմակերպված միջոցառումներից՝ ասում է Գայանե Գրիգորյանը, նաև հավելում, որ տարբերությունը ավելի շատ տրամադրությունների մեջ էր: Բայց  և այնպես,  դպրոցն ամեն ինչ արել է՝ ապահովելու շրջանավարտների բարձր տրամադրությունը:  

«Մենք շրջանավարտներին սկսել ենք շնորհավորել դեռևս մի քանի օր առաջ: Նրանց համար մենք կազմակերպել ենք ավարտական համերգ՝ Հադրութի արվեստի դպրոցի սաների հետ միասին: Մեր շրջանավարտները այս օրերին իրենց զգում են այնպես, ինչպես քաղաքի ցանկացած դպրոցի շրջանավարտ»:

 Աշակերտները դժվար են համակերպվել նոր իրողությանը՝ ասում է Գայանե Գրիգորյանը, բայց համոզված է՝ դժվարություններին հաջորդելու է լուսավոր ապագան: Շրջանավարտները Վերջին զանգի համար երազանք են պահել՝ մասնագիտություն ստանալ և  անպայման աշխատել  հայրենի Հադրութում:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ