Նոյեմբերի 22, 2024

Թումո տուփեր՝ Մարտունիում և Ասկերանում

By Վիկտորյա Սարգսյան Հունիսի 06, 2022

Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք՝ տեղի և մոտակա բնակավայրերի պատանիների համար։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան 300-400 պատանու։ Տուփի սովորողների թիվը համալրեցին ոչ միայն նոր, այլև Ստեփանակերտի Թումո կենտրոն հաճախողները։ Նրանցից է նաև Յանան, ով այժմ 3D մոդելավորում է ուսումնասիրում։  

«Ուրախ եմ, որ Մարտունիում Թումո տուփ է բացվել։ Նախկինում մենք ստիպված էինք հասնել Ստեփանակերտ՝ դասերին հաճախելու համար։ Ինձ դուր է գալիս այս շենքը, որովհետև այստեղ ամեն ինչ կանաչ գույնի է և շատ հանգիստ է»։

 Լիարժեք դասընթացները կսկվեն հուլիսից։ «Թումո» ծրագրի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանի խոսքով՝ հիմնական  նպատակը Թումոն հասանելի դարձնելն է Հայաստանի և Արցախի` 12-18 տարեկան պատանիներին:

 «Շատ ուրախ և հպարտ եմ, որ մեր ցանկությունն իրականացավ, և, վերջապես, Արցախի բոլոր շրջաններում կունենանք Թումո տուփեր: Շրջաններում տուփերի տեղադրումը հասանելության և մատչելիության համար է։ Ես առաջին անգամ եմ Մարտունի այցելում։ Իսկապես հրաշալի տեղ է և պատկերացնում եմ՝ ինչքան լավ բաներ այստեղ կարելի է անել»: 

Արցախի կառավարության համար շատ կարևոր է թե՛ կրթության ոլորտը, թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը՝իր խոսքում նշել է պետական նախարար Արտակ Բեգլարյանը: Թումո տուփերի տեղադրումը վառ օրինակն է, որ մենք փորձում ենք կրթությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները իրար հետ միացնել՝ ասում է։  

«Մարտունիում, Ասկերանում և Մարտակերտում Թումո տուփեր տեղադրելով մենք նպատակ ունեինք գոնե շրջկենտրոններում և նրանց հարակից գյուղերի երեխաներին հասանելի դարձնել Թումոյի կրթությունը և դարձնել ավելի մոբիլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոչ ֆորմալ կրթությունը։ Կառավարությունը աջակցելու է տրանսպորտային միջոցներով, որպեսզի հարակից գյուղերի երեխաները կարողանան հասնել Թումո տուփեր»։

 Կրթության բաղկացուցիչ մաս է կազմում նաև արտադպրոցական դաստիարակությունը՝ ասում է ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ Թումո տուփերի բացումը, հնարավութություն կտա երեխաներին ավելի շատ գիտելիքներ ունենալ և հմտանալ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով։  

«Թե երկարաժամկետ, թե կարճաժամկետ ծրագրերի միջոցով նրանք հնարավորություն կունենան լրացնել իրենց գիտելիքները»։

 Այսպիսով՝ Մարտունիի տուփ կկարողանան այցելել Գիշիի, Ճարտարի, Հերհերի, Բերդաշենի, Ննգիի և այլ բնակավայրերի պատանիները, իսկ Ասկերանի տուփը կհյուրընկալի Խրամորթի, Խնապատի, Աստղաշենի, Իվանյանի, Պատարայի և շրջանի այլ բնակավայրերի պատանիներին: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Թումո տուփ բացել նաև Կարմիր Շուկայում։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ