Թումոյականների «ծնողական ժողովը» Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում էր։ Տեսասահիկի միջոցով ներկայացվեց երեխաների՝ մինչ այս ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները: Պատերազմից հետո առաջին անգամն է կազմակերպվում «Ծնողական շաբաթը» ՝ ասում է «Թումո» ծրագրի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը և զարմանում, որովհետև ծնողների կողմից այսպիսի ակտիվություն չի նկատել դեռ ոչ մի տեղ։
«Շատ տպավորված եմ: Ասեմ նաև, երբ նախկինում կազմակերպում էինք ծնողական հանդիպումներ, գալիս էին միայն մայրերը, այս անգամ տեսա նաև հայրերին, ինչը շատ ուրախացնող է: Առհասարակ, ծնողների այսչափ հետաքրքրություն չեմ տեսել ո՛չ Դիլիջանում, ո՛չ Գյումրիում»:
Ծնողները եկել էին Արցախի բոլոր շրջաններից: Փոխշփման այս հարթակը հնարավորություն է տալիս էլ ավելի զարգացնել ու բարելավել պատանիների կրթական ընթացքը: Այսօրինակ հանդիպումները պարտավորեցնող և կարևոր են՝ ասում է գործադիր տնօրենը: Ծնողը պետք է իմանա՝ երեխան ինչով է զբաղված, երբ մասնակցում է Թումոյի դասերին, նաև պետք է հասկանա, թե ինչու պետք է երեխան Թումո հաճախի՝ ասում է:
«Ծնողը մեծ ազդեցություն կարող է ունենալ երեխայի վրա, հատկապես երբ երեխան ինչ-որ կարևոր որոշում է կայացնում: Նաև կարևոր է, որ ծնողները համագործակցեն ծրագրի պատասխանատուների հետ: Աճող երկիր ու աճող համայնքներ ունենալու համար Թումոն երեխաներին հասուն կյանքի է պատրաստում, ապագայի երիտասարդներ ենք պատրաստում՝ հավասարակշռված, ինքնավստահ, ճկուն, տեխնոլոգիապես զարգացած, ստեղծագործ: Պատրաստում են այնպիսի երիտասարդություն, որոնք չեն վախենա մինչև վերջ գնալ»:
Թումոյի հանդեպ հետաքրքվածությունը բարձրացել է հատկապես Թումո տուփերի տեղադրումից հետո՝ նկատում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Արցախի մասնաճյուղի ղեկավար Խաչատուր Հայրապետյանը։ Շուրջ 1200 ուսանող արդեն հաճախում է դասերի։ Սպասողական ցուցակ էլ ունեն՝ ասում է: 80-ից ավել երեխա Թումոյի ընտանիքին միանալու իր հերթին է սպասում։
«Մարտակերտից դեպի Ստեփանակերտ գալիս առնվազն երկու ժամ երեխաները ճանապարհին են անցկացնում, և եթե հաշվենք՝ շաբաթվա ընթացքում նրանք կորցնում են 8 ժամը, ինչը արդյունավետ չէ: Այդ նպատակով Թումո տուփեր են տեղադրվել շրջկենտրոններում: Տուփերի շնորհիվ մի քանի խնդիր ենք լուծում: Այստեղ ուսանողներն անցնում են Թումոյի կրթական ծրագրի ինքնուսուցման մասը, դասընթացներին ու աշխատարաններին մասնակցելու համար միայն ուղևորվում Ստեփանակերտի Թումո կենտրոն»։
Անդրադառնալով ուսանողների ունեցած հաջողություններին՝ Խաչատուր Հայրապետյանը նշում է, որ այստեղ կարևոր է ոչ միայն Թումոյի տվածը, այլ նաև ուսանողի հետաքրքվածությունն ու ձգտումը նոր բան սովորելու կամ իրենը ներդնելու ծրագրում:
«Ուսանողներ կան,որոնք արդեն աշխատում են կենտրոնում, կան ուսանողներ, որոնք մասնակցել են տարբեր մրցույթների և հաղթող ճանաչվել, այժմ աշխատում են իրենց նախընտրած մասնագիտությամբ»:
Ծնողների կողմից առաջարկվեց նաև իրենց մասնակից դարձնել Թումոյի դասընթացներին։ Մարի Լու Փափազյանն ասաց, որ նման ծրագիր նախատեսում են մշակել:
«Մեր ամբողջ նպատակը մեծահասակաների համար պատրաստել և մատուցել ամենալավ ծրագրերը, որոնք հնարավորություն կտան ծնողներին ավելի տեղեկացված լինել աշխարհում կատարվող իրադարձություններից: Ինչու չէ նաև մեր ծրագրերի միջոցով օգնել նրանց՝ ճիշտ որոշումներ կայացնել»:
Հանդիպմանը անդրադարձ եղավ նաև Թումոյի առաջիկա ծրագրերին. նախատեսվում է Թումո տուփ տեղադրել Կարմիր շուկա համայնքում: