Նորշենի փողոցներն աշխույժ են. երեխաներն ուրախ խաղում ու վազվզում են: Տարիքով մեծերը գյուղամիջում հավաքված օրվա նորություններն են քննարկում, մտահոգություններով կիսվում: Համայնքում նոր ջրագիծ է կառուցվում, բնակիչների մասը լծված են այդ աշխատանքներին: Էդուարդ Ծատրյանը ծննդով Նորշենից է: Նա ևս ներգրավված է ջրագծի աշխատանքներին: Զրույցի ընթացքում մեծ ոգևորությամբ է խոսում աշխատանքների ընթացքի մասին: Պետք է հնարավորինս արագ լուծել ջրի հարցը: Գյուղի խնդիրների հանդեպ անտարբեր լինել չի կարելի՝ ասում է զրուցակիցս:
«Մեր գյուղի խնդիրները պետք է լուծենք: Թեկուզ թոշակառու եմ, բայց աշխատում եմ գյուղի ջրի ներքին ցանցը փոխելու վրա: Գյուղը ջրի խնդիր ունի, ներքին ցանցը փոխում ենք, բայց դեռ արտեզյան ջրհորներ չկան փորված»:
Համայնքում անասնապահությամբ գրեթե չեն զբաղվում. կենդանիներն անցնում են սահմանն ու մնում օկուպացված տարածքում: Արոտավայրերի մի մասը մնացել է թշմանու հսկողության տակ, մյուս մասն էլ չեն մշակում. թշնամու ուղիղ նշանառության տակ է: Այսօր առավել քան երբևէ գյուղում դժվար է ապրել, բայց աշխատավոր մարդը, ինչպես ասում են, քարից էլ է հաց քամում՝ ասում է Էդուարդ Ծատրյանը:
«Դժվարությունները շատ են, գյուղամերձ հողամասերն անջրդի են. 5 ջերմատուն ունեմ, չեմ հասցնում աշխատել այնտեղ: Անընդհատ շարժման մեջ եմ. ժամը 4:30 արթնանում եմ մինչև կեսգիշեր աշխատում եմ»:
Գյուղում ոչ մեկը ձեռքերը ծալած չի նստում, -մեր զրույցին միջամտում է Կարեն Դադայանը, -յուրաքանչյուրն էլ մի զբաղմունք ունի: Կարեն Դադայանն Արցախյան առաջին պատերազմից հետո է գյուղ եկել, երկար տարիներ էլ գյուղից դուրս է աշխատել: Թոշակն ու աշխատավարձը չեն հերիքում՝ ասում է:
«Խաղողի այգի ունեի, ջրի պակասի պատճառով չորացել է: Վազգենաշենում հողատարածք էինք վարձակալել, դա էլ մնաց թշնամու հսկողության տակ: «Կարմիր Խաչը» ինչ-որ ծրագրեր է իրականացնում, ջերմատներ էին բաժանում, հիմա էլ անասնապահության, այգեգործության ոլորտում են օգնություն տրամադրելու»:
Եթե իրադրությունը կայունանա, Նորշենը կարող է զարգանալ ու ընդլայնվել: Լավ ապրելու համար հնարավոր է լավ պայմաններ ստեղծել: Կարեն Դադայանը խիստ մտահոգված է, որ գյուղում չամուսնացած 30 տղա կա: Նախկինում էլ կար այս խնդիրը՝ ասում է, բայց այսօր ամեն ինչ ավելի բարդ է:
«Խորհրդային միության տարիներին հեշտ էր տուն կառուցելը: Հիմա ասում ենք՝ ամուսնացեք, ասում են՝ ամուսնանանք, որտե՞ղ ապրենք: Հիմա ամեն ինչ խնդիր է՝ նյութերը թանկ, ամեն ինչը թանկ: Հողամասեր կան, որտեղ կարող ենք տուն կառուցել, բայց կառուցման աշխատանքները միլիոններ արժեն»:
Համայնքում բազում խնդիրներ կան՝ սոցիալական, տնտեսական, նաև կրթական, բայց ամենակարևոր խնդիրը անվտանգության հարցն է: Այստեղ ապրելն արդեն սկզբունքի հարց է. համայնքից դուրս գալ չկա՝ ասում են զրուցակիցներս:
«Ես մեր ազգը սիրում եմ: Այստեղ ապրելն ինձ համար արդեն սկզբունքի հարց է, ինչու՞ պիտի թուրքը գա Հադրութում կամ Քարվաճառում ապրի: Ես համոզված եմ, որ Հադրութն էլ, Քարվաճառն էլ հետ վերցնելու»:
Հենց այս հավատով ու հաստատակամությամբ էլ մարդիկ շարունակում են ապրել ու ապրեցնել Նորշենը: