Նոյեմբերի 22, 2024

Նորշեն․ հակառակորդի սահմանից կես քայլ ներքև

By Անի Աբաղյան Հուլիսի 04, 2022
«Աշխարհի կենտրոնը մեզ համար Նոր շենն ա»՝ ասում են մի բաժակ սուրճի շուրջ  զրուցի «ճոնդը» բռնած   գյուղի կանայք, որ հավաքվել էին   Զարինե Սարգսյանի տանը։  Մենք նույնպես միացանք նրանց քաղցր զրույցին, որը ժամանակ առ ժամանակ բանաստեղծությամբ էր ընդմիջվում։  
 
«Անբաժան ինչպես լույսը արևից, Հմայիչ ինչպես գարունը ծաղկած, Ես ուր էլ լինեմ, ինձ հետ ես դու միշտ, Եզերք իմ պայծառ, Նոր շեն իմ չքնաղ»։
 
 Ընկեր Խաչատրյանի բանաստեղծությունները չեն վերջանում՝ ավելացնում են հարևանները։ Լենա Խաչատրյանն 89-ը տարեկան է․ եղունգներից մինչև մազեր խնամված էր, բայց ոչ այսօրվա երիտասարդների պես գելլաք-շելլաքով, մազերն էլ հարթեցման կարիք չունեն, առանց դրան էլ  շատ գեղեցիկ են: Ասում է՝ մարդուն  երիտասարդ պահողը բարությունն է։ 
 
«Իմ երիտասարդության գաղտնիքը բնավորությանս մեջ է․ ես գյուղացիներիս հետ ջերմ հարաբերություններ ունեմ, շատերին դասավանդել եմ ու, որ փողոցով քայլում եմ, բոլորն ինձ բարևում են, ժպիտով երկու բառ փոխանակում, ես ինձ լավ եմ զգում։ Կյանքում մեկին վատություն արած չկամ։  Միշտ լավություն արա ուրիշներին, որ սիրտդ ուրախ լինի»։
 
 Զրուցակիցս 26 տարվա թոշակառու է, բայց շարունակում է մանկավարժական աշխատանքը․ արդեն   անհատական պարապմունքներով։ 
 
«Ծնողներ կան, որոնք իվիճակի չեն իրենց երեխաներին դաս սովորեցնեն, կամ ժամանակ չունեն, բերում են ինձ մոտ։ Այսօր ես 4 աշակերտ ունեմ, ամեն օր դասից հետո գալիս են միասին հաջորդ օրվա դասերին ենք պատրաստվում»։
 
 Դպրոցից ու  դասերից բացի Լենա տատին նաև այգիներում է գտնում հետաքրքրությունը։ Խորրհրդային տարիներին խաղողաքաղի, բերքահավաքի ակտիվ մասնակիցներից էր, հիմա միայն բանջարանոցի չափն է փոքրացել, եռանդը գրեթե նույնն է՝ ասում են։
 
 «Ես նաև մեղվաբուծ եմ։ Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկոմի մեղվաբուծական բաժինն էլ եմ ավարտել։ Երկար տարիներ մեղու  եմ պահել, վերջին 3 տարին է, որ աչքս չի տեսնում, մեղու  չեմ պահում»։ 
 
Լենա Խաչատրյանը մենակ է ապրում, երեխաները արտերկրում են։ Կյանքի միակ դժբախտությունը դա է համարում։
 
«Ես շատ ցավում եմ, որ երեխաներս գյուղում չեն, ես այսքան շատ եմ սիրում իմ գյուղը, բայց դե երեխաներս․․․»։ 
 
Լենա Խաչատրյանը կարծում է, թե տղաները արտերկում էլ իրենց գյուղի մասին են մտածում։ Պատմում  է, որ հարսը բանաստեղծություններ է գրում, ուղարկում իրեն։ Բայց միթե չէր կարող այդ բանաստեղծություններն իրենց գյուղի տան ճռճռան սեղանով գրասենյակում գրեր։ Հարևաններից Զարինե Սարգսյանը նույն այդ ճռճռան  սեղաններից մեկին է   սուրճ դնում, գյուղական  կյանքից պատմում։ 
 
«Ես շատ հետաքրքիր կյանքով եմ ապրել։ Երբ թոշակի անցա, դպրոցում միջոցառում կազմակերպեցին՝ «Հրաժեշտ», ինձ հարցրին՝ «Եթե հնարավորություն ունենայիր նորից ապրելու, ինչ կփոխեիր քո կյանքում», ասեցի երբ մարդ երջանիկ է ապրում ու շարունակում է իրեն երջանիկ զգալ, ոչինչ փոխելու կարիք չի ունենում։ Ես երջանիկ եմ»։
 
 Զրուցակիցս նաև  պատերազմի օրերն է հիշում։   Կյանքում միայն դա կփոխեր, եթե, իհարկե, հնարավոր լիներ։
 
 «Մի օր Ալվինայի փեսան գալիս ու ասում է, որ գյուղի միակ կինն ես, որ  երեք տղա ունես։ Դու պիտի դուրս գաս, որ մյուս կանայք քո օրինակին հետևեն։  Ասում եմ՝ բա իմ տղանե՞րը, ամուսի՞նը․․․։ Վերջը Զոյան գնում է բոլորն էլ հետևից»։ 
 
Պատերազմից հետո էլ Զոյան եկել է, բոլորը՝ ետևից։ Չնայած թշնամու դիրքը գյուղացիների տնից անզեն աչքով է երևում, իսկ  կրակոցները հստակ  լսվում, նրանք փորձում են ամենօրյա կատակներով ու  զրուցներով չլսելու տալ դրանք։  Տան կիսատ թողած գործերը շարունակում են ու մեկը մյուսին ոգևորելով ապրում։   
 
 «Թողիս, շտե՞ղ քինաս․ Ես թողիմ, տու թողիս, նա թողե, պա հու՞ պիտի մնա Ղարաբաղ»։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 04 Հուլիսի 2022 15:15
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ