Նոյեմբերի 25, 2024

Երբ սիրելի զբաղմունքը ապրուստի միջոց է դառնում

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 13, 2022

Խաչատրյանների այգին կանաչ դրախտ է հիշեցնում։ Թութը հասել, արդեն թափվում է։ Այգում շատ ծառատեսակներ կան՝ նոր ընձյուղված։ Ելակի կանաչ թփերի տակից երևում են կարմրող hատաճտուղները, իսկ կանաչին նոր է ծիլ տալիս։ Գառնիկ և Շուշան Խաչատրյանները աշխատում են բանջարանոցում. լոլիկի սածիլները նոր են հողում դրել, պետք է ջրել։ Երկուսն էլ բարձրագույն կրթություն ունեն, բայց կյանքի բերումով մասնագիտությամբ երկար չեն աշխատել։ Գառնիկ Խաչատրյանը ծննդով Աշանից է, երկար տարիներ Աշխաբադում է ապրել, հայրենիք  վերադարձել՝   Արցախյան առաջին պատերազմից առաջ։ 

«Գյուղ եմ վերադարձել 1991-1992 թթ․, հիմնականում արցախյան հիմնախնդրի պատճառով։ Մասնակցել եմ պատերազմին, վիրավորվել, 2-րդ կարգի հաշմանադամ եմ։ Խորհրդային միության տարիներին աշխատել եմ որպես մեխանիկ, հետո կոլտնտեսության վարչությունում որպես հաշվապահի օգնական։ Խորհրդային միության փլուզումից հետո սկսել եմ զբաղվել սեփական տնտեսությամբ»։

 3 աղջիկներին ամուսնացրել, հիմա երկուսով են ապրում։ Այգու բերքը հերիքում է իրենց էլ, աղջիկների ընտանիքներին էլ։ Փոքրիկ այգում   գրեթե ամեն ինչ աճեցնում են։ Վերջերս էլ Կարմիր խաչը գյուղում ջերմատներ է տրամադրել, նրանց էլ է բաժին հասել։ Տիկին Շուշանն ասում է՝ լեզուն դեռ լավ չեմ հասկանում, բայց կամաց-կամաց սովորում եմ։ 

«Դեռ մինչև վերջ գլուխ չեմ հանում ջերմոցից, որովհետև ձմռանն ենք դրել, աշխատել չենք հասցրել։ Սկզբից կանաչեղեն ենք աճեցրել, հետո սերմը ցանել ենք, բոլոր այս սածիլները ես եմ աճեցրել։ Վարունգն արդեն քաղել ենք: Դե, 2 հոգի ենք, հերիքում է»։ 

Բանջարանոցում աշխատանքի բաժանում չեն անում, ով ինչ հասցնում՝ անում է։ Գառնիկ Խաչատրյանը անկեղծանում է՝ գործեր կան, որ կինն իրենից լավ է անում։ Ես շարքերն անում՝ մի կողմ եմ քաշվում, մնացածը տիկինն անում է. 

«Որ ես եմ լինում տանը, ես եմ անում, որ կինս է լինում, ինքն է անում։ Ես արխերն անում եմ մի կողմ քաշվում, մնացած գործերում «կամանդիրը» մեր տիկինն է։ Կարող է այնպես ստացվել, որ 2-3 օր ես չմտնեմ բանջարանոցը, տիկինը ջրում, քաղհանում  է»։ 

Խաչատրյանները փոքրիկ խանութ ունեն։ Բայց ապրուստի հիմնական միջոցը  բանջարանոցն է մնում:   Հողից շատ եկամուտ ստեղծել չես կարող՝ ասում է Գառնիկ Խաչատրյանը։  Իրացումն այստեղ  խնդիր է, այդ պատճառով էլ արտադրանքի ծավալների մեծացում չեն նախատեսում:  

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 14 Հունիսի 2022 07:30
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ