Շուրջ մեկ ժամ ճանապարհ և մենք Աշանում ենք: Հողոտ փողոցներում, սակայն, փոշի չկա, արևի տապը գյուղի կյանքը պահ է տվել տներում՝ երեկոյան վերադարձնելու խոստումով: Ծառերն են միայն, որ արևից փախչելու տեղ չունեն, գյուղի կանայք էլ՝ տան գործերից: 60-ամյա Տաթև Ղայամյանը ծառի շվաքում նստել ու խաշի պատրաստություն էր տեսնում։Հանգստյան օրերին էինք այցելել նրան, բայց ինչպես ասում է «իբրև սօր տանն ըմ, բայց մին րոպե տըղս նստալ չըմ»։
«Տանը հըպարապոթու՞ն կինի, տնային գործեր․ բոստաններ օնինք, պիտի մշակինք, հավ, կավ․ լօխ գործ ա»:
Տիկին Տաթևն արդեն 37 տարի է գյուղի բուժկետում է աշխատում․ բուժկետի վարիչն է, իսկ ընտանիքի հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։ Ապրում են գյուղացու սովորական կյանքով․ լի դժվարություններով ու հոգսերով։ Մենք մեր երեխաներին, հիմա էլ թոռներին փորձել ենք ամեն ինչով ապահովել․ այսօր ես ու ամուսինս շատ թե քիչ մոտ ենք մեր նպատակին՝ ասում է տանտիկինն ու ավելացնում՝ մեր տանն ամեն ինչ քրտինքով ենք վաստակել։
«Հինչքան ծնողնեն սաղ ինին՝ խոխեքը դժվարություն տըսնան չըն։ Օզում շատ համերաշխ ապրին»։
Մեր զրույցի ժամանակ տանտիկինը 3 հյուր ընդունեց․ նրանցից ամենամեծը 7 տարեկան էր։ Երեխաները եկել էին Տաթև տատիկի թոռան՝ 1 տարեկան Գաբրիելայի հետ խաղալու։
«-Էս մին աղջիկը հու՞վ ա, վեր ճինչեցե վեչ։ -Մարգարյանեն թոռնն ա։ -Հա, հա»։
Աշանում խաղահրապարակ չկա, երեխաները տներում, բակերում են խաղում: Իսկ այն տները, որտեղ փոքրիկներ կան, մագնիսի պես հավաքում են հարևան երեխաներին: Գյուղում աշխատատեղեր չկան, մարդիկ գյուղից դուրս այգիներում են աշխատում։ Բայց, ինչպես զրուցակիցս է ասում, գյուղում 7 խանութ ունեն, ուտելիքի, հագուստի պակաս չունեն։
«Դե լհա մինակ 7 մագազին օնինք, 5-ը ուտելքու 2 շորու, տրանպորտը կա մեքենան կա․․․»։
Գրեթե ամեն տարի Ղայամյանները ցորենի և գարու մշակությամբ են զբաղվում, տանտիկինը դժգոհ է այս տարվա բերքից․ ինչն էլ պակաս որ լիներ, ցորենն ու գարին մեզ գոհացնում էին, հիմա երբ դա էլ է քչություն անում, արդեն․․․։
«Գազը, լույսը ուտելիքը թանկ ա, գոնե որ ցորենը մենք մեր արտից ստանայինք, ապահով կլինեինք։․․․»
Զրուցակիցս ամբողջ կյանքը այստեղ՝ Աշանում է ապրում: Փոքրիկ երեխա էր, երբ գյուղի սողանքները նրանց ժայռերից՝ Հին Աշանից հարթավայր՝ Նոր Աշան են բերել։ Այստեղ ծառեր շատ կան, հարթավայրային քամին թույլ է փչում, իսկ սողանքներից վախեցած ծառերն այսօր ավելի ամուր են գրկել հողը, այն խնամողներն՝ էլ ավելի։