Եթե հետաքրքրված եք IT-ոլորտով և ցանկանում եք դառնալ աշխարհում պահանջված մասնագետ, ապա այլևս պարտադիր չէ մտածել արտերկրում կրթություն ստանալու մասին։ Բավական է միայն գրանցվել «Մունք»-ում, լինել աշխատասեր և լիովին անվճար ստանալ ձեր երազանքների մասնագիտությունը։ Թե ինչպես «Ես»-ը դարձավ «Մունք» և ստեղծվեց Հաղորտիի «Մունք» տեխնոդպրոցը, արդեն պատմել ենք։ Իսկ հիմա ավելի մանրամասն կպատմենք «Մունք» տեխնոդպրոցի առաջակած գիտելիքների ու հնարավորությունների մասին։ «Մունք»-ի առաջին փուլը «Բացահայտումն» է։ Բայց ոչ թե շահառուներն են գալիս տեխնոդպրոց, այլ մասնագետներն են շրջում գյուղերով, բացահայտում ապագա սաների ընդունակություններն ու հմտությունները՝ ասում է «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը։ Եվ հենց «Բացահայտում» փուլը հաղթահարելուց հետո են պատանիներն ու աղջիկները հնարավորություն ստանում հաճախել տեխնոդպրոց։
«Բացահայտում փուլի կոնցեպտը ունիկալ է։ Մենք չենք կարողացել գտնել կադր, որը բոլոր կետերով կհամապատասխաներ առնվազն խմբակավարի հաստիքին։ Այդ իսկ պատճառով մեր բոլոր մասնագետներին պատրաստել ենք մենք։ Մեր կրթական համակարգի շատ կարևոր սկզբունքային դրույթները, որ գալիս է մտածելակերպից, արժեհամակարգից և այլն, շատ ունիկալ է։ Որովհետև մոդելը դաստիարակում է առաջին հերթին մարդ, քաղաքացի, հայ, ով այստեղ ապրելու է։ Եթե տարիքային ասենք, միջինում 14-16 տարեկանները կարող են դառնալ շահառու։ Բայց քիչ դեպքեր ունենք երբ ավելի փոքր տարիքում, որովհետև ծրագիրը, առհասարակ, սկսվում է 11-12 տարեկանից։ Առաջին փուլը տևում է շուրջ 2 տարի»։
Հուլիսի 2-ին մեկնարկելու է ամենամեծ կրթական միջոցառումը՝ «Մունք» տեխնոճամբարը։ «Մունքը» իր բոլոր շահառուներին հավաքում է մի կետում։ Ճամբարի ամբողջ ընթացքը լինելու է կրթական։
«Ամփոփվելու է այն, ինչ սովորել են այս ընթացքում և դեռ պետք է սովորեն։ Սա կլինի հնարավորություն տարին ամփոփելու և որոշում կայացնելու հետագա մասնագիտության առումով»։
«Մունք»-ը գործունեությունը սկսում է չորս ուղղություներով՝ ծրագրավորում, դիզայն, ռոբոտաշինություն և մարքեթինգ, որոնց ընտրությունը, իհարկե, կատարելու է մասնակիցը: Արդեն 6 շահառու համայնք ունեն, առաջիկայում նախատեսում են դրանց թիվը մեծացնել ևս մի քանիսով։ Արդեն օգօստոսին «Մունքի» միկրոավտոբուսը կշրջի շրջանի գյուղերով և երեխաներին կբերի տեխնոդպրոց։
«Տեխնոճամբարից հետո՝ երբ սկսվեն դասերը, ավտոբուսը շրջելու է ամբողջ շրջանով և, ըստ մասնագիտությունների և ժամերի, նրանց բերելու է դպրոց՝ մասնագիտական դասընթացներին մասնակցելու համար»։
Տեխնոդպրոցի գործարկումից հետո այնտեղ կկարողանան կրթություն ստանալ շուրջ 100 երիտասարդ, իսկ «Ես» կրթական նախագծի շահառուների թիվը կհասնի 280-ի: Առաջիկա հինգ տարվա ընթացքում պատրաստվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների շուրջ 270 նոր մասնագետ։