Նոյեմբերի 22, 2024

«Ես»-ից «Մունք»։ Հաղորտիում բացվել է «Մունք» տեխնոդպրոցը։

By Վիկտորյա Սարգսյան Հունիսի 19, 2022

Ինչ է անհրաժեշտ  երիտասարդին մրցունակ լինելու,  միևնույն ժամանակ  հայրենիքում ապրելու համար։  Անհրաժեշտ է հայրենիքում ստեղծել ժամանակակից աշխարհի հնարավորությունները՝ զարգանալու, կայանալու համար։  Հենց այս գաղափարով էլ Աշոտը Ավանեսյանը,  կինն ու իրենց փոքրիկ թիմը ստեղծեցին «Ես» կրթական ծրագիրը և շարժական լաբերով սկսեցին շրջել Արցախի տարբեր համայնքներով։ Փոքրիկ թիմը մեծացավ, նպատակները՝ նույնպես։ «Ես»-ը դարձավ «Մունք»,  ծնվեց նաեւ  «Մունք» տեխնոդպրոց ունենալու գաղափարը։  Տեխնոպարկի կառուցման համար Հաղորտիի գյուղապետարանը համայնքային սեփականությունից հիմնադրամին անհատույց տրամադրել է շինություն՝ որը նախկինում հիվանդանոց էր, այնուհետև մանկապարտեզ ։ Կենտրոնի ստեղծման և գործունեության առաջիկա մեկ տարվա  ծախսերն ապահովելու համար պահանջվել է մոտ 67 մլն դրամ։ Հարյուրավոր անհատներ և կազմակերպություններ միավորվեցին «ռեԱրմենիա» հարթակում՝ հավաքելով «Արցախի «Մունք» տեխնոդպրոց» նախագծի ողջ գումարը և դեռ ավելին՝ 69 միլիոն դրամ։ «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանի խոսքով՝ գումարի մեծ մասը ծառայեց տեխնիկական սարքավորումների ձեռքբերմանը։ 

«Մյուս մասը ուղղվել է վերանորոգմանը։ Սկզբից վերնորոգման ծախսերը մի փոքր քիչ էինք նախատեսել։ Մեզ համար կարևոր էր՝ ջուր չկաթի, լույս լինի։ Հետո երբ սկսեցինք,  հասկացանք որ նաև շատ կարևոր է միջավայրը․ գույները, կահավորվածությունը, և սպասվածից մի փոքր ավել  ծախսեցինք։ Եվ այսօր արդեն սկսում ենք մեր գործունեությունը։ Դեռ մեկ տարվա ամբողջ գործունեության գումարն ունենք»։

 Հաջորդ տարվա մասին արդեն սկսել են մտածել։ Բայց այդ  մասին՝ հետո։ Աշոտի և Լուիզայի տեխնոդպրոց կառուցելու գաղափարը այնպիսի ոգևորություն առաջացրեց Հաղորտիում, որ գյուղացիները պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու կառուցման ողջ ընթացքին, իսկ արտերկրում ապրող հաղորտեցիները սկսեցին նվիրաբերություններ կատարել: Նույն ոգևորությամբ էլ եկել էին տեխնոդպրոցի բացմանը։ Ասում են՝ գյուղը դեռ այսքան շատ հյուրեր չի ունեցել։ Քայլում ենք տեխնոդպրոցի տարածքով։ Լուսավոր, գեղեցիկ, գույնզգույն պատերով սենյակներ՝ կահավորված ժամանակակից գույքով ու տեխնիկայով։ Միանգամից ուշադրություն են գրավում դասասենյակների անվանումները։ Աշոտ Ավանեսյանը պատմում է։ 

«Դրամահավաքի ժամանակ մենք որոշեցինք՝ ով, որ 2,5 մլն դրամից ավել նվիրաբերություն կատարի , շենքում ինչ որ սենյակ իր կամ իր կազմակերպության անունով կկոչենք։ Ամենառաջիններից մեկը եղավ «Մանթաշով» գործարարների միությունը, ամենխոշոր նվիրաբերությունը կատարեց «Ավրորա» մարդսիրական նախաձեռնությունը։ Եվ ամենակարևորը՝ հենց Հաղորտու աշակերտները՝ իրենց գործընկեր կազմակերպությունների հետ միասին կատարեցին 2,5 մլն դրամի նվիրաբերություն։ Մյուս  խոշոր նվիրաբերությունը կատարեց Արցախի կառավարությունը   և մեկ դասասենյակ անվանեցինք հենց «Արցախ»»։

 Դավիթը «Ես» կրթական ծրագրի շրջանակներում Խնուշինակի իրենց դպրոցում սովորում էր դիզայն։ Ընկերների հետ 3D մոդելավորման դասընթացն ավարտելուց հետո, որոշեց հիմնել ստարտափ և զբաղվել 3D խաղալիքների արտադրությամբ։ Այդպիսով սկսեցին «Բուլդի» խաղալիքների արտադրությունը։ 

«Ստեղծել ենք այս տարի և արտադրում ենք 3 D խաղալիքներ։ Տեխնոդպրոցի բացվելուց հետո կգամ և կսովորեմ այստեղ, ուզում եմ ուսումնասիրել ծրագրավորում և դիզայն։ Կարող եք գալ «Ես» ու ընտրել ձեր մասնագիտությունը, նոր ծանոթություններ ձեռքբերել։ Ձեր կյանքը 180 աստիճանով կփոխվի՝ դեպի լավը»։ 

«Genesis Armenia» ուղեղային կենտրոն-հիմնադրամը առաջիններից էր, որ հավատաց այս գաղափարին։ Շատ կարևորելով տեխնոլոգիական առաջընթացը՝ մենք միանգամից համագործակցության եզրեր գտանք և աջակցեցինք «Ես» հիմադրամին տարբեր նախաձեռնություններում՝ ասում է «Genesis Lab»-ի համակարգող Արման Հայրապետյանը։ 

«Շատ կարևորում ենք այս նախաձեռնությունը, որովհետև կարևոր է ոչ միայն գյուղում ապրել, այլև արարել։ Գյուղում պետք է աշխատել և տեխնոլոգիական ուղղություններով աշխատելով, հենց գյուղում մնալով ավելի կամրացնենք այն։ Շատերը հաճախ սովորում են նոր մասնագիտություններ և լքում իրենց բնակավայրերը։ Կարևոր է հենց գյուղում ստեղծել պայմաններ, որ մադրիկ սովորեն և մնան այստեղ»։ 

Հուլիսի 2-ից կսկսվի նախագծի առաջին՝ «Բացահայտում» փուլը, որի դեպքում մասնագետները շրջում են գյուղերով և  բացահայտում շահառուների ընդունակությունները, հմտությունները, որից հետո նրանք հնարավորություն են ստանում ընդունվել տեխնոդպրոց: «Մունք»-ը գործունեությունը սկսում է չորս ուղղություներով՝ ծրագրավորում, դիզայն, ռոբոտաշինություն և մարքեթինգ, որոնց ընտրությունը, իհարկե, կատարելու է մասնակիցը: Շահառու կարող են դառնալ 14-16 տարեկան պատանիներն ու աղջիկները։ Հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը ընդգծում է՝ մեկ տարի հետո կունենանք 30-40 կայացած մասնագետ: Տեխնոդպրոցը միանշանակ ընդլայվելու է՝ ասում է զրուցակիցս։ Տեխնոդրպրոց ունենալը նպատակ չէր, այն գործիք է ավելի մեծ ու աշխարհագրություն չունեցող խնդիրներ լուծելու համար։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ