Միքայել Քարամյանը Արցախի Հադրութ քաղաքից է։ Երկար տարիներ այնտեղ զբաղվել է ջերմոցային տնտեսությամբ, հիմնադրել բիզնես, որն իրեն ոչ միայն բավարար եկամուտ էր բերում, այլև մեծ բավականություն պատճառում, քանի որ սիրում է այդ գործը, հետևում ոլորտի նորարարություններին, ուսումնասիրում միջազգային փորձը, ինքն անձամբ փորձարկումներ անում։ Պատերազնի պատճառով տարհանվել է՝ հայրենի Հադրութում թողնելով շահավետ բիզնեսը։ Երիտասարդը չի սիրում, երբ իր ու իր հայրենակիցների նկատմամբ տարհանված եզրույթն են կիրառում; հուսահատությունը խորթ է իրեն․ պատերազից հետո վարձակալել է Ասկերան քաղաքում անգործության մատնված ջերմոցներից մեկը և հիմա այնտեղ բանջարեղեն է աճեցնում։ Ընկերոջ հետ։
«Շատ հետաքրքիր ու շահավետ բիզնես է։ Դեռևս հնարավորությունները քիչ են, տարածքը փոքր։ Եթե հաջողվի ընդլայնվել, և՛ նոր աշխատատեղեր կապահովի, և՛ եկամուտ, և՛ ինքնաբավ կլինենք գյուղատնտեսական մթերքներով։ Բիզնեսը սկսել ենք ընկերոջս հետ, վարկային միջոցներով»։
Կարճ ժամանակում բիզնեսը սկսեց եկամուտ տալ։ Բայց տարածքը փոքր է։ Գյուղմթերքի պահանջարկը Արցախում մեծ է, իրացման խնդիր ձեռնարկատերը չի տեսնում։ Ընկերները սկսեցին այլ տարածքներ փնտրել՝ նոր ջերմատներ կառուցելու և ծավալներն ավելացնելու համար։ Տեղն արդեն կա, սպասում են պետական աջակցության՝ բիզնեսն ընդլայնելու համար։
«Ունեինք մոտ 2000 քառ․ մետր, 1000-ն էլ ավելացրել ենք մեր ուժերով։ Հովսեփավանում 2500 քառ․ մետր տարածքի վրա նոր ջերմոց ենք կառուցում։»
Նոր ջերմատնային տնտեսություն կառուցող անձանց պետության կողմից անհատույց տրամադրվում են ֆինանսական միջոցներ։ Ջերմատներում հիմնականում զբաղվում են խառը բանջարեղենի արտադրությամբ, որոշ ջերմատներում ելակի և վարդերի մշակությամբ։ Միքայել Քարամյանի ջերմոցում մեր այցելության պահին վարունգ էր աճեցված։ Բայց դա դեռ սկիզբն է։ Խոստումնալից սկիզբը։ Առաջին բերքը ստացել են 6 ամիս առաջ, շուտով երկրորդ բերքահավաքը կանեն։ Ընդհանրապես, ջերմոցային տնտեսությունների զարգացումը գյուղոլորտի զարգացման համատեքստում հեռանկարային է դիտարկում։
«Պոմիդոր, բիբար, լոբի, վարունգ։ Տարածքը եթե թույլ տա, ամեն ինչ կցանենք։ Հնարավոր է այնպես անել, որ դրսից ոչ մի գյուղմթերք չբերենք։ Այդ հնարավորությունն Արցախն ունի։ Գյուղատնտեսության մյուս ճյուղերը դժվար է այս պայմաններում զարգացնել, դրա համար ակցենտ պետք է անել հենց ջերմոցային տնտեսությունների վրա»:
«Պետք է հասնել նրան, որ տեղական գյուղմթերքը բավարարի գոնե ներքին սպառման պահանջարկը,-ասում է մեր զրուցակիցը,-և մենք ծավալները ավելացնելու խնդիր ենք դրել»։ Տարհանված Միքայել Քարամյանը հիմա 8 աշխատատեղ է ապահովում Արցախում, Ստեփանակերտում գյուղմթերքի փոքրիկ խանութ է շահագործում։ Բիզնեսի ընդլայնմանը զուգահեռ կավելանան նաև աշխատատեղերը։ Ջերմոցը մշակում են երկու բանվոր, որոնք տեղահանվելով Քաշաթաղի շրջանից բնակություն են հաստատել Ասկերանի շրջանում։
«Իգիթյան Զարուհին եմ, Քաշաթաղի շրջանից տեղահանվել եմ, հիմա ապրում եմ Վարդաձորում, լավ հադրութեցի մարդկանց եմ հանդիպել, ինձ աշխատանք են տվել, գոհ եմ։ Հունվարին վարունգը ցանել ենք, գազի անջատումը, ձյունը խնդիրներ առաջացրին, բայց պահեցինք։ Հակոբյան Արայիկն եմ, Քաշաթաղի Միջնավան քաղաքից։ Օրավարձով եմ աշխատում։ Օրական 5000 դրամ եմ վաստակում։ Եվ հաճույքով եմ անում իմ աշխատանքը»:
Նվեր Գաբրիելյանն Ասկերանից է։ Գյուղոլորտում գործունեության 15 ամյա փորձ ունի։ Մինչ պատերազմը ջերմոցներ էր կառուցում Ակնայի տարածքում։ Չհասցրեց ավարտել։ Անցյալ տարի ձեռնամուխ եղավ նոր, ժամանակակից ջերմոցների հիմնադրմանը՝ հայրենի քաղաքում։ Սկսել է սեփական միջոցներով, այնուհետև ստացել նաև պետական աջակցություն։ «Այս գործում չարչարանքը շատ է, բայց այն անարդյունք չի անցնում»,-ասում է։ Բանջարեղեն են աճեցնում։ Պոմիդորի, բիբարի նոր սորտեր փորձարկում։
«1300 մ քառ տարածք է կազմում իմ ջերմոցը։ Մշակում ենք բանջարեղեն։ Գերժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմոց է։ Ունեմ նաև բացօթյա հողատարածքներ։ Իմ աճեցրած գյուղմթերքն արդեն շուկայում է։ Սածիլներն այս տարի Հայաստանից բերեցինք, բայց այս տարի արդեն կունենամ սեփականը։ Ընդամենը մեկ տարի է, որ սկսել ենք շահագործել ջերմոցը։ Առաջիկայում կողքին նոր ջերմոց կունենանք»:
Ջերմոցային տնտեսությունների արդյունավետությունը գյուղատնտեսության զարգացման համատեքստում արդեն հասցրել են շոշափել ինչպես ոլորտի պատասխանատուները, այնպես էլ բնակչությունը։ Նախորդ տարի անհամեմատ աճել է ջերմոցների տված արտադրանքը։ Բնակչության զգալի մասն էլ, ովքեր ուզում են զբաղվել գյուղատնտեսությամբ, նախապատվությունը տալիս են ջերմոցային տնտեսությամբ զբաղվելուն։